
Սեւակ Արծրունու փաստաբանի պատասխանը
Փաստաբան Նիկոլայ Հակոբյանս հանդիսանում եմ Սևակ Արզարունու ներկայացուցիչը և մասնակցում եմ Գարաբեդ Հարութունյանի, Սարո և Նարեգ Հարթունյանների և «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի հետ վեճով դատական քննությանը:
«Սփյուռքահայ ներդրողներ. ինչպես թալանել Հարթունյան ընտանիքին» վերնագրով հուլիսի 14-ի և «Տնօրենը ընկերության փողերով բնակարան է գնել, իսկ Սևակ Արծրունին` թիկնապահներ վարձել» վերնագրով հուլիսի 22-ի Ձեր հոդվածների կապակցությամբ կից ներկայացնում եմ պատասխան` հրապարակման համար, հույս ունենալով, որ վստահորդիս փաստերն ու փաստարկները կնպաստեն օբյեկտիվ իրականությունը պարզելուն:
«Սփյուռքահայ ներդրողներ. ինչպես թալանել Հարթունյան ընտանիքին» (http://hetq.am/arm/articles/2927/) վերնագրով հուլիսի 14-ի և «Տնօրենը ընկերության փողերով բնակարան է գնել, իսկ Սևակ Արծրունին` թիկնապահներ վարձել» վերնագրով հուլիսի 22-ի հոդվածները կարդալով, տպավորություն է ստեղծվում, որ այդ հրապարակումներով հոդվածագրի նպատակը ոչ այնքան «բարերար-ներդրողի» պաշտպանությունն է, այլ Սևակ Արզարունուն վարկաբեկելը, որպիսի վերաբերմունքը դեռևս անբացատրելի է:
Թե որքանով է բարեգործությունն իրավունք վերապահում մարդուն խուսափելու հարկերից, Նարեգ Հարթունյանն իրականում խուսափել է հարկերի՞ց, թե՞ ոչ, Սևակ Արզարունուն քիչ է հետաքրքրում. այդ հարցը կպարզեն իրավապահ մարմինները: Սակայն ցանկանում եմ նշել, որ բարեգործությունը չի կարող բարոյական կամ իրավական հիմք հանդիսանալ մարդուն շահագործելու և նրա նկատմամբ պարտավորություններից խուսափելու համար:
Մինչև 2003թ. Սևակ Արզարունին Հարթունյաններին չի ճանաչել: Հարթունյանները, որպես «Երկիր» միության նախագահի, Սևակ Արզարունուն են դիմել 2003թ.` իրենց մոր հիշատակին բնակավայր կառուցելու համար: Սևակ Արզարունու առաջարկով գյուղը կառուցվել է ազատագրված տարածքներում: Որ գյուղը կառուցվել է Հարթունյանների փողերով, իրականություն է, սակայն Քնարավան գյուղը կառուցվել է Սևակի և իր ընկերների անմիջական մասնակցությամբ, մեծ զրկանքների ու չարչարանքի արդյունքում: Լինելով հասարակական գործիչ՝ դրանից Սևակ Արզարունին որևէ նյութական բարիք չի ակնկալել, քանի որ իսկապես իրականացվում էր բարեգործություն:
Հարթունյանների ոչ առևտրային մյուս ծրագրերը նույնպես իրականացվել են իր անմիջական մասնակցությամբ: Մասնավորապես, Շուշիի կենտրոնում անվճար բազմահարկ շենք է վերցրել, այն վերականգնվել է Ղարաբաղում «Երկիր» միության տղաների անմիջական համակարգումով, Երևանի «Նարեկացի» արվեստի միության կենտրոնը նույնպես կառուցվել է Սևակի և նրա «Երկիր» միության անդամ գործընկերների ղեկավարմամբ: Ավելին՝ Սևակ Արզարունին եղել է «Նարեկացի» միության վարչության անդամ, իրականացրել է և «Երկիր» միության միջոցներով ֆինանսավորել այդ միության ծրագրերից շատերը:
Քնարավանի կառուցումից հետո 2004թ. սեպտեմբերին Հարթունյանները Սևակ Արզարունուն խնդրել են աջակցել Հայաստանում ստեղծել բիզնես, ինչպես նաև վերականգնել նախկինում իրենց կողմից անհեռանկար ներդրումներից առաջացած կորուստները, քանի որ համոզվել են, որ նա կարող է կազմակերպել և իրականացնել տարբեր ծրագրեր, և որ իրեն վստահված դրամը ծառայում է իր նպատակին և դրա շարժը հստակ երևում է ներկայացված հաշվետվություններում:
Սկզբում խոստացել են Սևակ Արզարունու աշխատանքի դիմաց հատուցել բիզնեսի շահից մեկ երրորդի չափով, ինչպես նաև ֆինանսական աջակցություն «Երկիր» միության ծրագրերին: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում Հարթունյանների բոլոր ներդրումները փաստացի համակարգել է Սևակ Արզարունին ` նրանց կողմից տրված բացարձակ լիազորություններով: Նույնիսկ նախաձեռնել ու կազմակերպել է բնակելի տան կառուցումը, որտեղ հիմա Նարեգն ապրում է: Նրան էր վստահված Հարթունյանների գումարների տնօրինումը, իրենց անձնական հարցերի կարգավորումը:
«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի միակ հիմնադրի ներկայացուցչի լիազորություններով Սևակ Արզարունին իրականացրել է այդ ընկերության ընդհանուր ղեկավարումը, կազմակերպել է վարչական շենքի կառուցումը: Հարթունյանների համար նախաձեռնել և անմիջականորեն իրականացրել է տարբեր շահավետ ծրագրեր:
Հարթունյանները նախկինում այլ անձի գումարներ էին տվել, որը հետ չէր վերադարձվում: Սևակ Արզարունու ջանքերով այդ գումարի դիմաց Գարաբեդ Հարութունյանի անունով է գրանցվել Երևանում գտնվող մի քանի հեկտար հողամաս ունեցող ընկերության բաժնետոմսերի 34%-ը: Դրանից հետո էլ այդ ընկերության հետ կապված տարբեր խնդիրներով Սևակը Հարթունյանի ներկայացուցիչն է եղել, կարողացել է պահպանել ու պաշտպանել նրա իրավունքները: Այժմ այդ բաժնետոմսերի արժեքը մի քանի միլոն դոլար արժե` մի քանի հարյուր հազար դոլար ծախսի դիմաց:
Սևակ Արզարունու գործունեության արդյունավետությունը Հարթունյանների համար ակնհայտ է եղել, ուստի՝ նրա աշխատանքը վարձատրելու նպատակով Գարաբեդ Հարութունյանը, Սարո Հարթունյանը և Նարեգ Հարթունյանը 2009թ. հուլիսին նոտարական վավերացմամբ ստորագրել են պարտավորագրեր, որով պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25%-ը, որպես շահաբաժին, տալ Սևակ Արզարունուն, երբ շահերն իրականանան և ձեռք բերվեն իր աշխատանքի ժամանակահատվածում: Պարտավորագրի իմաստով շահույթ է համարվել կատարված ներդրումներից ստացված շահերը` հանած ծախսերը, վնասները և նախօրոք ստացված գումարները:
Սևակ Արզարունու առաջարկով Նարեգ Հարթունյանը 2010թ. սեպտեմբերին ստանձնել է «Սարամկո» ՍՊԸ-ի և «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի տնօրինությունը: Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով Նարեգի կողմից հետզհետե երևան եկող անվստահության անհիմն և անբացատրելի դրսևորումները, և այն հանգամանքը, որ Հարթունյանների շահերը Հայաստանում արդեն բավականաչափ հստակեցված ու կարգավորված են, 2010թ. սեպտեմբերի 23-ին Սևակ Արզարունին ներկայացրել է գրավոր հրաժարական՝ միաժամանակ հիշեցնելով շահի 25 %-ը իրեն հատկացնելու պարտավորությունների մասին, որին ուղղակի արձագանք չի եղել : Փոխարենը հայց են ներկայացրել դատարան, դրանում նշելով նաև Սևակ Արզարունու վերցրած գումարների մասին:
Միայն դրանից հետո Սևակ Արզարունին ստիպված է եղել դիմել դատարան` պարտավորագրերով իրեն վճարման ենթակա գումարները բռնագանձելու պահանջով: Երկու գործերն այժմ քննվում են դատարանում` մեկ վարույթով:
Հոդվածում նշվում է, թե Նարեգը հայտնաբերել էր, որ ընկերությունում բավականին մեծ դրամական միջոցներ են անհետացել և բացատրություններ է պահանջել: Իրականում ոչ մի դրամ չի անհետացել, Նարեգն էլ ոչինչ չի հայտնաբերել : Տարիներ շարունակ Սևակ Արզարունուն վստահված գումարների շարժի բոլոր մանրամասնությունների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ են ներկայացվել Հարթունյաններին, որտեղ հստակ երևում է յուրաքանչյուր դոլարի շարժը:
Սևակ Արզարունին Հարթունյանների միջոցներից գումարներ իսկապես վերցրել է: Եթե իր վեց տարվա գործունեության արդյունքում Հարթունյանների ներդրումները աճել են մի քանի անգամ և նրանց համար ապահովել միլիոնավոր դոլարների շահ, և եթե Հարթունյաններն իրենք են պարտավորագրով պարտավորվել Սևակին վճարել դրա 25%-ը, այդ պայմաններում կարող էր արդյոք Սևակ Արզարունին, որպես կանխավճար, վերցնել իրեն բարոյական ու իրավական հիմքերով հասանելիք գումարի գոնե մի փոքր մասը, այն էլ` Հարթունյանների գիտությամբ:
Իրեն այդպիսի իրավունք վերապահելով՝ կանխավճարի ձևով Սևակ Արզարունին վերցրել է որոշ գումարներ, ինչպես իր, այնպես էլ իր գործընկերոջ` Արտյոմ Մարտիրոսյանի անձնական կարիքների համար, որին վճարել է իր անունից :
Հոդվածում նշվում է, թե Արտյոմ Մարտիրոսյանը ընկերությունից գումար է վերցրել բնակարան գնելու համար: Որտեղից է որոշվել, որ Արտյոմը ընկերությունից է ստացել այդ գումարը, եթե ստացականում հստակ երևում է, որ գումարը տրվել է Սևակ Արզարունու կողմից: Ընկերությունից գումարի ելքը ձևակերպվում է դրամարկղի անդորրագրով և ոչ թե ստացականով: Եթե փորձ է արվում փաստերը խեղաթյուրել հոդվածում իսկ ստացականը տպված լինելու պայմաններում, ապա դժվար չէ պատկերացնել մյուս փաստերի արժանահավատությունը: Արտյոմին գումարը Սևակ Արզարունին է տվել` իրեն հասանելիք գումարների հաշվին, քանի որ տարիներ շարունակ Արտյոմն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ու արդյունավետ աշխատող:
Չգիտես ինչու, շահարկվում է նաև Արմեն Ազիզյանի անունը, հոդվածում նշվում է. «Ով է Արմեն Ազիզյանը, որին պետք է վճարի Սևակ Արծրունին և որի մասին անպայման պետք է նշվեր պարտավորագրի մեջ» : Եթե պարտավորագիր ստորագրողը պայման է դնում, որ Սևակին հասանելիք 25%-ից 9%-ը պետք է վճարվի Արմեն Ազիզյանին, ապա նա լավ գիտի, թե ով է Արմեն Ազիզյանը, և ինչու պետք է նրան վճարվի Սևակին հասանելիք գումարի մի մասը :
Հարթունյանների միջոցներից գումարներ վերցնելու փաստը Սևակ Արզարունին ոչ միայն չի թաքցրել, այլև այդ մասին նշել է իր բոլոր գրավոր հաշվետվություններում և հայցադիմումի կապակցությամբ դատարան ներկայացված գրավոր պատասխանում: Մասնավորապես, պատասխանում նշված է. « Պետք է նշել, որ որոշակի գումարներ իսկապես վերցվել են, դրանք դուրս են գրվել Սևակի կարգադրությամբ և տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի կատարմամբ՝ համապատասխան անդորրագրերով և ընկերության հիմնադրի գիտությամբ, դրանց վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացվել հիմնադիր Գարաբեդ Հարութունյանին էլեկտրոնային փոստով, որին վերջինս կամ իր որդիները որևէ անհամաձայնություն, դիտողություն չեն հայտնել, արգելք չեն դրել՝ հաստատելով իրենց համաձայնությունը»:
Սևակ Արզարունու և Հարթունյանների հարաբերություններում հարցը շատ ավելի պարզ է, քան ներկայացվում է: Հարթունյանները պահանջում են վերադարձնել վերցված գումարները, իսկ Սևակը պահանջում է կատարել իրենց իսկ ստորագրած պարտավորագրերով առաջացած պարտավորությունները` նախապես վերցված գումարների հաշվանցումով: Եթե Հարթունյանները գտնում են, որ Սևակի աշխատանքի արդյունքում շահ չեն ունեցել, ապա դրա ճշտելը շատ հեշտ է. հաշվենք որքան ներդրում են ունեցել Սևակի ղեկավարած բիզնեսի ոլորտում, և հաշվենք, թե Սևակի հրաժարականի պահին ինչ արժեքի գույք են ունեցել: Եթե իսկապես Սևակը վնաս է հասցրել, ապա պատրաստ է հատուցել, իսկ եթե դրամի և գույքի աճ կա, ապա դրանից խոստացված մասը ստանալու իրավունքը Սևակ Արզարունին չի պատրաստվում զիջել :
Ընդ որում՝ Հարթունյանների ոչ առևտրային գործունեության` Քնարավանի կառուցման, Շուշիի շենքի վերականգնման, Երևանի «Նարեկացի» միության հիմնադրման և կառուցման, Հարթունյանների բնակելի տան կառուցման մասով որևէ ակնկալիք Սևակ Արզարունին չի ունեցել և չունի:
Նման պայմաններում դատեք ինքներդ, թե ով է ում թալանել և ով է ում շահագործել:
Իսկ ինչ վերաբերում է հոդվածում նշված այն պնդմանը, որ Սևակ Արզարունին օլիգարխներից չի ուզում հետ մնալ, ապա դա Սևակ Արզարունին ընդունում է որպես չհաջողված հումոր: ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի 5 աշխատակիցներից 4-ը ապահովել են «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի գրասենյակի, այլ գույքի և անձնակազմի անվտանգությունը և գտնվել են նրա տարածքում: Սևակի հետ եղել է մեկ վարորդ-թիկնապահ: Իսկ թե Սևակ Արզարունու ինչին է պետք թիկնապահը, դա գիտի ինքը, և ոչ միայն ինքը, սակայն հրապարակել չի կարող:
Փաստաբան Նիկոլայ Հակոբյան
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել