Բյուրեղավանի հանրակացարանի բնակիչներին զբաղեցրած սենյակները սեփականացնելու հնարավորություն կտրվի
Մանուշակ Հովակիմյան
Բյուրեղավան քաղաքի հանրակացարանների բնակիչները հիմնականում տարբեր համայնքներից Բյուրեղավան տեղափոխվածներն են: Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող թիվ 1 հանրակացարանում 80 ընտանիք է բնակվում` 200-ից ավելի բնակիչներով: Բնակիչների թվում շատ են անչափահաս երեխաները: Հանրակացարանի շենքը հին է, կոյուղագիծն ու ջրագիծը` փտած, տանիքը` վնասված, սանհանգույցը պիտանի չէ օգտագործման համար:
Բնակիչների ասելով` այս տարիների ընթացքում պարտաճանաչ վճարել են բնակարանի վարձը եւ կոմունալ վճարումները` հուսալով, որ մի օր կսեփականացնեն իրենց զբաղեցրած սենյակները:
56-ամյա Ստասիկ Սիմոնյանն իր յոթ հոգանոց ընտանիքով շուրջ 36 տարի բնակվում է այս հանրակացարանում: «Պայմանները շատ վատն են, ահավոր ա էստեղ ապրելը»,- ասում է Ս. Սիմոնյանը:
![]() |
![]() |
Հանրակացարանի նույն հարկի բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից: Ձմռանը կոյուղին խցանվում է, ծորակը վերանորոգման կարիք ունի, որի հետեւանքով ամբողջ սալահատակը սառույցով է պատվել, լոգարանից հազվադեպ են օգտվում, որը գտնվում է սենյակից դուրս եւ դարձյալ պատված է մերկասառույցով: «Այսպես էլ չենք կարողանում, ի՞նչքան դիմանանք: Ստիպված աղ եմ լցրել սառույցի վրա, որպեսզի հալչի եւ անցնել լինի, երեխեքս վայր չընկնեն»,- ասում է բնակիչներից մեկը:
Այս վթարային հանրակացարաններում բնակվող փոքրիկ երեխաների երազանքը մեկն է` սեփական տուն ունենալ: « Ուրիշ երեխաների պես ես Ձմեռ պապուց խաղալիքներ, հեռախոսներ չեմ ուզել միայն տուն եմ ուզել»,- ասում է հանրակացարանի 5-ամյա բնակիչ Տիգրանը:
Բնակիչները հատկապես դժվարանում են ձմռանը՝ վառելիք չունենալու, լվացքը չորացնելու հարցում: «Ամբողջ միջանցքը լվացքատուն է դարձել, անցնել չի լինում»,-դժգոհում են նրանք: Հանրակացարանների բնակիչները գիտեն, որ բնակարան պահանջել չեն կարող, սակայն բոլորը հոգու խորքում հույս են փայփայում, որ եթե իրենց սեփական բնակարանը չեն կարող ուենալ, գոնե այս սենյակները սեփականշնորհվեն:
Բյուրեղավանում գտնվող երկու հանրակացարանները քաղաքապետարանի ենթակայության տակ են: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը մեզ տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այս հարցով լրջորեն զբաղվում է: «Վազգեն Ա Վեհափառի անվան փողոցում գտնվող 2-րդ հանրակացարանն արդեն սեփականաշնորհվել է, այս տարի նախատեսում ենք սեփականացնել նաեւ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին հանրակացարանը, բայց կարեւոր է նաեւ բնակիչների աջակցությունը»,-ասաց քաղաքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել