HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Դիտավանը հանրապետության ամենաքիչ լրավճար ստացող գյուղն է

Դիտավանը Իջեւանի տարածաշրջանի փոքր գյուղերից է: Գյուղի հողերը շուրջ 8 կմ սահմանակցում են ադրբեջանական Բարխուդարլու բնակավայրին, սակայն արդեն 16 տարի առաջ ադրբեջանցիները լքել են այն:

Բերդ տանող մայրուղուց շեղվող, Դիտավան տանող 3 կմ վերելքը չարչարանց ուղի է թվում, քանզի այստեղ դեռ նստած է դեկտեմբեր ամսվա ձյունը, որին գումարվել են հունվարի տեղումները: Ակնառու է, որ ճանապարն ընդհանրապես չի մաքրվել: Ձյան տակ վարորդներին դավադիր սառույցն է: Գյուղ մտնող միակ ճանապարհը ոլորապտույտ ձգվում է վերեւ: Համայնքապետարանի շենքի ճակատին Հայաստանի հանրապետական կուսակցության մեծ արծիվն է, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մեծ պաստառը եւ համայնքապետարանի առավել քան համեստ ցուցանակը:

Թեեւ համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` մինչեւ հունվարի վերջ համայնքի ավագանին պետք է նիստով հաստատեր համայնքի բյուջեն, սակայն մինչ մեր այցի օրը` հունվարի 30-ը, նիստ չէր կայացել: Համայնքային բյուջեն քննարկելու եւ հաստատելու առանձնակի տրամադրություն էլ չկար այստեղ: Համայնքապետարանի 7 աշխատակիցները եւ գրադարանավարուհին դեռեւս չեն ստացել 2007 թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների աշխատավարձը: Թեեւ 2007 թ. հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանվել է 20 հազար դրամ, սակայն անցյալ տարի Դիտավանի համայնքապետարանի գանձապահ Կարինե Ոսկանյանը եւ հավաքարար Անահիտ Աբազյանը վարձատրվել են 0.75 դրույքաչափով, 15 հազարական դրամով: Համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանն ասում է, թե այս տարի նրանք 25 հազարական դրամ կստանան, իր աշխատավարձի չափն էլ 2008 թ. նախորդ տարվա 60 հազարից կնվազեցվի մինչեւ 40 հազար դրամ: Նույնքան կստանան նաեւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն ու հաշվապահը: Անհասկանալի է մնում, թե «մաքուր» 35 հազար դրամ ստանալու դեպքում 2002 թ. Դիտավան համայնքի ղեկավումը ստանձնած Սեյրան Սարգսյանն ի՞նչ շահագրգռվածությամբ եւ եռանդով է կատարելու իր պարտականությունները:

Դիտավանում հաշվառված է 425 բնակիչ: Այս թիվը շատ բախտորոշ է համայնքի համար, քանի որ բացասաբար է անդրադառնում համայնքի բյուջեի վրա: Բանն այն է, որ մինչեւ 300 բնակիչ ունեցող գյուղերը պետբյուջեից հաստատուն չափի` տարեկան 2.5 մլն դրամ լրավճար (դոտացիա) են ստանում: Իսկ 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների համար արդեն լրավճարի հաշվարկման բանաձեւ է կիրառվում:

«Հայաստանի համայնքներից ամենաքիչ դոտացիան մենք ենք ստանում»,- վկայում է Սեյրան Սարգսյանը: 2007 թ. պետբյուջեից համայնքի լրավճարը կազմել է 1 մլն 47 հազար դրամ, այս տարի մի քիչ ավել կլինի` 1 մլն 80 հազար դրամ: 

Գյուղը նախկինում 125 ծուխ է ունեցել, սակայն Ռուսաստան արտագաղթի պատճառով 40 տան դռներ հիմա փակ են: Արտագաղթի շարունակվելու, եւս մի քանի տուն լքելու դեպքում համայնքը կարող է ստանալ «բաղձալի» 2,5 մլն դրամ պետական լրավճարը: Դիտավանի անցյալ տարվա բյուջեն կազմել է 18 մլն դրամ: Դրա մեջ, վերոհիշյալ 1.4 մլն դրամ լրավճարից բացի, ներառված են նաեւ գյուղի ճանապարհների վերանորոգման համար պետբյուջեից հատկացված 5 մլն դրամ միանվագ օժանդակությունը` սուբվենցիան (պետական նպաստ տեղական օրգաններին), եւ «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» ծրագրով 2 հա արքայանարնջի այգու տնկման նպատակով հատկացված 3 մլն դրամը: 

2007 թ. բյուջեով նախատեսված էր գանձել 2 մլն 467 հազար դրամ հողի հարկ եւ 2 մլն 351 հազար դրամ գույքահարկ: Սակայն գանձվել է 1 մլն 774 հազար դրամ հողի հարկ եւ 1 մլն 414 հազար դրամ գույքահարկ: Հողի հարկի պլանի թերակատարումը համայնքապետարանում պատճառաբանում են նրանով, որ արտագաղթի հետեւանքով շատ տներում մնացել են տարեցները, ովքեր ի վիճակի չեն լիարժեք մշակել հողերը, արտերկրում գտնվողների հողերը հաճախ մշակում են նրանց հարազատները` զլանալով, սակայն, հարկերը վճարել: Հողը մշակելուն խանգարում է նաեւ այն, որ դիտավանցիներն ընդամենը երկու «Բելառուս» տրակտոր ունեն, որից մեկն այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ է գնվել: Համայնքապետարանը հողի հարկը չվճարող դիտավանցիներին դատի չի տալիս, սակայն հիմնարկությունների դեմ հայցեր է ներկայացնում եւ այս կերպ գյուղի համար խնդիրներ լուծում: Օրինակ` 3 տարի առաջ գյուղի տարածքում գտնվող եւ լուծարման փուլում գտնվող «Նավթոբազային» դատի են տվել եւ այս հիմնարկության կուտակած հարկային պարտավորությունների դիմաց ստացել 7 մլն դրամ: Այդ գումարից 1 մլն 600 հազար դրամով համայնքաապետարանի համար «Ժիգուլի» մեքենա են գնել: Հիմա էլ «Բերրիության Իջեւանի միջշրջանային բազա» ԲԲԸ-ին են դատի տվել` 663 հազար դրամի պահանջով: Սակայն համայնքի բյուջեն դատարանների վճռով չի լցվում:

Համայնքապետարանում տխուր հաշվապահություն ներկայացրին. 8 հոգու աշխատավարձերից բացի, տարեկան 912 հազար դրամ մուծում են կենսաթոշակային հիմնադրամին, 150 հազար դրամ` գյուղի փողոցների գիշերային լուսավորության եւ 70 հազար դրամ էլ համայնքապետարանի միակ հեռախոսի համար: Հավելեցին նաեւ, որ Իջեւանի համայնքների միությանը, որպես անդամավճար, պարտք են 93 հազար դրամ: Սակայն այս անմխիթար ֆինանսական կացության մեջ անտրամաբանական շռայլություն է թվում համայնքի ավագանու 2007թ. մայիսի 27-ի որոշումը` համայնքապետարանի համար 90 հազար դրամով ձեռք բերել հեռուստացույց` պատվանդան-պահարանի հետ, 60 հազար դրամով էլ` բջջային հեռախոս:

Հեռուստացույցն իմ այցի ժամանակ գտնվում էր համայնքապետի փակ, չվերանորոգված, չջեռուցվող սենյակում: Բջջային հեռախոսն էլ հաշվապահ Մաքսիմ Մարությանին են տվել, թեեւ ասացին, որ համայնքապետարանի կարիքների համար են օգտագործում:

Համայնքապետարանի ունեցած տեխնիկան մի պատճենահանող սարք է, որի ներկն էլ, ասացին, վերջանում է: Մի գրություն պատրաստելու համար գնում են Իջեւան, դռնեդուռ ընկնում: Տավուշի մարզպետարանի ղեկավարները դեռ մի տարի առաջ են խոստացել Դիտավանի համայնքապետարանին համակարգիչ տալ, բայց դե խոստումները կատարումով են գեղեցիկ: Համայնքապետ, ՀՀԿ անդամ Սեյրան Սարգսյանն ասում է, որ աշնանը չի առաջադրելու իր թեկնածությունը, թեեւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Աղասի Ղիասյանն ասաց, որ նրան համոզելու են առաջադրվել: Տխուր տպավորությունը փոքր-ինչ ցրվեց, երբ Ս. Սարգսյանը միջանցքի պատին մատնացույց արեց վերջին տարիներին կատարված տարբեր ծրագրերի լուսանկարները` կիսախողովակներով փողոցի սելավատարների կառուցում, նոր թաղամասում խմելու ջրագծի շինարարություն, գերեզմանատան բարեկարգում եւ այլն: 

Սակայն ադրբեջանական հրետակոծությունից վնասված, անցյալ դարի 30-ական թվականների կառույց հիշեցնող, կոտրված ապակիներով գյուղի ակումբը կրկին մեզ վերադարձրեց մռայլ իրականություն, հիշեցրեց 21-րդ դարին անհարիր վիճակի մասին: Այս ցրտի մեջ ընտրատարածքի վերածված ակումբում փետրվարի 19-ին կկայանան նախագահական ընտրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter