HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-հնդկական համագործակցություն առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Սուրեշ Բաբուին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են  առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ է համարել դեղարտադրության և դեղագիտության ոլորտում  համագործակցության շրջանակների ընդլայնումը:

Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական է համարել երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:

Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծել է ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ  ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:

Դեսպանը շնորհավորել է պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած «Լիկվոր» ՓԲԸ-ին: Նա նշել է, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:

«Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության  այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ»,- ասել է Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկել է  հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ  հնդկական ավանդական բժշկության գաղտնքիներին: Այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter