HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նույնականացման քարտի ծածկագրեր չստացած քաղաքացիներն անվճար կստանան նոր քարտեր

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտել սույն թվականի հունվարի 1-ից: Համակարգին անցնելու եւ հաշիվը կառավարելու համար քաղաքացիներին անհրաժեշտ է նույնականացման քարտ՝ իր PIN և PUK ծածկագրերով: Սակայն, նույնականացման քարտերի համակարգի գործարկման սկզբնական ժամանակահատվածում զգալի թվով քաղաքացիների տրվել են առանց ծածկագրերի նույնականացման քարտեր եւ նրանք կանգնել են փաստի առջեւ։

ՀՀ ոստիկանությունը հաստատում է, որ նույնականացման քարտերի հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներ, իրոք, կան, սակայն նույնականացման քարտերի համակարգի գործարկման սկզբնական ժամանակահատվածում եղած տեխնիկական խնդիրների եւ ծրագրային առանձնահատկությունների պատճառով հնարավոր չէ ասել, թե քանի քաղաքացի է առանց ծածկագրերի նույնականացման քարտ ստացել:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ ծածկագիր չստացած քաղաքացիները իրավունք ունեն դիմելու համապատասխան անձնագրային ծառայություններ եւ նրանց կտրամադրվեն համապատասխան ծածկագրերով նոր նույնականացման քարտեր` առանց սահմանված չափի պետական տուրքի գանձման, տվյալ դեպքում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության միջոցների հաշվին:

Տարածքային անձնագրային բաժանմունքներում դեռ չգիտե` ինչ պետք է արվի: Օրինակ` վերջերս քաղաքացիներից մեկն առանց ծածկագրերի նույնականացման քարտը ձեռքին մոտեցել էր Էջմիածնի անձնագրային բաժին, սակայն նրան խորհուրդ են տվել այցելել Երեւան՝ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Տեղեկացնենք, որ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2012թ. հունիսի 1-ից: Նույնականացման քարտն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է երկրի տարածքում օգտագործելու համար:

Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Նույնականացման քարտ ստանալու համար սահմանված է պետական տուրք՝ 3000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter