HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է ավազակություն կատարելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և կրելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ավազակություն կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության՝ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանը հանցախմբի կազմում ավազակային հարձակում է կատարել ոսկյա իրերի առևտրով զբաղվող Է. Գրիգորյանի վրա:

Մասնավորապես, քննության տվյալներով Ն. Կիրակոսյանն իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի և Հ. Թորոսյանի հետ 2008թ. հունիս ամսին հանցավոր համաձայնության է եկել՝ ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ:

2008թ. հուլիսի 3-ին վերջիններս, երկու ավտոմեքենայով դուրս գալով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ և 107-րդ շենքերին հարող ճանապարհ և փակելով Է. Գրիգորյանի վարած «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ճանապարհը, հարձակվել են մեքենայում գտնվող Է. Գրիգորյանի և նրա որդու՝ Կ. Գրիգորյանի վրա: Տուժողներ Է. Գրիգորյանի և որդու՝ Կ. Գրիգորյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպառնացել են սպանել նրանց, եթե վերջիններս իրենց չհանձնեն ավտոմեքենայում եղած ոսկյա զարդերը:

Այնուհետև մուրճով կոտրելով մեքենայի դռան ապակին՝ հափշտակել են 33 555 000 դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Բացի դրանից՝ մեղադրյալ Ն. Կիրակոսյանը անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «BROWNING» մոդելի ատրճանակ՝ ռազմամթերք հանդիսացող նույն տրամաչափի երկու փամփուշտներով, ինչը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցներւ՝ նրա անձնական խուզարկության ժամանակ:

Ն. Կիրակոսյանը, ով 2008թ. սեպտեմբերի 25-ից եղել է հետախուզման մեջ, հայտնաբերվել է 2011թ. մարտի 14-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2011թ. հուլիսի 15-ին նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հանցագործությանը մասնակցելու համար մեղադրյալներից երկուսի՝ Վ. Հովհաննիսյանի և Հ. Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի մասը դատարան է ուղարկվել ավելի վաղ: Նրանց վերաբերող մասը 2009թ. հունիսի 17-ին անջատվել էր առանձին վարույթ և 2009թ. սեպտեմբերի 30-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Եվս երկուսի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որոնցից մեկն այդ ընթացքում մահացել է, իսկ մյուսի հայտնաբերման ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter