Ի վիճակի՞ են հայերը ցեղասպանության
Հայտնի է, որ բոլոր ցեղասպանություններն իրականացրել են ոչ ժողովրդավարական երկրները: Արդյո՞ք նրանք` այդ երկրները, նրանց ղեկավարները բավարար չափով անգրագետ են եղել կամ անպատժելիության հզոր զգացում են ունեցել այդ ցեղասպանություններն իրականացնելու համար:
Ոչ: Ավելի ճիշտ` նրանց անպատժելիությունը կամ անգրագիտությունը սնվել է տվյալ երկրի ժողովրդի պահանջներով, ըստ որի` եթե ժողովուրդը կարծում է, որ թուրքն ավելին է, քան հայը, կամ կարմիր կխմերներն ավելին են, քան էթնիկ վիետնամցիները Կամբոջայում, բնականաբար, գալիս է մի օր, երբ Թալեաթը ոչնչացնում է հային կամ Պոլ Պոտը, այսինքն` կարմիր կխմերները Կամբոջայի էթնիկ վիետնամցիներին:
Եթե հային կամ էթնիկ վիետնամցուն ոչնչացնելու «հրամայականը» դիմադրություն չի գտնում, այդ դիմադրության բացակայությունը ժամանակի ընթացքում դառնում է մասնակցություն: Ահա այսպես է ժողովուրդը մասնակցում ցեղասպանությանը: Հիտլերը հրեաներին ոչնչացրեց ոչ թե շնորհիվ այն բանի, որ կարողացավ գերմանացիներին ներշնչել հրեաներին ոչնչացնելու անհրաժեշտությունը, այլ որ հասարակ, չարքաշ ժողովուրդը երբեք չի սիրում իր մեջ փնտրել իր չարքաշության պատճառները, իսկ ղեկավարությունն էլ թույլ չի տա, որ իր մեջ փնտրեն: Հենց սկսում ես ղեկավարության մեջ փնտրել, փրկվում են հրեան, հայը, կամ, ասենք, թութսին` Ռուանդայում:
Բոլոր այս ցեղասպանությունները հաջորդում են ժողովրդի մեջ սեփական իրավացիությամբ փքվածության գիտակցումին: Եվ, ըստ այդմ, ինչու՞ է անհրաժեշտ, որ թուրքերն ընդունեն հայերի ցեղասպանությունը: Բանն այն է, որ մենք` հայերս, նաեւ` մնացած աշխարհը, կարող ենք ձեռքներս ծալած նստել եւ գոնե մեկ անգամ այսուհետ չհիշատակել այն մասին, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն: Ու չնայած դրան` թուրքերը պարտավոր են ընդունել այն, որ ցեղասպանել են հայերին: Ցեղասպանության ընդունումը նախ եւ առաջ անհրաժեշտ է իրենց` թուրքերին: Եվ ահա թե ինչու: Անհրաժեշտ է, որովհետեւ պատմական ինչ-որ մի իրականության մեջ կա գաղտնի վտանգ, որ մենք ինքներս` հայերս, կլինենք թուրքերի նման, ինքներս հնարավոր է կոտորենք նրանց: Ճանաչումը կանխարգելում է մեր` թուրքերին կոտորելու հնարավորությունը: Այս դեպքում պայմանականորեն թուրքերի փոխարեն պատկերացնենք ադրբեջանցիներին: Նրանց որ հաստատ խնդիր չենք տեսնում կոտորելու: Իսկ ինչու՞ պիտի կոտորենք նրանց: Բանն այն է, որ մեր մենթալիտետն այլեւս կոտորողների մենթալիտետ է: Մենք ընկած ժողովուրդ ենք ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մենք «ափդեյթ» արեցինք բոլոր արատները, որոնք բնորոշ են փորձություններ չապրած մարդկանց, կամ ավելի ճիշտ` որեւէ կրոն եւ հավատ չունեցող ցեղախմբին: Հիմա մենք փորձություններից դուրս ենք գալիս մեր արատներին ապավինելով, իսկ արատները բնորոշ են նրանց, ովքեր խորամանկում են անազատության մեջ: Ազատության մեջ ապրող մարդը չի խորամանկի, ըստ այդմ` իր արատներին ապավինելու կարիքը չունի: Այս տրամաբանությունը ցեղասպան դառնալու ճանապարհին անհրաժեշտ զինանոց է:
Հաջորդն այն է, որ վերջին 10 տարում Հայաստանում հեռուստալրատվամիջոցներով իրականացվում է ցեղասպանություն իրականացնողների սերնդի դաստիարակություն: Այսինքն` իրականացվում է մի սերնդի հետեւողական ձեւավորում, որը միտք չի աշխատեցնում: Այդ սերունդը որոշակի տարիք չունի` եւ՛ պատանի է, եւ՛ երիտասարդ, եւ՛ միջահասակ, եւ՛ տարեց, այդ սերունդը հարուստ կամ աղքատ չէ, այդ սերունդը պարզապես անարժանապատիվ է եւ անինքնասեր, այդ սերունդը ոչինչ չի առաջարկում իր երկրին, այդ սերունդը չի փնտրում պատճառներ եւ չի ճանաչում հետեւանքներ, այսինքն` չի ուզում իմանալ, թե ինչու է այսքան ընկել եւ չի հետաքրքրվում, թե որտեղից ուր է հասել: Այսինքն` այդ սերունդը տեղյակ էլ չի, թե նախկինում ուր էր, որտեղից էլ գլորվել-ընկել է: Այսինքն` չունի արժեքներ, որոնց համեմատ որոշի իր «գտնվելու» վայրը: Այսպիսով, որեւէ ժողովրդի ցեղասպանելու համար բավական է, որ ցեղասպանողը պարզապես արժեքներ չունենա: Բայց արժեքներ ունեցողներ էլ կան, որոնց հայերի ցեղասպանությունը հետապնդում է հեռուստատեսությամբ, թերթերով, բազմաթիվ միջոցառումներով, մարդկային հարաբերություններում, դասագրքերով եւ այլ հրատարակություններով, այսինքն` նրանք բոլ ժամանակ ունեն ընկալելու, մարսելու եւ, ի վերջո, տեղը բերելու, թե ո՞վ է մեզ բերել-խցկել այս 29 հազար քառակուսի կիլոմետրի մեջ, ո՞վ է շրջափակել մեր երթուղիները, եւ ո՞վ է մեղավոր, որ ամեն ինչ այսքան վատ է:
Ընդ որում` հետաքրքիր է հատկապես այն, որ «դաստիարակության» այս ջրաղացին ջուր լցնողներից մեկն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, որն անընդհատ թմբկահարում է, թե պատերազմի գնով է ազատելու գրավյալ տարածքները: Մենք էլ շփում ենք մեր ձեռքերը եւ մտածում, թե «Խոջալուում խնայեցինք ձեզ»: Այն, որ այդ գրավված տարածքներն ազատված տեսնելը Իլհամի իրավունքն է, չենք կասկածում, նա էլ է իր ժողովրդին դաստիարակում ցեղասպանելու կրքով, բայց խնդիրն այն է, որ քրիստոնեությանը դավանողները մենք ենք, եւ ոչ թե նրանք, մենք ավելի շուտ կարող էինք գլխի ընկնել, որ ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ թուրքերը մեր թշնամին չեն եւ մեր նման խաղաղ գոյության եւ գոյակցության իրավունք ունեն: Չնայած սրան` ադրբեջանցիների եւ թուրքերի բախտն, այնուամենայնիվ, չի բերել, մենք ի վիճակի ենք ցեղասպանելու նրա՛նց էլ, մե՛զ էլ, եւ շատ կարեւոր է հասկանալ, որ, ինչ-որ իմաստով, մենք դա իրականացնում ենք համենայնդեպս մեր մասով: Ցեղասպանելու համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը գոնե մի քիչ վայրենանա, բարոյալքվի, հեռանա իր մշակույթից եւ կառչած մնա այն մտքին, որ «եվրոպացիներն ի վիճակի չեն ընկալելու մեր մենթալիտետը» (Սերժ Սարգսյան): Ցեղասպանելու համար բավական է, որ տվյալ հասարակության իդեաները դեֆորմացվեն եւ հավասարվեն, ասենք, օլիգարխների կամ նրանց թիկնապահների իդեաներին: Բայց քանի որ, ըստ գիտական հիմնավորման, ժողովուրդն ինքն իրեն չի կարող ենթարկել ցեղասպանության, մնում է ենթադրել, որ դա կարվի մեկ այլ ժողովրդի հանդեպ: Հիմա տեսնենք, թե ինչ ախտանշաններ կան, որպեսզի մենք հնարավորության դեպքում ցեղասպանենք թուրքերին կամ ադրբեջանցիներին: Առաջին` անհրաժեշտ բարոյալքումը կա: Երկրորդ` մենք ժողովրդավարական երկիր չենք, եւ սա շատ կարեւոր, ես կասեի` պահանջված դետալ է ցեղասպանությունն իրականացնելու ճանապարհին: Այսինքն` ոչ միայն ժողովրդավարական չենք (սա գործի կեսն է), մենք կամք անգամ չունենք ժողովրդավարական տեսնելու այս երկիրը, մենք բորենիների հետ ենք, նույնիսկ եթե նրանք մեր դեմ են: Միակ խոչընդոտն այն է, որ ցեղասպանություններն իրականացվում են նույն երկրում երկու տարբեր ժողովուրդների առկայության դեպքում: Ազդեցիկ մեծամասնությունը որոշում է ոչնչացնել փոքրամասնությանը:
Հիմա որպեսզի հասկանանք` իսկապե՞ս հայերն ընդունակ են ցեղասպանելու այլ ազգի, պետք է Հայաստանում պատկերացնել հայի եւ թուրքի համակեցությունը տոտալիտար այն պայմաններում, որն այսօր առկա է: Եվ այդ համակեցության մեջ պատկերացնել է պետք ոչ միայն թուրքին, այլեւ ռուսին, ամերիկացուն եւ մնացած ազգերին: Արդեն իսկ ռուսներն ու ամերիկացիներն այս երկրում շատ բան են որոշում մեր փոխարեն, ինչպես անցյալ դարասկզբին հայերն ինչ-որ վճռորոշ դեր ունեին Օսմանյան կայսրությունում, իսկ հրեաները` Գերմանիայում: Ռուսներին եւ ամերիկացիներին մենք արդեն այնքան միանշանակ չենք ընկալում` որպես քաղաքակրթության մասնիկի եւ մեզ նույնքան քաղաքակիրթ տեսնելու պատրաստակամություն ունեցողների: Մենք առայժմ ամերիկացուց եւ ռուսից չենք պաշտպանվում «թուրքը մնում է թուրք» արտահայտության տրամաբանությամբ, նրանք մեզ չեն ոչնչացրել, բայց թույլ են տվել եւ թույլ են տալիս, որ մեզ ոչնչացնեն:
Այսպիսով, անհրաժեշտ է հասկանալ` կկտրե՞նք մեր բանկերում եւ քաղաքացիական ինստիտուտներում իր վնասակար դերն ունեցող ամերիկացու գլուխը: Այսօր` ոչ: Բարբարոսանալու մղումը դեռ եփվում է մեր մեջ, բարբարոսի մեր ձեռքն առայժմ կհասնի միայն թուրքին եւ ադրբեջանցուն, նաեւ` մեր միջի «թուրքերին»: Միգուցե մեր բնազդներն օգնեն այդ հարցում: Այսօր ո՞ր ժողովուրդներն են մեր հետ համակեցության մեջ: Մեր դեպքում այդ ժողովուրդը եզդիներն են, հույները, հրեաները, որոնց ոչնչացնելու պատճառ առայժմ չունենք: Մենք նրանց չենք վստահել բանկեր, պետական պաշտոններ, ոչ միայն չենք վստահել, այլեւ հեռու ենք պահում, այլապես մի օր նրանց համար էլ էր վատ լինելու. նրանք մեր մշակույթի, արվեստի հիմքը եւ մեխը չեն եւ նրանց, փաստորեն, որեւէ բանում մեղադրելու հիմքեր չունենք:
Ահա այստեղ սկսում ենք ինքնացեղասպանության դետալների ուսումնասիրությունը: Իսկ ու՞մ ենք վստահել: Մեզ, այսինքն` ղարաբաղցիներին, ապարանցիներին, սյունեցիներին, բոլորիս, մեր պատկերն ու նմանությունն ունեցողներին: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նրանց վերացնենք, այսինքն` ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի հանկարծ հասկանանք, որ նրանց փոխարեն ավելի մարդկային կվարվեինք միմյանց եւ այս երկրի հետ: Անհրաժեշտ է, որպեսզի նրանց անվանենք ազգի տականք: Որովհետեւ եթե գռփողը մենք չենք, ուրեմն նրանք ազգի տականքն են, այսինքն` մենք համաձայն ենք հարստանալու, կեղեքելու նրանց մեթոդների հետ, բայց նրանց հետ համաձայն չենք:
Այն, որ «կառավարման» նրանց մեթոդների հետ համաձայն չենք, դեռեւս պատճառ չէ, որպեսզի նրանց վերացնենք: Անհրաժեշտ է, որպեսզի նրանց բնորոշենք, դասակարգենք, ասենք` անվանենք ղարաբաղցիներ, ապարանցիներ կամ, ասենք, սյունեցիներ: Նշանակում է` մենք ապրում ենք մի երկրում, որն ունի գետտոներ` ապարանցիների, ղարաբաղցիների կամ, ասենք, սյունեցիների գետտոներ: Նրանք, պայմանականորեն ասած, մեր միջի «թուրքերն» են կամ «հրեաները», այսինքն` մեզնից յուրաքանչյուրն են: Եթե ես աշտարակցի եմ, ապարանցին թուրք է, եթե ես ապարանցի եմ, գյումրեցին թուրք է, եթե ես գյումրեցի եմ, ղարաբաղցին թուրք է, եթե ես ղարաբաղցի եմ, հայաստանցին թուրք է: Մենք, այսպիսով, պատրաստ ենք վերացնել մեր «թուրքերին», որոնց ձեւավորման կամ հաջողության հասնելու գործում մատը մատին չենք խփել, բայց թույլ ենք տվել, որ նրանք մեր վրայով ձեւավորվեն եւ հասնեն հաջողության:
Հիմա ես ուզում եմ առարկայորեն պատկերացնել այն սցենարը, որով կարող է տեղի ունենալ մեր միջի «թուրքերի» ցեղասպանությունը: Վերցնենք իշխանափոխության հեղափոխական սցենարը: Ժողովուրդը գրոհում է ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարության, ԱԺ-ի եւ, ասենք, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքերի վրա: Պատկերացրեք, որ այդ շենքերում գտնում է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները, ինչպես նաեւ` Գրիգոր Ամալյանը: Ինչպե՞ս կվարվի նրանց հետ: Որեւէ մեկը կասկածու՞մ է, որ նրանցից մեծ կտոր, ժողովրդի լեզվով ասած, ականջը կմնա: Սա ցեղասպանություն չէ, բայց արդեն բարբարոսություն է: Իսկ ինչու՞ որեւէ մարդու մեծ կտորը պիտի ականջը մնա, որքան էլ վատ կառավարած լինի այդ մարդը: Որովհետեւ դու իբրեւ երկիր քաղաքացիական ինստիտուտներ ես ներդնում, որպեսզի բացառես վայրենությունը, ու երբ քաղաքացիական ինստիտուտները չեն աշխատում, ուրեմն վայրենությունը գոյության «դաբրո» ունի եւ քրիստոնեության 1700-ամյակ չի հարցնում: Ահա թե ինչը պետք է թույլ չտար մեր իշխանությունը, երբ վերջին 10 տարում կարեւորում էր թրքատյացությունը, ոչնչացնում էր քաղաքացիական ինստիտուտները, հասարակությանը սովորեցնում օլիգարխների անպատժելիությանը, երթուղային վարորդների քմահաճույքին, քվեարկողի ագահությանը, Ա1+-ի փակմանը եւ այդ փակումը հանդուրժելուն: Չէ՞ որ մենք, ի վերջո, դարձել ենք ոչ այնքան թրքատյաց, որքան` մարդատյաց, եւ հաջողության դեպքում կվերացնենք եւ՛ թուրքին, եւ՛ ռուսին, եւ՛ ամերիկացուն, ինչպես նաեւ` ղարաբաղցուն: Մի խոսքով, մենք ցեղասպան դառնալուց 5 պակաս ժողովուրդ ենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել