Սահմանամերձ Ջիլում երեխաների թիվն ամեն տարի նվազում է
Արփինե Մինասյան
Ապրեսյանների 4 հոգանոց ընտանիքի օրը սկսվում ու ավարտվում է մի սենյակում: Ջիլ գյուղում բնակվող ընտանիքը 16 տարի ապրում է այդ սենյակում, որն իրենցը չէ: «Այս տան տերը մի տատիկ էր, նա մահացավ, մենք մինչեւ էսօր էստեղ ենք ապրում: Շատ դժվար ա, մանավանդ ցուրտ ու բուք օրերին, քանի որ տունը տանիք չունի: Տան կողքը խորդանոց ունենք: Տան առաջ էլ կանաչի-բան ենք ցանում, տեղը փոքր ա»,- պատմում է ընտանիքի մայրը` Գոհար Մաղաքյանը:
Ադրբեջանին սահմանակից այս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի ափին: Բնակիչները Ադրբեջանից բռնագաղթած հայերն են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գոհարն ու Ալիկը չեն աշխատում, ընտանիքն ապրում է 28 հազար դրամ նպաստով: «Վորլդ վիժն» կազմակերպությունը մի քանի տարի առաջ 3 այծ է նվիրել ընտանիքին: Ապրեսյանները պահել ու բազմացրել են այծերը, նրանք նաեւ 1 կով եւ 1 ձի ունեն:
Գոհարի ամուսինը` Ալիկը, երեք տարի առաջ պայմանագրային զինծառայող է եղել, սակայն հիվանդության պատճառով 6 ամսից դադարեցրել է ծառայությունը ու տեղափոխվել հիվանդանոց: Գոհարի ասելով` ամուսինը կրնկի կոտրվածք է ունեցել: Մեր այցելության ժամանակ Ալիկ Ապրեսյանը ձեռնափայտով էր քայլում:
685 բնակիչ ունեցող Ջիլ գյուղում գործում են մանկապարտեզ եւ դպրոց, որտեղ 100 աշակերտ է սովորում: Ջիլի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը Ադրբեջանի Դաշքեստանի շրջանի Խաչակապ գյուղից է եւ Ջիլում բնակություն է հաստատել 1992-ին: Նա նաեւ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում:
«Նախորդ տարվա համեմատ երեխաների թիվը նվազել է: 12-րդ դասարանում նախորդ տարի 18 աշակերտ էր սովորում, այս տարի ավելի քիչ են»,- նշում է Ջիլի դպրոցի տնօրենը: Ա. Ստեփանյանի խոսքերով` վերանորոգված է միայն դպրոցի ճաշարանի հատվածը: Կան կոմպլեկտավորված դասարաններ: Դասարաններում աշակերտների առավելագույն քանակը 12 է, նվազագույնը` 5: Կառավարությունն ամեն տարի 30-40 հազար դրամ է հատկացնում անապահով, բազմանդամ ընտանիքների երեխաների գրքերի վարձավճարների համար, որը մենք բաշխում ենք ընտանիքների միջեւ»,- ասում է Ա. Ստեփանյանը:
Նրանից հետաքրքրվում ենք` գյուղում արտագաղթ կա՞: Պատասխանում է. «Գնում, աշխատում, վերադառնում են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել