HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղի «անկենդան» հողերում 15 եւ ավելի տարիներ հետո ցանքս է կատարվել

Արփինե Մինասյան

Ծովագյուղ համայնքի վարելահողերը 15 եւ ավելի տարիներ անմշակ են մնացել: 2012թ. համայնքապետարանը գարնանացան գարու համար վարել է 100-120 հա հողատարածք, իսկ 2013թ.-ին արդեն 2-րդ անգամ վարել է 300 հեկտար հողատարածք: Համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը հայտնեց, որ 35 տոննա գարնանացան գարի են ցանել: Համայնքում գյուղատնտեսությունն ու անասնապահությունը զարգացնելը, հողերի էռոզիայի դեմ պայքարը նախատեսված է համայնքի 2013-2016թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրով:

Գարու 20 տոննա սերմը Գեղարքունիքի մարզպետարանն է տրամադրել, եւս 15 տոննա՝ համայնքապետարանն է ձեռք բերել: Երկու դեպքում էլ գարին 200 դրամ  արժեր: Վ. Գեւորգյանի խոսքերով` մարզպետարանը տրամադրել է նաեւ սուբսիդավորված դիզվառելիք (սոլյարկա` լիտրը 350 դրամով): Համայնքապետի հաշվարկով` մեկ տնտեսության հաշվով 1 հա վարած-ցանածի գումարն արժեցել է 110 հազար դրամ« որի մեջ մտնում է սերմի, դիզվառելիքի, վարուցանքի, բանվորի գները: «Քանի որ 15-18 տարի մեր հողերը չեն մշակվել, 2 անգամ ենք վարել: 1 հեկտարի համար ծախսվել է 50 լ սոլյարկա, ցանել ենք 250 կգ գարու սերմ: Ուրիշ գյուղերում, եթե վարի գինը 1 հեկտարի համար 40.000 է էղել, մեր մոտ հաշվել ենք 22.000 դրամ»,-տեղեկացրեց Վահրամ Գեւորգյանը` հավելելով, որ համայնքի բյուջեից ներդրում չկա, աշխատանքները կատարվել են իր անձնական ներդրումով եւ Գեղարքունիքի մարզպետարանի տրամադրած դիզվառելիքով ու սերմերով:

«Համայնքի բյուջեն հնարավորություն չէր տա վար ու ցանք անել, հետո գումարները հավաքել, մուտքագրել բյուջե: Մենք լրիվ աշխատանքները կատարել ենք, գյուղացուն մնացել է վճարել կատարված աշխատանքի դիմաց ու տնօրինել իրեն հասանելիք գարին: Կային մարդիկ, ովքեր իրենց գարուց որոշ չափով վաճառեցին ու մեր գումարները վճարեցին, մարդիկ էլ կային, ովքեր հրաժարվեցին բերքից, թողեցին համայնքապետարանի հայեցողությանը»,- մանրամասնում է Ծովագյուղի ղեկավարը: 

Վերջինիս խոսքերով` գյուղի 80%-ը վար ու ցանքի ժամանակ մտածել է հրաժարվել բերքից, բայց համայնքապետարանում բացատրել են, որ բերքից հրաժարվելով հողատերը տուժում է: «Էդ մարդիկ հասկացան, որ մենք ճիշտ ենք ու իրենց բերքին տեր կանգնեցին: Գյուղի մոտավորապես 10%-ն է գարու բերքից հրաժարվել, մենք էլ  վաճառել ենք, ծախսերը հաշվարկել, դուրս ենք հանել, օգուտն էլ 50:50 տարբերակով կիսել ենք հողատիրոջ հետ»,- ասում է պրն Գեւորգյանը:

Համայնքի ղեկավարը գոհ է գարնանացանի բերքից, գարու բերքն իրենց նախատեսածից էլ ավելին է եղել: 1 հա հողատարածքից ստացվել է 2-3 տոննա բերք: Գյուղի բնակիչներից մի քանիսը եւս գոհ են գարու բերքատվությունից, նշում են, որ եթե համայնքապետարանը չզբաղվեր վար ու ցանքով, իրենք գարու ու ցորենի ցանքսով չէին զբաղվի:

Գարնանն ու ամռանը գարու 1 կգ-ն արժեր 170-200 դրամ: Գյուղի բնակիչներից շատերն իրենց բերքի մի մասն այդ ամիսներին են իրացրել, մնացածն էլ ամբարել են անասնակերի ու գարնանացանի համար:

Ովքեր տեր են կանգնել գարու բերքին, ըստ Վահրամ Գեւորգյանի, պարտավորվել են նախապես վճարել նաեւ աշնանացանի համար: Իսկ նրանք, ովքեր բերքը թողել են համայնքապետարանին, վճարելու պարտավորվածություն չեն ունեցել: «Աշնանացանի համար 1 տնտեսությունը 110 հազարի փոխարեն վճարել է 92 հազար դրամ, քանի որ էս դեպքում հողը մի անգամ ենք վարել: Կան մարդիկ, ովքեր գարնանացանի բերքը տարել են, բայց չեն վճարել, այդ պատճառով աշնանացան ցորենի բերքը իրենց չենք տա, որ դաս լինի նաեւ մյուսների համար»,- ասում է Վ. Գեւորգյանը` տեղեկացնելով, որ 33 տոննա 400 կգ աշնանացան ցորենն ամբողջությամբ տրամադրել է մարզպետարանը` 160 դրամով: Ցանել են 100 հա-ի չափով:

2013թ. հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստի ընթացքում մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացրած հաշվետվությունում նշվում է, որ 2012թ.-ի համեմատ 2013թ. հացահատիկի բերքն աճել է 3,3%-ով: 2012-13թթ. ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է 10 մլն 146 հազար 985 լիտր սուբսիադավորված դիզվառելիք, 9698 տոննա ազոտական պարարտանյութ, 909,4 տոննա 1-ին վերարտադրության եւ 156 տոննա էլիտային աշնանացան ցորենի, 84 տոննա գարնանացան գարու եւ այլ սերմեր: Մարզպետը շեշտել է, որ վերջին 2 տարիների ընթացքում համայնքներում յուրացվել եւ ցանքաշրջանառության մեջ են մտցվել ավելի քան 2000 հա տարիներով անմշակ թողնված վարելահողեր, զգալիորեն ավելացել է պարենային եւ սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը: Այս տարի մարզում արտադրվել է ավելի քան 120 հազար տոննա հացահատիկ: Ռ. Գրիգորյանը նաեւ նշել է, որ 12 համայնքներ ձեռք են բերել գյուղտեխնիկա:

Ծովագյուղ համայնքը 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին համայնքային բյուջեի միջոցներով 3 մլն 900 հազար դրամով 1 կոմբայն է ձեռք բերել: Թե ինչ արդյունք կտա աշնանացան ցորենի ցանքսը՝ 2014թ. աշնանը կտեսնենք: Համայնքապետը լավատես է. «Մեծերի ասելով` ցորենի բերքը լավ է լինելու, սերմացուն էլ լավն էր, տեղական սորտի էր»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter