2013թ. տնտեսական կարևորագույն 10 իրադարձությունները
- Տնտեսական աճ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա ընթացքում անընդհատ նվազել է և նոյեմբերի դրությամբ կազմել 3,1%: Այնինչ բյուջեի հիմքում դրված էր ՀՆԱ 6.2% աճի կանխատեսում, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ի ասուլիսում կառավարությունից պահանջեց 7% աճ: Տարին դեռ չի փակվել, սակայն ակնհայտ է, որ ՀՆԱ աճն անհամեմատ ցածր կլինի կառավարության կախատեսումներից: Դանդաղել է աճը ծառայությունների և արդյունաբերության ոլորտում, իսկ շինարարությունում գրանցվել է անկում:
- Բարձր գնաճ: Գների աճը տարվա ընթացքում բարձր էր՝ տարին փակվեց 5,6% գնաճով, ինչը գերազանցում է թույլատրելիության 4+-1,5% միջակայքը: Օգոստոս-սեպտեմբերին գնաճի մակարդակը բարձր էր նույնիսկ 9%-ից: Արդյունքում՝ գնաճի տեմպը գերազանցել է աշխատավարձի տեմպին, տեղի է ունեցել իրական եկամուտների անկում: Հուլիսի 7-ից բարձրացվեցին էլեկտրաէներգիայի ու գազի մանրածախ գները, ինչը, ըստ ԿԲ-ի գնահատականների, 3 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր գնաճին:
- Գազային ինտրիգներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Երևան այցի ընթացքում համաձայնություն ձեռքբերվեց «ՀայՌուսգազարդի» Հայաստանին պատկանող 20% բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու շուրջ: Գործարքը գնահատվեց 155 մլն դոլար: Ռուսական կողմը պարտավորվում է առաջիկա 5 տարիների ընթացքում կայունացնել Հայաստանի գազամատակարարումը, իսկ գնագոյացումը տեղի կունենա Ռուսաստանի ներքին գներին համահունչ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ անցած 3 տարիների ընթացքում Հայաստանը գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմին» պարտք է մնացել 300 մլն դոլար, ու այդ պարտքը, իբր, գոյացել է գազի գների անընդհատ բարձրացման արդյունքում: Այնինչ՝ պաշտոնապես Հայաստանը գազ ստանում էր 1000 խոր. մետրը 180 դոլարով(մինչև հուլիսի 1-ը), և 189 դոլարով (հուլիսի 1-ից հետո): Սակայն կառավարությունն այդպես էլ չկարողացավ հիմնավոր բացատրություններ տալ, թե ի՞նչ իրավական հիմքի վրա է Հայաստանը պարտքեր կուտակել «Գազպրոմին», եթե «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռով նման պարտքեր չկան:
- «100 դրամ» շարժումը: Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից հետո Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ հանրային տրանսպորտի թանկացմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կագադրությամբ օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտի սակագինը պետք է թանկանար 50 դրամով և կազմեր 150 դրամ: Սակայն երիտասարդական հուժկու շարժումը, որին պայմանականորեն անվանեցին «100 դրամ», ստիպեց քաղաքապետին՝ հետաձգել տրանսպորտի թանկացման ծրագրերը: Քաղաքապետարանում ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝սակագնի թանկացումը հիմնավորելու համար, սակայն տարվա ընթացքում այդպես էլ բավարար հիմնավորումներ չներկայացվեցին: Երթուղային տաքսիների սեփականատերերը պարբերաբար հանդես եկան սպառնալիքներով՝դադարեցնել ուղևորափոխադրումները սակագները չբարձրացնելու պարագայում:
- Կուտակային պարտադիր կենսաթոշակի ներդրում: Կենսաթոշակային նոր համակարգը պետք է գործի 2014 թ. հունվարի 1-ից, սակայն 2013 թ. վերջերին բողոքի շարժում սկսվեց այդ համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ: Բողոքը սկիզբ առավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, սակայն միավորեց նաև այլ ոլորտներիաշխատակիցներին: Հայաստանը հրաժարվում է սերունդների համերաշխության սկզբունքից, և կտրուկ անցում կատարում մասնավոր կուտակային համակարգին: Մինչև 40 տարեկան անձինք իրենց աշխատավարձից պետք է 5% մասհանում կատարեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին կավելացվի ևս 5% պետության կողմից: Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ ընտրվեցին հայ-ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և գերմանական կապիտալով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները: Սոցիալական ներկա բարդ պայմաններում 5% լրացուցիչ մասհանումը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Որոշ մասնավոր ընկերություններ ստիպված եղան 5% բարձրացնել աշխատավարձերը՝ դժգոհություններից խուսափելու համար: Դեկտեմբերին Հայաստանի Փաստաբանների պալատը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային բաղադրիչը, հարցը տեղափոխվել է Սահմանադրական դատարանի վարույթ:
- Վերահսկիչ պալատի բացահայտումները: Տարվա սկզբում ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակեց պետական բյուջեի վերահսկողության արդյունքները: Ներկայացնելով հաշվետվությունների արդյունքները ՀՀ Ազգային Ժողովում՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ պետական բյուջեի 70%-ը ենթակա է կոռուպցիոն ռիսկերի: Թեև այս հայտարարությունը խստորեն քննադատվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այնուամենայնիվ Ի. Զաքարյանն այնուհետ վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում:
- Ավիացիա: Տարին վճռորոշ էր ավիացիայի համար: Ապրիլի 1-ից ազգային փոխադրող ճանաչված «Արմավիան» դադարեցրեց թռիչքները և հայտարարեց սնանկության գործըթնաց սկսելու մասին: Թեև ընկերությունը սնանկ չի ճանաչված, գործնականում այլևս գոյություն չունի: Հոկտեմբերին ՀՀկառավարությունն ընդունեց բաց երկնքի քաղաքականությունը հաստատող ծրագիր՝ամերիկյան McKinsey & Company ընկերության խորհրդատվությամբ: Ըստ այդմ՝ցանկացած ավիաընկերություն կարող է դեպի Հայաստան չվերթներ իրականացնել: Առայժմ կանոնավոր չվերթներ է իրականացնում 1 հայկական ավիաընկերություն՝«Էյր Արմենիա»:
- Եվրաբոնդերի թողարկում: Սեպտեմբերին Հայաստանը 700 մլն դոլարի պարտատոմսեր թողարկեց միջազգային ֆինանսական շուկայում: Սա Հայաստանի առաջին նմանատիպ փորձն էր: Պարտատոմսերը թողարկվեցին 6% եկամտաբերությամբ՝ մեծ պահանջարկ վայելելով հատկապես ԱՄՆ-ում: Ստացված միջոցներն օգտագործվեցին Ռուսաստանի նկատմամբ 500 մլն դոլարի պարտքը փակելու համար:
- Առաջին ազատ տնտեսական գոտին: Օգոստոսին հայտարարվեց առաջին ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին: Այն տեղաբաշխված է «ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում և «ԵրՄՄԳՀԻ»-ում (Մերգելյան ինստիտուտ): Կազմակերպիչն է «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը: Ազատ գոտում գործունեություն ծավալելու իրավունք կստանան էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները:
- Կարկտահարությունը Արմավիրի մարզում: Մայիսին աննախադեպ ուժեղ կարկտահարություն տեղի ունեցավ Արարատյան դաշտում: Հատկապես մեծ վնասներ կրեցին Արմավիրի մարզի 41 համայնքներ: Հայաստանի հակակարկտային համակարգն անպատրաստ էր նման մասշտաբային կարկտահարության հանդեպ: Չնայած հսկայական վնասներին՝ գյուղատնտեսության ոլորտում վիճակագրությունը գրանցեց որոշակի աճ նախորդ տարվա համեմատ:
Լուսանկարը` www.businessinsider.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել