HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանն ու հանցավոր ճանապարհով փողերի արտահոսքը

Ընդհանուր պատկերը 

Տարեվերջին ամերիկյան Global Financial Integrity գործակալությունը հրապարակեց զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական արտահոսքերի մասին հերթական զեկույցը (2002-2011 թ.թ. համար), ըստ որի՝ վերջին 10 տարում Հայաստանից դուրս է բերվել 6.2 մլրդ դոլար, կամ տարեկան միջինը 623 մլն դոլար: Վերջին ցուցանիշով Հայաստանը աշխարհի 144 երկրների շարքում զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը: Իսկ ցանկը գլխավորում է Չինաստանը՝ տարեկան միջինը 107.5 մլրդ դոլար, նրան հետևում է Ռուսաստանը՝ 88 մլրդ դոլար: Մնացած երկրները զգալիորեն ետ են մնում:

Մեր հարևան երկրներից ամենաբարձր ցուցանիշ ունի Թուրքիան՝ տարեկան 3.7 մլրդ դոլար (25-րդ տեղ), այնուհետ՝ Ադրբեջանը՝ 1.7 մլրդ դոլար (44-րդ տեղ): Վրաստանը մեզանից ետ է՝ ընդամենը 450 մլն դոլար: Որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանը ապօրինի ֆինանսական հոսքերով գերազանցում է նույնիսկ Ուկրաինային, որի ցուցանիշը 622 մլն դոլար է: Նշենք որ Իրանի մասին տվյալներ չկան, սակայն հնարավոր է՝ դա տեխնիկական վրիպակ է (Իրանի փոխարեն գրել են Իրաք):

ԱՊՀ երկրների մեծ մասն այս վարկանիշում «պատվավոր» տեղեր է զբաղեցնում: Հատկապես դա վերաբերում է Մաքսային միության անդամներին՝ Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին: Ռուսաստանն ընդհանրապես ապօրինի ֆինանսական արտահոսքի համաշխարհային առաջատարներից է, Բելառուսը 7,5 մլրդ դոլար ցուցանիշով 16-րդ տեղում է, Ղազախստանը՝  2,6 մլրդ դոլարով 29-րդում: Ստացվում է՝ Մաքսային միության երկրներից տարեկան ապօրինի դուրս է գալիս մոտ 99 մլրդ դոլար: Ըստ մի շարք հետազոտությունների՝ ռուսաստանցի գործարարներն օգտագործում են բելառուսական ու ղազախական ընկերություններին փողերի լվացման համար: Երբ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը՝ նույնպես ակտիվորեն ներգրավվելու է փողերի լվացման այդ գործընթացին: 

Մեթոդոլոգիայի մասին

Որքանո՞վ հավաստի են Global Financial Integrity-ի տվյալները: Զեկույցում նշված է, որ գնահատել են հանցավոր ճանապարհով, կոռուպցիայի և հարկերից խուսափելու միջոցով գոյացած կապիտալը: Սա կարևոր հանգամանք է՝ ապօրինի ֆինանսական հոսք ասելով նկատի է առնվում դրանց ծագումը, ոչ թե դեպի արտասահման փոխանցման սխեման (թեև դա ևս կարևոր է): Խնդիրն այն է, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, վաղուց ազատականացրել են կապիտալ հաշիվները, հետևաբար՝ ցանկացած փոխանցում երկրից դուրս անօրինական համարվել չի կարող: Հայաստանն այդ քայլին գնաց 1997 թ.՝ նոր ձևավորված օլիգարխիայի և կոռուպցիայով հարստացած չինովնիկների պահանջները հաշվի առնելով՝ թույլ տալով անարգել երկրից դուրս հանել ցանկացած գումար: Իսկ Ռուսաստանի և Բելառուսի նման երկրներում կապիտալի արտահոսքը վերահսկվում է, ուստի հանցավոր ճանապարհով ծագած փողերը դուրս հանելու համար որոշակի սխեմաներ են մշակվում:

Global Financial Integrity-ը այս կամ այն երկրի տվյաները գնահատելու համար հիմք է ընդունում պաշտոնական տըվյալները երկրի վճարային հաշվեկշռի ու արտաքին առևտրի վերաբերյալ, ուսումնասիրում է այն տարբերությունները, որ ի հայտ են գալիս ապրանքի ծագման երկրի ու փաստացի արտահանող երկրի տվյալները համադրելիս: 

Հայաստանի մասին 

Հայաստանում, ըստ Global Financial Integrity-ի զեկույցի, կապիտալի արտահոսքի տեմպն արագացել է 2007 թվականից, թեև նախորդ տարիներին էլ ուներ աճի հստակ միտում: 2007 թ. ապօրինի երկրից դուրս է հանվում 806 մլն դոլար՝ կրկնապատկվելով նախորդ տարվա համեմատ: 2008 թ. այդ թիվն արդեն կազմում է 1,1 մլրդ դոլար, հաջորդ երկու տարիներին կրկին նվազում է, իսկ 2011 թ. գրանցվում է ռեկորդային արտահոսք՝ 1 մլրդ 163 մլն դոլար:

Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը նվազագույնը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար (ՀՆԱ-ի մոտ 30%-ը), ու դա ընդունում են նույնիսկ իշխանությունները: Ընդ որում՝ սա չի ներառում թմրամիջոցների, կոռուպցիայի ու այլ հանցավոր բնույթի շրջանառությունները: Այս համատեքստում տարեկան 1 մլրդ դոլարի արտահոսքը միանգամայն իրատեսական է:

Ապօրինի դուրս բերվող գումարները ներկայում կազմում են ՀՆԱ-ի մոտ 10%-ին, ինչը բավական բարձր ցուցանիշ է (Global Financial Integrity-ի զեկույցում միջինը 3.7% է):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վճարային հաշվեկշռի՝ Հայաստանից 2011-2012 թ.թ. տեղի է ունեցել 700 մլն դոլարի եկամուտների արտահոսք: Թե դրանից որ մասն է հանցավոր ճանապարհով ստացված՝ դժվար է միանշանակ գնահատել: Սակայն, ընդհանուր առմամբ, ամերիկյան կազմակերպության գնահատականները իրականությունից շատ հեռու չեն: 

Լուսանկարը՝ http://thewedphotocoach.com-ից

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Ինչպես կարելի է հայաստանը համեմատել Չինաստանի կամ ասենք մյուս երկրների հետ և ասել 71-րդ հորիզոնականումն էս: Ըստ մեզանից թալանված հարստության ցուցանիշի մենք եղել ենք և մնում ենք չգերազանցված առաջատարը: Ըստ բոլոր ժամանակներում հրահրված պատերազմներից, հրահրված երկրաշարժից և համակարգված շարունակվող ցեղասպանությունից ունեցած մարդկային կորուստներով նույնպես առաջատարն ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter