
Զինվորական դատախազությունը չի շտապում ավարտել Բուդաղյանների գործով նախաքննությունը
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով զոհված Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի դիմումների քննությունը:
Գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը հիշյալ գործով այս տարվա առաջին նիստում փաստաբան Հ. Ալումյանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը դատարանին է ներկայացրել քրեական գործի 10 հատորների պատճենները եւ առաջարկեց իր կարծիքը հայտնել ներկայացված ցանկի վերաբերյալ: Փաստաբանը կես ժամ ժամանակ խնդրեց ցանկին ծանոթանալու համար, այնուհետեւ դատարանին հայտնեց, որ աշխատանքը ծավալուն է եւ ներկայացված ցանկը համեմատելու եւ ամբողջական հետազոտելու համար անհրաժեշտ է 1-2 օր: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Այս քրեական գործով նախաքննությունը դեռեւս չի ավարտվել եւ այդ իրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչպես է նախաքննական մարմինը տրամադրել քրեական գործը: Գործը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանը պատասխանեց, որ տեղին է մեր դիտարկումը եւ այդ պատճառով դարձյալ գործն ամբողջական չեն ներկայացրել: Ա. Ղազարյանը հայտնեց, որ այս գործով փորձաքննություններ չկան նշանակված, սակայն քննչական գործողությունները շարունակվում են` առանց մանրամասնելու քննչական գործողությունների բնույթը: Պրն Ղազարյանը չհստակեցրեց նախաքննությունն ավարտելու մոտավոր ժամկետը` «մեկ ամիս, գուցեեւ չորս ամիս հետո, նախաքննության ավարտը կախված է քննության արդյունավետությունից»:
Փաստաբան Հայկ Ալումյանն այս գործով ավելի քան 7 ամիս տեւող նախաքննության եւ այն ավարտելու հավանական ժամկետների մասին հետեւյալը հայտնեց. «Նախաքննությունը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես պահանջում եմ գործի նյութերը»: Փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինն այսքան ամիսներ փորձում է պարզել` Արտակ Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին սպառնալիքներ տվե՞լ է, թե`ոչ: Դա պարզելու համար վերջին ամիսներին ամսական մեկ քննչական գրծողություն են կատարում ինչ-որ վկաների հարցաքննելով, որի նպատակն իրականում նախաքննությունը երկարաձգելն է:
Ընթերցողներին հիշեցնենք, որ Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի կայացրած` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը` նրա մահվան պատճառով եւ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:
Մեկնաբանել