HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի 2008 թ. բյուջեի նախագծի հանրային քննարկում տեղի չունեցավ

Լուսինե Թոփլաղալցյան

Հունվարի 23-ին Գավառ քաղաքի ավագանու նիստից առաջ ներկաներին տրամադրվեց երկէջանոց տեղեկատու «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2008 թ. բյուջեի հակիրճ նախագիծ» վերնագրով:

Իր համառոտ եւ խիտ բովանդակության մեջ այն ներառում էր 3 պարբերություն «համայնքային բյուջե» հասկացության մասին, համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը, համայնքի բյուջեի միջոցների գոյացման աղբյուրները, ծախսերը եւ ծախսերի տեսակները` աղյուսակներով, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներով, 2008 թ. բյուջեի միջոցներով կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ` բյուջեի եւ այլ միջոցներով իրականացվելիք կապիտալ ծրագրերը: Սակայն խնամքով եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պատրաստված տեղեկատուի ամենաուշագրավ հատվածը վերջին էջն էր, որտեղ սեւով սպիտակի վրա քաղաքացիներին կոչ էր արվել մասնակցել հունվարի 23-ին` չորեքշաբթի, ժամը 14:00-ին Գավառի քաղաքապետարանում տեղի ունենալիք համայնքի բյուջեի նախագծի «հանրային քննարկմանը»` նրանց մտահոգություններն ու առաջարկությունները ստանալու նպատակով: 

Զարմանալին այս պարագայում այն էր, որ նույն վայրում, նույն օրը եւ նույն ժամին տեղի էր ունենում ավագանու նիստ: Նպատակը, հավանաբար, մեկն էր. կա՛մ երկու միջոցառումների համատեղումը, կա՛մ թափանցիկության եւ հրապարակայնության պատրանքի ստեղծումը: Այլապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ավագանու նիստի անցկացման նման ընթացակարգ սահմանված չէ: 

Հանրային քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Ավագանու նիստ էր` իր օրակարգային 5 հարցերով, որոնցից 4-րդը ձեւակերպված էր այսպես. «Գավառ համայնքի 2008 թ. բյուջեի հանրային քննարկման եւ հաստատման մասին»: Ուր նայում ես` նույն «հանրային» քննարկումը: Սակայն ավագանու նիստին ներկա գտնվող «պատահական» կամ չհրավիրված մարդիկ չկային, քանի որ բյուջեի համառոտ նախագիծը, հավանաբար, մինչեւ ավագանու նիստ հրավիրելը չէր տարածվել համայնքում: Եթե անգամ տարածվել էր, ապա հանրային քննարկման եւ օրակարգային 5 հարցերով հագեցած ավագանու նիստի համատեղումը տեխնիկապես անհնար էր դառնում: Ավագանու նիստին հրավիրված էին համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ` երկու կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք անմիջական մասնակցություն էին ունեցել բյուջեի նախագծի մշակման, նախագծի համառոտ եւ ընդարձակ տարբերակների հրատարակման գործում: 

Օրենքի պահանջին համապատասխան` ավագանու անդամներին տրամադրված էին նիuտի հետ կապված բոլոր փաuտաթղթերը` համապատասխան քանակով, եւ դրված էին համայնքի ավագանու նuտավայրում` բոլորի համար մատչելի տեղում: Բոլոր փաստաթղթերը պատրաստված էին գրագետ, ավագանու անդամներից յուրաքանչյուրին տրամադրված էր անվանական թղթապանակ: 

Ավագանու նիստի օրակարգային առաջին 3 հարցերի թվում էին համայնքի 2008-2010 թթ. ֆինանսական կառավարման ռազմավարության հաստատման, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի դրույքաչափերի եւ համայնքի ենթակա կազմակերպությունների հաստիքացուցակների եւ դրույքաչափերի հաստատման մասին հարցերը: Այս հարցերի վերաբերյալ ավագանին որոշումներն ընդունեց առանց քննարկելու:
Համայնքի 2008-2010 թթ. ֆինանսական կառավարման ռազմավարության հաստատման հարցի քննարկումից սկսած` ավագանու` հանրային քննարկման չվերածված նիստը սկսեց նմանվել շնորհանդեսի: Համակարգչի եւ պրոյեկտորի միջոցով արագ-արագ ներկայացվեց ռազմավարության տեքստը, սակայն շնորհանդեսի տպավորությունը բխում էր ոչ թե պրոյեկտորից, այլ հետագա շնորհակալությունների եւ շնորհավորանքների տարափից, որոնք քանիցս հնչեցրին հյուրերը, քաղաքապետարանի աշխատակիցները, ավագանին եւ ուսուցողական կենտրոնի տնօրենը` կամաց-կամաց տաքացնելով շատ ցուրտ սենյակը:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի դրույքաչափերում նախորդ տարվա համեմատությամբ փոփոխություններ չէին արվել: Գավառի քաղաքապետարանը 44 աշխատակից ունի, քաղաքապետի աշխատավարձի դրույքաչափը 240 հազար դրամ է, քաղաքապետի տեղակալի դրույքաչափը` 190 հազար դրամ, աշխատակազմի քարտուղարինը` 130 հազար դրամ: Մնացած աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերը սահմանվեցին 25 հազար դրամից մինչեւ 70 հազար դրամի սահմաններում: Իսկ համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատավարձերի դրույքաչափերը նախորդ տարվա համեմատ սահմանվեցին 20 տոկոսով բարձր, 25-30 հազար դրամի սահմաններում` կապված նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման հետ:

Գավառ քաղաքի 2008 թ. բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի իրավա-տնտեսագիտական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բրսիկյանը: Նա նշեց, որ նախագիծը մշակվել է նոր ձեւաչափով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ եւ նրանց օժանդակությամբ: Նոր բյուջետավարման ձեւաչափը բանախոսը ներկայացրեց այսպես. «Եթե նախորդ բյուջեներում մենք նշում էինք, թե որքան ենք ծախսելու, այսինքն` որոշակի թիվ, ապա նոր բյուջետավարումով ունենալու ենք, թե ինչ ենք ստանալու, այսինքն` արդյունքը»:

Ապա ձայն խնդրեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը` որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջետավարման ձեւաչափի ներդրող ու իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ: Նա նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, համայնքապետարանի աշխատակազմին եւ ավագանու անդամներին միմյանց հետ մեկ տարի աշխատելու համար: Ապա նշեց, որ իրենք չեն փոխել բյուջեի պարունակությունը, թվերը, քաղաքականությունը, որը սահմանում են համայնքի ղեկավարն ու ավագանին: Նա ասաց, որ իրենք ուղղակի պատրաստել են բյուջե, որը համայնքի բնակչությանն ավելի լայն հնարավորություն կտա տեսնելու` ինչ է կատարվում, գնահատել կատարվածը եւ ուղղակի վերահսկողական գործառույթներ իրականացնել դրանց նկատմամբ: Վ. Մովսիսյանը հիմնավորեց բյուջետավարման նոր ձեւաչափի առավելությունը. «Կարեւորագույն արդյունք է դարձել ոչ թե փողը, այլ այն արդյունքը, որ ուզում ենք ստանալ»: Ապա շնորհավորեց համայնքին` նշելով, որ նման ձեւաչափով բյուջե մշակվում է հանրապետության 9 համայնքներում, որոնցից մեկը Գավառն է եւ լավագույններից մեկն է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրում այն դիտարկվում է որպես մոդելային համայնք, եւ հավելեց, որ մինչեւ տարեվերջ նոր ձեւաչափով բյուջե մշակող համայնքների թիվն ավելանալու է եւս 4-ով: Նիստի ընթացքում նա նաեւ հայտնեց, որ 10-15 օր հետո հաստատված բյուջեի վերաբերյալ կհրատարակվեն ավելի մեծ քանակով գրքույկներ եւ կտարածվեն համայնքի բնակիչների շրջանում, որպեսզի վերջիններս կարողանան տեսնել` նախատեսված աշխատանքները կատարվու՞մ են, թե՞ ոչ: «Քաղաքապետարանը քայլ է անում դեպի ձեզ թափանցիկ լինելու համար,- ասաց նա ներկաներին,- բայց դուք պարտավոր եք հակառակ քայլն անել. օգտվել այդ թափանցիկությունից: Այլապես սա ոչ մի բանի պետք չէ»:

Ապա Տ. Բրսիկյանը նշեց, որ համայնքի 2008 թ. բյուջեն եւ բյուջեի հակիրճ նախագիծը կազմվել է Արթիայ-RTI (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3-րդ փուլ) կազմակերպության հետ: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ Գրիգոր Դաշտոյանը, ով նիստը վարելու իրավունք էր ստացել համայնքի ղեկավարից, ընդմիջեց բանախոսին եւ լրացում անելու նպատակով ասաց, որ Արթիայ կազմակերպությունը Գավառի քաղաքապետարանին տրամադրելու է նոր աղբատար ավտոմեքենա, որի համար քաղաքապետարանի անունից շնորհակալություն հայտնեց: Ի դեպ, Գ. Դաշտոյանն աշխատում է նաեւ տեղական «Քյավառ» հեռուստաընկերությունում եւ լուսաբանում է քաղաքապետարանի աշխատանքները: Դժվար չէ կռահել, թե համայնքի բնակիչներին քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելու ինչպիսի՞ օբյեկտիվություն է բաժին ընկնում այդ համատեղության արդյունքում:

Ի դեպ, «Արթիայ» կազմակերպությունն աղբատար մեքենա ձեռքբերելու համար տրամադրելու է 9 մլն 300 հազար դրամ, իսկ Գավառի 2008 թ. բյուջեով նախատեսված է ներդրում 2 մլն 340 հազար դրամի չափով: Գավառ քաղաքում սանմաքրման եւ աղբահանության աշխատանքներն իրականացվում են «Գավառտրանս» ՍՊԸ-ի միջոցով: Բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ 2006 թ. Գավառ քաղաք են բերվել 2 նոր աղբատար ավտոմեքենաներ եւ 300 աղբարկղեր, իսկ աղբահանությունը կատարվում է ամենօրյա գրաֆիկով: Սակայն համայնքի բնակիչների համար այդպես էլ հասկանալի չէ, թե 2006 թ. ով է «բերել» աղբատար ավտոմեքենաները, դրանք համայնքի սեփականությու՞նն են, թե՞ ոչ: Եթե քաղաքապետարանն է ձեռք բերել, ապա արժանի է հիշատակման, եթե «Գավառտրանսն» է բերել, այդ դեպքում, եթե ընթացիկ տարում ձեռքբերվելիք աղբատար ավտոմեքենան հաշվառվի համայնքի հաշվեկշռում, ապա ի՞նչ հիմունքներով է համայնքն իր մեքենան հանձնելու ծառայություններ մատուցող ընկերությանը: Սրանք հարցեր են, որ պետք է գտնվեն ավագանու ուշադրության եւ վերահսկողության կենտրոնում: 

«Արթիայ» կազմակերպության ներկայացուցիչ, բյուջետային եւ ֆինանսական կառավարման մասնագետ Վահրամ Շահբազյանն էլ, շարունակելով իրենց մասին ասվածը, նշեց, որ Գավառի քաղաքապետարանի հետ իրենք աշխատում են բավականին երկար, շուրջ 2-3 տարի եւ տարբեր` օրենսդրական, ֆինանսական կառավարման, ծառայությունների մատուցման, ավագանու եւ հանրային կապերի ուղղություններով: Մշակել են 2 փաստաթուղթ` ֆինանսական կառավարման ռազմավարություն` նախատեսված 3 տարվա համար, ինչը համայնքի զարգացման եռամյա ծրագրի մաս է կազմում, եւ բյուջեի հակիրճ նախագիծ` նախատեսված համայնքի ավագանու եւ բնակչության համար: Նա իր ղեկավարության անունից գոհունակություն հայտնեց Գավառի քաղաքապետին ու աշխատակազմին, շնորհավորեց օրվա առթիվ եւ նշեց, որ Գավառն իրենց լավագույն համայնքներից է: Միաժամանակ նշեց, որ աղբատար մեքենայի գնման գործընթացն արդեն սկսել են:

Աղբանության հարցի առթիվ ավագանու անդամ Անահիտ Շահզադյանն ասաց, որ մի ծրագրի շրջանակներում հանրապետության 13 ավագանու անդամների հետ շփումների ժամանակ պարզվել է, որ աղբահանությունը բոլոր քաղաքների խնդիրն է: Եվ նշեց, որ Գավառը մաքուր քաղաքներից մեկն է: Իսկ մեր տպավորությունն այնպիսին էր, որ ավագանու անդամները Գավառում լավ չեն շրջում կամ շրջում են ոչ բոլոր փողոցներով: Չէ՞ որ աղբահանությունը քաղաքի մաքրության պահպանման պայմաններից միայն մեկն է: 

Ի վերջո, բյուջետային հարցերի ներկայացման պատասխանատու Տ. Բրսիկյանը հնարավորություն ունեցավ ներկայացնելու վերջին երկու` 2006 եւ 2007 թթ. բյուջեի ցուցանիշները` համեմատական վերլուծություն կատարելով 2008 թ. նախատեսվածի հետ: Նշվեց, որ 2007 թ. եկամուտների գծով բյուջեն կատարվել է 92 %-ով, եւ համայնքը պարտքեր չունի: 2006 թ. հավաքագրվել է 1 մլն 867 հազար 700 դրամ հողի հարկ, 2007 թ.` 2 մլն 998 հազար 300 դրամ, իսկ 2008 թ. եկամուտների հավաքագրումը հողի հարկի գծով նախատեսվել է 14 մլն դրամ: Քանի որ հողի հարկ վճարողների տվյալների բազան հարկային տեսչությունից տրվելու է համայնքին, ինչի մասին ավագանին նույնպես որոշում ընդունեց, ապա նախատեսվել է այդքան մեծ գումար նախորդ տարիների համեմատությամբ: Նախատեսվում է 42 մլն գույքահարկի, 12 մլն 200 հազար` տուրքերի, 17 մլն 574 հազար` ոչ հարկային եկամուտների եւ 24 մլն 160 հազար եկամուտների հավաքագրում կապիտալի գործառնություններից: 2008 թ. պաշտոնական տրանսֆերտները նախատեսված են 172 մլն 141 հազար 900 դրամի չափով, որոնք կազմում են բյուջեի եկամուտների 61 %-ը:

Գավառի 2008 թ. բյուջեի ծախսային մասը կազմում է 290 մլն 10 հազար 500 դրամ: Դրա մեծ մասը` 35,6 %-ը, նախատեսվում է համայնքի 8 նախադպրոցական հիմնարկների, մանկապատանեկան ստեղծագործության եւ ուսուցողական կենտրոնների, երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների պահպանման եւ գործունեության ապահովման համար` աշխատավարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների եւ վարչական ծախսերի համար: 

Ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունների համար նախատեսվում է 58 մլն 194 հազար 600 դրամ: Սոցիալական ոլորտում նախատեսվում է 5 մլն դրամ համայնքի 400 անապահով եւ խոցելի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու եւ 1 մլն դրամ բարեգործական ճաշարանի գործունեության համաֆինանսավորման համար: 

Աղբահանության, սանմաքրման, կանաչապատման եւ բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման ու նորոգման համար բյուջեով նախատեսված է 26 մլն, եւ թափառող շների ոչնչացման համար` 800 հազար դրամ:

Բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերը ներառում են քաղաքի կենտրոնական հրապարակի, շատրվանային համակարգի վերակառուցման եւ շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում 40 մլն դրամ արժողությամբ, հասարակական զուգարանի կառուցում` 3 մլն, քաղաքապետարանի վարչական շենքի սանհանգույցների վերանորոգում` 2 մլն, քաղաքապետարանի համար գույքի եւ սարքավորումների ձեռքբերում` 1,5 մլն դրամ արժողությամբ եւ արդեն նշված ներդրումը աղբատար մեքենայի ձեռքբերման համար: Կապիտալ ծրագրերի շարքում է նաեւ համայնքի Ֆ. Դովլաթյանի անվան մշակույթի տան վերանորոգումը պետական բյուջեից հատկացվելիք 15 մլն դրամով:

2008 թ. բյուջեն նախատեսում է նաեւ 1,5 մլն դրամ` 2 հասարակական կազմակերպությունների գործունեությանն աջակցելու նպատակով, 600 մ երկարությամբ Շահումյան փողոցի եւ մայթերի վերանորոգման համար` 4 միլիոն դրամ, 2 կմ երկարությամբ լուսավորված փողոցների սպասարկման համար` 1 միլիոն դրամ, գիշերային լուսավորության համակարգը 540 մետրով ընդլայնելու համար` 2 մլն դրամ, 67 մ2 կանաչապատ տարածքների բարեկարգման համար` 2 մլն դրամ, դաշտամիջյան 10 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման համար` 3 մլն դրամ հատկացումներ: 

Բյուջեի 6,6 %-ը` 19 մլն 174 հազար դրամը, նախատեսվում է մշակույթի տան, քաղաքային գրադարանի, մարզադպրոցի, Հացառատ եւ Արծվաքար թաղամասերի ակումբների ծառայությունների պահպանման եւ համայնքի բնակչությանը տեղեկատվությամբ ապահովելու համար: Ինչպես նշված է նախագծում, 600 հազար դրամ նախատեսված է ԶԼՄ-ների (մամուլ եւ հեռուստատեսություն) միջոցով բնակչությանը քաղաքապետարանի գործունեության մասին իրազեկելու, բյուջեի ձեւավորման եւ կատարողականի մասին 12 հեռուստահաղորդում եւ 30 լուր տրամադրելու համար: 

Ցանկացած, մանավանդ բյուջետային նման լուրջ միջոցների տիրապետող համայնքում, բյուջեի ձեւավորման եւ կատարողականի մասին հանրամատչելի հաշվետու հեռուստահաղորդումները մշտապես հասարակայնորեն պահանջված են: Հատկապես, երբ դրանք լուսաբանվում են անկողմնակալ եւ անկախ դիրքորոշում ունեցող սակավաթիվ լրատվական միջոցներով: Առավել ցանկալի է համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի եւ ավագանու անդամներից իրենց գործունեության մասին հաշվետվություններ, ուղիղ եթերով հարցադրումներ անելու հնարավորություն ունենալ, քանի որ մեր հանրությունն այս մարդկանց տեսնում է միմիայն ընտրարշավների ժամանակ: Իսկ մեզանում լուրերի միջոցով տեղեկատվություն տրամադրելը, ցավալիորեն, միայն թափանցիկության պատրանք է ստեղծում եւ ոչ ավելին: Միաժամանակ լուրերի հաղորդումը ԶԼՄ-ներով մեծամասամբ իրականացվում է անվճար, ուստի համայնքի ավագանին պարտավոր է վերահսկել, որպեսզի հրապարակայնության, թափանցիկության եւ բնակչությանը հաշվետու լինելու գործընթացի համար նախատեսված միջոցները համայնքի «գործադիրն» օգտագործի առավելագույնս արդյունավետ: Ի դեպ, անհնար է չհրապուրվել ու ասվածին չհավելել եւ այն, որ շատ փոքր ծախսերի միջոցով կարելի է պարբերաբար քաղաքապետարանի դահլիճում «հանրային քննարկումներ» հրավիրել համայնքի բնակիչ-համայնքի ղեկավար, համայնքապետարանի աշխատակազմ, ավագանի կապը գործուն դարձնելու եւ տեղական ինքնակառավարման սկզբունքները կենսագործելու նպատակով:

Խոսելով բյուջեի նախագծի մասին` ավագանու անդամ Սամվել Ամիրխանյանը նշեց, որ նրանում կարելի է տեսնել համայնքի զարգացման տեսլականը: Առաջարկված բյուջեն կայուն է, սակայն հետագա զարգացումների առումով համայնքի միջոցները սուղ կլինեն: Կարեւորելով միջազգային կազմակերպությունների անփոխարինելի աջակցությունը` նա նկատեց, որ համայնքի կյանքում բեկում է եղել, սակայն մտահոգություն հայտնեց, որ համահարթեցման դոտացիայով հնարավոր չէ զարգացում ունենալ: Նա կարեւորեց, հարկային եկամուտներից զատ, սեփական աղբյուրների ստեղծումը` տեղում չդոփելու մտավախությամբ: Առաջարկելով հաստատել բյուջեի նախագիծը` Ս. Ամիրխանյանը միաժամանակ առաջարկեց այն համարել զարգացող բյուջե:

Եվ մինչ քվեարկության կայացումը, ավագանու նիստն, իրոք, վերածվեց քննարկման, բայց ոչ թե բյուջեի նախագծի, այլ տեղական ինքնակառավարման համակարգի ինդիրների եւ զարգացման հեռանկարների մասին` ներառելով վարչական բյուջեում սեփական բավականին լուրջ եկամուտների ամրագրման գործում բիզնեսի ներգրավման, ԱՀՌԾ նոր նախագծի եւ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրից գլուխ չհանելու մասին:

Այս քննարկումներից հետո, ի վերջո, Գավառ քաղաքի ավագանին ծափահարությունների ներքո հաստատեց քաղաքի 2008 թ. բյուջեն:

Կուզենայինք հավատալ, որ իր նախընտրական` 2005 թ. քարոզչաթերթիկում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետեւյալ խոսքերն անվերապահ կծառայեն համայնքի 2008 թ. շուրջ 292 մլն դրամ բյուջեի ոչ հռչակագրային թափանցիկության ապահովմանը. «Գավառ քաղաքի ֆինանսների ծախսումը պետք է դադարի բնակիչների համար լինել անհասանելի եւ փակ թեմա կամ մի քանի չինովնիկի մենաշնորհ: Ֆինանսական միջոցների ձեւավորումը եւ օգտագործումը թեգ հավաքագրման, թեգ ծախսման փուլում պետք է կրի բացարձակ հրապարակային բնույթ, հասկանալի լինի ձեզ համար: Քաղաքապետը եւ ավագանին հաշվետու եւ պատասխանատու են հավաքագրված եւ ծախսված յուրաքանչյուր լումայի համար»: 

Հուսանք: Քանի որ բյուջեով բավականին լուրջ գումարներ են նախատեսված տարբեր աշխատանքներ իրականացնելու համար. քաղաքի կենտրոնական հրապարակի, շատրվանային համակարգի վերակառուցման եւ շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար` 40 մլն դրամ, 600 մ երկարությամբ Շահումյան փողոցի եւ մայթերի վերանորոգման համար` 4 մլն դրամ, գիշերային լուսավորության համակարգը 540 մետրով ընդլայնելու համար` 2 մլն դրամ, 67 մ2 (համարյա մեկ տնամերձի չափով) կանաչապատ տարածքների բարեկարգման համար` 2 մլն դրամ, դաշտամիջյան 10 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման համար` 3 մլն դրամ եւ այլն:


Լուսինե Թոփլաղալցյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter