Տարվա առաջին տասնօրյակի արտակարգ պատահարները Գեղարքունիքի մարզում
Հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները ստացել են 6 ահազանգ, իսկ մարզի հիվանդանոցներում գրանցվել է շտապ բուժօգնության 436 կանչ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվն աճել է, իսկ փրկարարական ծառայության ահազանգերը` նվազել: Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի բժշկական հաստատություններում կանչերի զգալի մասը ստացվել է գիշերային ժամերին: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հիվանդներից շատերին հետագա բուժման համար տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկների հավաստմամբ՝ տոնական օրերին Մարտունու բժշկական կենտրոնում գրանցվել է 118 շտապ բուժօգնության կանչ, Գավառի բժշկական կենտրոնում` 85, Սեւանի հիվանդանոցում` 93, Ճամբարակի առողջության կենտրոնում` 24, Վարդենիսի հիվանդանոցում` 116 կանչ: Եթե տոնական օրերին գրանցված շտապ բուժօգնության կանչերի թվով առաջատարը Մարտունին է, ապա հունվարի 1-ի տվյալներով` Մարտունուն հավասարվել է Վարդենիսը: Երկու բուժհաստատություններում էլ գրանցվել է 14 կանչ: Գավառի բժշկական կենտրոնում եւ Սեւանում ստացվել է 11 կանչ, իսկ Ճամբարակի առողջության կենտրոնի բուժաշխատողները կանչի շտապելու առիթ չեն ունեցել: Բժիշկները նշում են նաեւ, որ կանչերի հիմնական մասը եղել են սրտանոթային, հիպերտոնիա, սուր շնչառական հիվանդությունների հետ կապված, ինչպես նաեւ սննդային եւ շմոլ գազի թունավորումներ:
Ուժեղացված աշխատակարգով են աշխատել նաեւ Գեղարքունիքի մարզի փրկարարները: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանից, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումներում ահազանգերը սկսել են ստացվել հունվարի 2-ից: Ստացված վեց ահազանգից երկուսը ճանապարհատրանսպորտային պատահարներին են վերաբերել: Պատահարներից մեկի ահազագը ստացվել էր հունվարի 3-ին, ժամը 00.05-ին: Դեպքը տեղի էր ունեցել միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից վարորդը եւ ուղեւորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորը արգելափակվել է ավտոմեքենայում:
Մյուս պատահարի ահազանգը ստացվել էր հունվարի 7-ին, ժամը 00.43-ին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում: Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
ԱԻՆ փրակարար ծառայությունում ստացված ահազանգերից երկուսը վերաբերում էին ձյան կուտակումների հետեւանքով արգելափակված մեքենաների դուսբերմանը` Սեւան եւ Գավառ քաղաքների ճանապարհներին: Հաջորդ դեպքը տեղի էր ունեցել Սեւանում, որը կապված է գազի արտահոսքի հետ: Խնդիրը վերացվել է Սեւանի գազի վթարային ծառայության աշխատակիցների շնորհիվ: Արտակարգ պատահարների վերջին դեպքը Ակունք գյուղի ճանապարհին բռնկված մեքենայի հրդեհի մարումն էր, որը եւս բարեհաջող ավարտ է ունեցել:
«Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներում գրանցվել է 13 դեպք` 8 հրդեհ, 1 փակ դռան բացում եւ 4 արգելափակված մեքենայի դուրսբերում»,- ասում է մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը:
Հասմիկ Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել