
Օրենքն ու եվրաբոնդերը. պատասխան ֆինանսների նախարարության պարզաբանմանը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հերքում է, թե եվրաբոնդերից ստացված 700 մլն դոլարը պետական բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ: Նախարարության պարզաբանման մեջ բավական երկար մեկնաբանված են օրենքի դրույթները, սակայն այդ մեկնաբանություններն այնքան էլ անխոցելի չեն:
Նախ` որևէ մեկը չի կարող հիմնավորել, որ 700 մլն դոլարի լրացուցիչ գումարների ներառումը բյուջեում փոփոխություն կամ լրացում չէ: Ուստի, ստիպված ենք կրկնել՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ կետը ավելի քան հստակ սահմանում է, որ բյուջեում ցանկացած փոփոխություն կամ լրացում պետք է կատարվի օրենքով:
Երկրորդ` ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է հետևյալը. «Համաձայն ՀՀ կառավարության 03.10.2013թ. N1069-Ն որոշման՝ տեղաբաշխումից ստացված մնացած գումարը՝ մոտ 100 մլրդ դրամ, օգտագործվել է բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրման և ֆինանսական այլ ակտիվներում ներդրումներ կատարելու նպատակով, որոնց չափով ևս պակասեցվել է ՀՀ 2013թ. պետական բյուջեի դեֆիցիտը»: Ուշադրություն դարձրեք «ֆինանսական այլ ակտիվներում ներդրումներ» հասկացությանը: Ֆինանսական այլ ակտիվներում ներդրումը բյուջետային ելք չէ, այլ` ծախս, հետևաբար այդ գումարները չեն կարող օգտագործվել դեֆիցիտի նվազեցման համար: Դրանում համոզվելու համար պետք է նայել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի՝ «Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը (ընթացիկ և կապիտալ ծախսեր), ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը և ներգրաված փոխառու միջոցների մարումներ»: Ինչպես տեսնում ենք, «ֆինանսական այլ ակտիվներում ներդրում» հասկացությունը օրենքով մեկնաբանված չէ որպես ելք: Դա կատարված է այն պարզ պատճառով, որ ֆինանսական այլ ակտիվներում ներդրումը ոչ փոխատվություն է, ոչ էլ վարկավորում: Հետևաբար, ֆինանսական ներդրումը պետք է դիտարկել որպես կապիտալ ծախս: Ստացվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը այս երկրորդ պարզաբանմամբ կառավարությանը մի լրացուցիչ լիազորություն է վերագրել՝ ինքնուրույն որոշել ֆինանսական այլ ակտիվներում ներդրումների ուղղությունները:
Երրորդ` այո, ցավոք, «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքը կառավարությանը թույլ է տալիս դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում փոփոխություններ և լրացումներ կատարել: Սակայն, սա օրենքի ակնհայտ թերություն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնեն հաջորդ տարվա բյուջեն ընդունելիս, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա մի քանի հարյուր միլիոն դոլար տարրալուծել բյուջեում:
Լուսանկարը՝ A1plus.am-ից:
Մեկնաբանել