HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրաֆն ու Մարգուշը

Իմ օրը սկսվում է Գրաֆ շան ու Մագուշ կատվի համար ճաշ եփելով: Նրանց կերածն ի~նչ... առաջինը վերմիշելով մի սուպով ու մի քանի ոսկորով կշտանում է և ամբողջ օրն անկապ, պարապ պտտվում իր տեղում, երկրորդն էլ սպասում է կաթսայի տակին մնացած իր բաժնին (թե որ մեր կատվին հարսանիք անեինք, հաստատ անձրև կգար էդ օրը. ես չեմ ասում, ժողովրդական խոսք է): Հետո նրանք նստում են՝ մեկն աստիճաների ներքևում, երկրորդը՝ վերևում, ու թեպետ աչքով աչք չունեն իրար հետ, միևնույն է, երկուսի աչքն էլ ճամփին է:

Շունը հազվադեպ է հաչում, ոչ թե նրա համար, որ կերածն ի~նչ է, որ ինչ հաչի, այլ անցնող-դարձող չկա փողոցում (եթե չհաշվենք փողոցի վերևում գտնվող մեռել տեղափոխող ավտոն): Մարգուշն էլ մի առանձնապես գործ չունի. մուկ պիտի լինի մարդկանց նկուղներում, որը յուղ ու մեղրի, ցորենի վրա կգար. որ լիներ, փողոցում անցնող-դարձող կլիներ, էլ ինչո՞ւ պիտի հարևանի ջահել հարսները, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի են մեկնել, առավոտ շուտ ձենները գլուխը գցած կանչեին՝ Ալե~ն, Արե~ն, Լիա~...:

Առաջ ասում էին. «Պապան որ եկավ, խաբար եմ տալու, տես գլուխդ ինչ կբերի, կսատկացնի»: Հիմա երևի հույսները կտրել են, որ միևնույն է, իրենց ամուսինները հազիվ թե վերադառնան ռուսաստաններից, վախեցնելու ուրիշ միջոց են գտել. «Պապան որ փող ուղարկեց, քեզ համար սպարտիվկա չեմ առնելու»:

Երեխեքը, սակայն, էս սպառնալիքից չեն ազդվում: Մի օր, երբ Նելլին հերթական անգամ ահաբեկում էր, որ հերն էկավ՝ կսատկացնի, նրա՝ այն ժամանակ հինգ տարեկան տղան քթի տակ մրթմրթաց. «Թող գա ու սատկացնի»: Իսկ Լիայի համար պապան ամսվա վերջում գալու է, թե ո՞ր ամսվա, էդ չի ասել:

Նրա պապ Համոն, ում երկու որդիներն արդեն քանի տարի, Հայաստանում չեն, սկսել է խոհանոցը նորոգել. «Տղերքն են փող ուղարկում»,- կարծես արդարանում է վաթսունը նոր լրացած, բայց արդեն 100 տարի աշխատանք փնտրող պապը:- Սարքեմ, գուցե գալիս են»: Գիտի, որ միայն արձակուրդ են գալու:

Փեսան էլ է էդպես. նրա տղան էլ առանց հոր ավարտեց դպրոցը, գնաց բանակ, բայց դեռ չի կարողանում էնքան փող ուղարկի, որ կինն այստեղ տուն առնի, գոնե դրա համար տուն կգա:

Գրաֆը երբեք չի հաչում էս երեխեքի վրա, ոչ թե նրա համար, որ միշտ աչքի առաջ են, այլ նրանք իրեն բանի տեղ չեն դնում, որովհետև նրանք էլ աստծու ամեն օրը վերմիշել են ուտում, մի քանի օրը՝ երբ հերները փող են ուղարկում՝ հավի բուդ: Ու էդ օրերին Գրաֆին հաստատ չեն մոռանում. ամեն մեկն իր բաժնից լավ մաքրված ոսկորով հյուրասիրում է շանը:

Գրաֆն անտարբեր է նաև երկու տուն այն կողմ՝ Ռազմիկի «բուտկայի» մոտ ամեն առավոտ հավաքվող մարդկանց նկատմամբ: Մեկ-մեկ աչքի պոչով նայում է նրանց կողմը ու երևի արդեն չի զարմանում, որ «տանը մնացած» տղամարդիկ կանանցից հմուտ են բամբասում. «Իմացա՞ր, Ազոյի տղան իրեք հազար ռուսական էր ուղարկել»:

Մյուսն անպայման ուղղում է՝ «իրեք հազար չորս հարյուր», երրորդը փորձում է արդարացնել մի քանի օր բարձի տակ ռուսական ունեցող Ազոյին. «Թոռանը պիտի ուղարկի, տոմսի փող է, սպասում է, կարող է զեղչեր լինեն, մի քանի կոպեկ էլ որ իրան մնա, վա՞տ կլինի»:

Երկու օր առաջ վերջը Ազո-Ռազմիկը վերջին թոռանը ճամփեց Մոսկվա: Գնալուց առաջ տասներկուամյա Ռուզանը հուսադրեց Զարիկ տատին. «Լավ չեղավ, գալու եմ»: Բայց տատը հուսահատ ձայնով պատմում է, որ թոռը «սկայպով» արդեն տեղեկացրել է, թե «տատ, դպրոցից թղթերս հանի»:

Զարիկ տատը գլուխը ո՞ր քարին տա. կրտսեր տղան Ռուսաստան մեկնեց հենց որ բանակից զորացրվեց, մի քանի տարի հետո իր մոտ տեղափոխեց ընտանիքին, հետո արդեն նաև եղբորը, իսկ անցյալ սեպտեմբերի մեկին դպրոցը լքեց նաև նրա որդին, ով մոր ու քրոջ հետ միացավ հորը:

Վերջերս տղան փող էր ուղարկել մորը, թե լվացքի ավտոմատ մեքենա առ: Առավ, բայց օրերով չի միացնում. տանը մարդ կա՞, որ շորերը լվանա: Փոշմանել է, կամպյուտեր պիտի առներ, որ ամեն առավոտ-երեկո երեխեքի հետ «սկայպով» խոսեր, գոնե երեխեքին կտեսներ:

Զարիկն ասում է, որ Նոր տարուց առաջ շաբաթը մեկ խանութի պարտքի տետրը փոխում էր. էջերը չէին հերիքում: Էլ խանութ մտնող չկա. «Տղամարդիկ պիվա էին առնում թեկուզ նիսյայով, հետո տալիս էին, հիմա էրեխեք են մնացել, հազիվ սեմուշկի ու թզուկ մարոժնու առևտուր ա: Բանջարեղենի ավտոն որ գալիս ա, ձմերուկի փոքրերն եմ ջոկում, որովհետև առնողները կնանիք են, նրանց վրա էլ ուժ կա՞, որ մեծ ձմերուկ տանեն»: Զարիկի՝ առևտրից սրտնեղելու հիմնական պատճառը նաև էն է, որ անգամ հաց չի կարողանում ծախի. «Տներում մարդ չկա, հացն էլ չեն առնում»:

Ինքը դեմ էր, որ հարսը գնա, բայց տեսավ, որ հարևան Սևոյի հարսը, ում ամուսինն արդեն տասը տարուց ավելի է, մեկնել է Հայաստանից, տեղափոխվել է ծնողների տուն, սպառնացել, թե տուն եկող չի, մինչև ամուսինը չգա: Վախեցավ, որ որդու տունն էլ կքանդվի, որովհետև կասկածում է, որ գնացողներից մեկը հետ կգա:

Հարևան Աշխենի մահից հետո նրա տղան, ով ընտանիքով արտերկրում է, հարյուր տնվոր է փոխել. «Վարձ էլ չեմ ուզում, մենակ նայեն տանս»: Նույնն է ապսպրել նաև Էդիկի տղա Աշոտը, որի զույգ տղաներն այսօր արդեն լուրջ բիզնեսմեններ են, բայց երբ գնացին Հայաստանից, 10-12 տարեկան էին:

Հիմա նրանց պապ Էդիկն ամեն օր սրան-նրան խնդրում է, որ թութը թափ տան, կեռասը քաղեն, մինչև տեսնի՝ ինչ կդառնա: Գիտի, որ տղան այլևս Հայաստան չի վերադառնա, ինչպես նրա հարևան Ռաֆիկի, Ազատի, Միշայի, Սերոժի ու մյուսների երեխաները:

Էդ արանքում մի տուն բաց մնաց. Գարունը քանի տարի Ռուսաստանում աշխատելուց հետո երկու կոպեկ էր ուղարկել կնոջը, նա էլ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, տուն առավ Գորիսում ու տղաների հետ սահմանամերձ Տեղ գյուղից տեղափոխվեց քաղաք: Հայրն էլ եկավ, որ տղայի համար բանակի քեֆ անի: Դեռ էստեղ է:

Գարունին Գրաֆը չի ճանաչում, որովհետև նա Ռուսաստանից գալուց հետո ամեն օր տրակտորը «խոդի է տալիս» ու դռդռալով Տեղ գյուղ գնում՝ վար ու ցանք անում, ընտանիքը պահում: Երևի չճանաչի էլ, որովհետև նա սպասում է, որ տղան բանակից գա, էլի Ռուսատան գնա, այս անգամ՝ ընտանիքով:

Քիչ մնաց Աշոտին ու Գրետային մոռանայի. մի քանի կով են պահում, ոչխար, կինը շուկայում առևտուր է անում, որ կարողանան երկու կոպեկ հետ գցեն, ուղարկեն Երևան՝ Արշակ տղային, ում տղան բժշկականում է սովորում: Արշակը երաժիշտ է, նրա ստացածն ի՞նչ է, որ կարողանա բժշկականի վարձ մուծել, հետո ի՞նչ, որ տղան տաղանդավոր է:

Չէ, Արշակը շոու բիզնեսից չի. էդպես լիներ՝ էլ ի՞նչ դարդ, Աշոտն էլ, Գրետան էլ ոտը ոտին գցած կապրեին, դեռ մի բան էլ անհեր մեծացող Նարեկ թոռանը կօգնեին: Շվի է նվագում Արշակը. մեկ-մեկ հարսանիք-մարսանիք է «կպցնում», էն էլ հազիվ «ցածր գներ» խանութների ցանցից փալաս-փուլուզի է հերիքում:

Փողոցում ամենատեղյակը Գրաֆն է, թե հարևան Մելոյի թթի ծառերը հերթական անգամ ով է «արենդով» վերցրել: Ամեն ծառը չորս հազար դրամ արժի: Ի՞նչ անի, առաջ առողջություն ուներ, ինքն էր անում, տղան էլ օգնում էր, հիմա տղան արդեն քաղաքում չի, ինքն էլ այլևս չի հասցնում, իսկ Գորիսի թթի օղին հազար դուռ է բացում, էլ չեմ ասում, որ երեխեքին պիտի ուղարկեն: Մեկ էլ տեսար, զանգում են, թե «բա կանաչ լոբի չկա՞, մեղրը չե՞ն քամել, նանա չե՞ք չորացրել, մաքուր արաղ չկա՞»: Անգամ հայատառ խաչբառ են ուզում:

Այ մարդ, էդքան «վեշ կապել» կլինի՞, կամ էդքան մարդու մուննաթ գալ, որ մեկին կպցնես ու մի բան ուղարկես: Տո «վեշի» փողն էլ ես տալիս, մի բան ավել տանողի համար ես դնում, բայց ծանրացնում են, ասում են՝ «այրապորտում պիտի մաղարիչ անես»: Դրան էլ ես համաձայնվում, մենակ թե գլուխդ հանգիստ բարձին դնես: Վա~յ, բա էդ բարձերը, վերմակները, ներքնակները, որոնց բրդերն ամռան այս օրերին դատարկ պատշգամբների հիմնական զարդն են:

Էս կնանիքն էլ սպասելուց վայ թե շաշացել են, ասա հարյուր տարի է, էդ անկողիններում քնող կա՞, որ լվանում եք: Միամիտները լվանում են, որ կարող է հանկարծ երեխեքը գան: Չեն գա: Իրենք էլ գիտեն, որովհետև անգամ արձակուրդ եկողները «տուդա-աբրատնի» են տոմս առնում:

Գան ի՞նչ անեն. որ եկան, կիստ-պռատ հայերենով հանկարծ կկարդան, թե ինչքան տխուր ու հուսահատ թեմաներն են շրջագայում թերթերում, ու էլ... գոնե «տուդա» տոմս առնող չի լինի:

Փողոցում միայն Ագուլիենց տնից դրսում աշխատող չկա: Բայց էնպես չի, որ մինուճար տղան Ռուսաստանի համը չգիտի: Սպասում է, բարեկամներից մեկը շուտով կանչի, ու ինքն էլ գնա ձմերուկ ծախելու: Տոմսի փողի համար էլ 500 դրամանոցների կաս է պահում:

Չնայած շուտով երեսուն տարեկան կդառնա, բայց չի էլ մտածում ամուսնանալու մասին: Ամեն օր ինքն է փողոցի՝ առանց հոր ներկայության ապրող երեխեքի համար «Գուլիվեր» կոնֆետ առնում. բա իր երեխեքի համար ո՞վ կառնի, եթե մեկնի:

Իսկ մեր Գրաֆը նաև մեր ընտանքի անդամներին է մոռացել, որովհետև նրանք էլ են տարբեր քաղաքներում ապրում: Միայն թե ես չեմ դիմանա, եթե մի օր տղաս ռուսաստաններից գոնե արձակուրդ գա, ու հանկարծ Գրաֆը հաչի նրա վրա:

Թեպետ, նրա գնալուց հետո համարյա մեկ շաբաթ ոչինչ չկերավ, բայց վախենում եմ, որ եթե գա, կհաչի, ու եթե լեզու ունենար, կասեր. «Հետո ինչ, որ բարձրագույն կրթություն ես ստացել, Ազգային բանակում ծառայել, լեզուներ սովորել, ամեն առիթի էլ չէիր մոռանում ասել, թե զարմանում ես՝ ոնց են հայրենքիը լքում, մինչև, որ դու էլ չդիմացար...»

Մենակ գնալուց առաջ տղաս պիտի զանգեր մայրաքաղաքի էլիտար շենքում բնակվող էն պաշտոնյային, ում հարևանները չեն մեկնում երկրից, ու տար մեր փողոցի հասցեն՝ ք. Գորիս, Դավիթ Բեկի փողոց:

Գար, մնացածի մասին էլ ինքը տեղեկանար: Գրաֆը վնաս չէր տա: Նրա համար մեկ է, որովհետև ինքն իր տեսածին ավելի է հավատում:

Մեկնաբանություններ (1)

Nelly
Ays hodvaci himan vra kareli e mi cavali film nkarahanel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter