Կոշկակարը չի ուզում «նարկոզ» տալ կոշիկներին. նա այլ առաջարկ ունի
Վազգեն Մուսայելյանը խոսելիս բառերը դժվարությամբ է արտաբերում, բայց ամեն ինչից գլուխ է հանում․ սանտեխնիկ է, կոշկակար: Հումորով, կոլորիտով մարդ է: Պատմում են, որ տարիներ առաջ պաշտոնյաներից մեկի տանը զուգարանակոնք տեղադրելուց տանտիրոջ որդուն համոզում է, որ դրա համար կադաստրից թույլտվություն է պետք: Տղան շտապում է կադաստր, որտեղ, չմտածելով, որ հումոր է, նրան ուղարկում են…նոտարի մոտ:
Մեկ ուրիշի տանն էլ, ձեռքը վերցնելով նոր լվացարանը, դիմում է տանտիրուհուն. «Սա փչացած է, տակը ծակ է»: Տանտիրուհին շվարած զանգում է ամուսնուն, թե արի տար, փոխի:
Տարվա մեջ միայն նոր տարուն է, որ Վազգենը չի աշխատում: «Էնքան գործ կա, հինչ պրազնիկ, հինչ գիրագի…»,-ասում է նա: Բոլորի նման նա էլ առիթը բաց չի թողնում, որ մի քանի բաժակ տնական գինի խմի ու կենացներ շռայլի եկող-գնացողին: Թթի արաղն էլ վատը չի, բայց, ըստ նրա, կենացի համար «գինին ավելի պատվելի է»:
Այս անգամ նոր տարվա առթիվ հատուկ մաղթանք ունի. «Էսքան կոշիկ սարքիլ կինի՞, մին-մին էնքան մաշված կոշիկ են պիրում, վեր պետի նարկոզ տաս, վեր էդ կոշիկը կարես: Թող եկող տարի էս նաչալնիկները ժողովրդին կարգին աշխատավարձ, թոշակ տան, վեր աման մինը իրան հետի լհա մի ճողթ կոշիկ առնի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել