
Թմրանյութերն ու ոստիկանությունը
Վերջին շրջանում բարձր պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց երեխաների անունները կապվում են թմրանյութերի շրջանառության հետ: Դա վկայում է թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում բարձիթողի վիճակի մասին: Ու թեև դա բավականին լուրջ հանցագործություն է, ու ամբողջ աշխարհն է փորձում դրա դեմն առնել, ՀՀ ոստիկանության պահվածքն անհասկանալի է:
Վարդանյան ու Նավասարդյան կրտսերները
Այսպիսով, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իշխող ՀՀԿ-ի աջակցությունը վայելող լեգենդար Յուրի Վարդանյանի որդուն ամիսներ առաջ ձերբակալեցին Մեղրիում, երբ, ըստ մամուլի հրապարակումների, նա փորձում էր թմրանյութերով հատել հայ-իրանական պետական սահմանը:
Իսկ ահա այս կիրակի էլ ավելի ցայտուն դեպք արձանագրվեց: Հուլիսին տրանսպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների և լուսաբանող լրագրողների նկատմամբ իր պահվածքով «աչքի ընկած» Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ, ՀՀԿ-ական Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող մեքենայում ոստիկանությունը թմրանյութեր հայտնաբերեց:
Ընդ որում, դա հայտնաբերվեց միայն այն ժամանակ, երբ կրտսեր Նավասարդյանը ծեծկռտուքի մասնակցեց, ապա իր Porsche-ով փորձեց փախչել ոստիկանական հետապնդումից: Ըստ ոստիկանության՝ այդ օրը Դավիթ Նավասարդյանն անհարգալից վերաբերմունք էր ցույց տվել հանրության նկատմամբ, և նրան հաջողվել էր շուրջ 5-6 կմ փախչել իրեն հետապնդող ոստիկաններից:
Եթե հանրային տրանսպորտի ոլորտում բիզնես ունեցող Դավիթ Նավասարդյանը ոստիկաններից չփախչեր կամ ծեծկռտուքի չմասնակցեր, իր մեքենայի թմրանյութերը այդպես էլ ջրի երես դուրս չէին գա:
Իհարկե, կրտսեր Վարդանյանի ու Նավասարդյանի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի դատարանում, եւ մենք չենք ուզում կանխակալ լինել ու շրջանցել նրանց անմեղության կանխավարկածի իրավունքը: Բայց ուշագրավ է, որ երկուսին էլ ոստիկանությունը բռնել էր ոչ թե թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում, այլ ուրիշ առիթներով:
Ոստիկանությունը
Թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետության անհրաժեշտության մասին խոսում են տարբեր ամբիոններից: Ու հարցին տրվում է «մեծ կարևորություն»: Այդ մասին խոսում էր անգամ Սերժ Սարգսյանը: Իսկ ոստիկանությունում ու դատախազությունում ստեղծվում են համապատասխան ստորաբաժանումներ:
Հասկանալի է՝ մեր երկրում քաղաքական ղեկավար պաշտոններ զբաղեցնողների ազգականներին դժվար է պատասխանատվության կանչել: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է անում հարկատուների գումարներով աշխատող ՀՀ ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ստորաբաժանումը:
Հարցի պատասխանը գտնելու համար որոշեցինք google-ով որոնել: Պարզվում է, որ 2013 թվականին ոստիկանության այդ ստորաբաժանումը աչքի է ընկել երկու բանով: Հունիսի 26-ին նշել է թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրը և նոյեմբերի 5-ին մասնակցել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներին (երբ կասեցվեց Շանթ Հարությունյանի երթը):
Որքան էլ դա զավեշտալի լինի, բախումներին քաղաքացիական հագուստով մասնակցել է ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը, ով, ըստ ամենայնի, հանդիսացել է այդ բախումների գլխավոր հրահրողն ու առաջին ռումբը պայթեցնողը (դրան մենք արդեն անդրադարձել ենք):
Փաստ է, որ թմրանյութերի դեմ պայքարի համար պատասխանատու ոստիկանը, իր հիմնական գործը թողած, եկել էր ու քաղաքացիական հագուստով մասնակցում էր Շանթ Հարությունյանի երթին:
Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի և մի շարք այլ պաշտոնյաների` թմրանյութերի դեմ պայքարի մասին հայտարարությունն ու այդ պայքարի անհրաժեշտությունն իրենց առաջնահերթությամբ էականորեն զիջում են Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ հրահրելու առաջնահերթությանը:
Այսինքն՝ ոստիկանության, ի մասնավորի՝ թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանման համար ավելի կարևոր է ընդդիմությանը այս կամ այն կերպ «նեղելը», քան թմրանյութերի դեմ պայքարելը:
Ակամայից հիշում ես տարբեր ֆիլմեր, որտեղ հենց վատ ոստիկաններն են թմրանյութերի առևտրով զբաղվողների «տանիքը»… Ուզում ենք հավատալ, որ Հայաստանում այդպես չէ:
Մեկնաբանել