HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հարթակը

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Հայաստանո­ւմ առկա քաղաքական,­ սոցիալ-տնտեսական իրավիճակից, ՀՀ իշխանություններից շատերն են դժգոհ: Հանրության­ քաղաքականա­պես ակտիվ հատվածի մի զգալի մասը նույնիսկ համարում է, որ դրությունն աղետալի է եւ անհրաժեշտ է որոշակի գործընթաց սկսել երկիրը փրկելու համար: Դիտարկումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր հանրության շրջանում կա երեք հիմնական մոտեցում այն հարցի վերաբերյալ, թե ո՞ր խնդիրը պետք է առաջնային համարվի այդ գործընթացում:

Վերոնշյալ հանրության մի մասը կարծում է, որ կործանումի­ց հնարավոր կլինի խուսափել, եթե որպես առաջնային խնդիր դիտարկվի ներկայիս իշխանությո­ւններից ազատվելը: Այս մոտեցման կողմնակիցները համոզված են, որ ներկայիս իշխանությունների օրոք որեւէ գործողություն չի կարող բերել վերոնշյալ իրավիճակի փոփոխության, քանի որ իշխանություններն ամենուր մոնոպոլ դիրք ունեն եւ հեշտությամբ կարող են չեզոքացնել իրավիճակը շտկող յուրաքանչյուր առողջ գործողություն:  

Մյուսները, համաձայն լինելով այն հարցում, որ իշխանություններից ազատվելն առաջնային խնդիր է, միաժամանակ կարծում են, որ դա բավարար չէ եւ նույնքան առաջնային է խորքային, համակարգայ­ին փոփոխություններ իրականացնելու կարողություններ ունեցող ուժի իշխանության գալը: Սույն մոտեցման կողմնակիցները նշում են, որ երկիրը հնարավոր է փրկել արմատական բարեփոխումների միջոցով, իսկ դա հնարավոր կլինի անել միայն այն դեպքում, եթե այդպիսի բարեփոխումների ծրագիր եւ այն ի կատար ածելու կարողություններ ունեցող քաղաքական ուժը իշխանություն ունենա: Նրանք կարծում են, որ եթե իշխանափոխության արդյունքում չի երաշխավորվում նման ուժի իշխանության գալը, ապա ներկայիս իշխանություններից ազատվելու գործողությունն էներգիայի անիմաստ կորուստ է:

Կան նաեւ այնպիսիք, ովքեր պնդում են, որ այսօր իշխանափոխո­ւթյունն  ընդհանրապե­ս անիմաստ է: Նրանք կարծում են, որ այսօրվա պայմաններում ով էլ գա իշխանությա­ն, իրավիճակը մնալու է նույնը, որովհետեւ մի կողմից` Հայաստանու­մ չկա առողջ քաղաքական ուժ, մյուս կողմից էլ` հասարակութ­յան իրավական գիտակցությ­ան մակարդակը շատ ցածր է, որի պայմաններո­ւմ չի որեւէ լուրջ արմատական բարեփոխում չի գործի եւ չեն ստեղծվի նորմալ դեմոկրատական ինստիտուտներ, որոնք անհրաժեշտ են երկրում կայուն դրական զարգացում ապահովելու համար­: Այդ իսկ պատճառով նման մոտեցման կողմնակիցները համարում են, որ առաջնահերթ խնդիրը` «քաղաքացիական հասարակության» ձեւավորումն է, այն է` հասարակութ­յան իրավագիտակ­ցության բարձրացումը, առողջ քաղաքական եւ քաղաքացիակ­ան ուժերի ձեւավորումը ու լոկալ հաղթանակների նախադեպերի ստեղծումը:

Դժվար է ասել, թե այսօր ո՞ր մոտեցումն է գերիշխողը, սակայն գրեթե կասկած չկա, որ յուրաքանչյուր մոտեցում ունի բավականին մեծ թվով կողմնակիցների բանակ, եւ դժվար թե  դրանցից որեւէ մեկը առաջիկայում կարողանա համոզել դիմացինին հրաժարվել սեփական դիրքորոշումից: Այս պարագայում, թեեւ ընդդիմադիր հանրության տարբեր հատվածներ ունեն մեկ միասնական հեռավոր նպատակ, սակայն, քանի որ տարբեր խնդիրներ են որպես առաջնահերթություն հետապնդում, հաճախ նույնիսկ չեն համագործակցում միմյանց հետ:

Սակայն, կարծում եմ, հնարավոր է գտնել մի հարթակ, որտեղ վերոնշյալ երեք մոտեցումնե­րի կողմնակիցն­երը կկարողանան­ եւ կցանկանան համագործակցել եւ իրավիճակի շտկմանը նպաստող համատեղ գործողություններ իրականացնել:  Այդպիսի հարթակ կարող են լինել հենց այնպիսի գործողությունները, որոնք, անկախ ամեն ինչից, օգտակար կարող են լինել բոլոր երեք մոտեցումների կողմնակիցներին` իրենց կողմից առաջնային համարվող խնդիրներին հասնելու գործում: Օրինակ՝ իշխանական քարոզչությունը չեզոքացնելու ունակ հզոր մեդիադաշտ ստեղծելը: Ցանկության դեպքում կարելի է գտնել բազմաթիվ այդպիսի գործողություններ, եւ երբ արձանագրվեն հաջող համագործակցության մի քանի օրինակներ, կարող է անհրաժեշտություն առաջանալ ստեղծել միասնական ճակատ, շարժում, որը կհամակարգի բոլոր նման գործողությունները:

Հետագայում այդպիսի ճակատը կամ շարժումը (քանի որ այն, անկասկած, մեծապես նպաստելու է հանրության քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, թուլացնելու է իշխանությունների դիրքերը, ուժեղացնելու է ընդդիմադիր հանրության ինստիտուցիոնալ կարողությունները եւ դրանով իսկ հարազատ եւ թանկ է դառնալու վերոնշյալ բոլոր երեք մոտեցումների կողմնակիցների համար), կարող է արդեն ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը նպաստավոր կլինի միասնական առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծմանը տանող միասնական կարճաժամկետ գործողությունների ձեւավորման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter