HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ տարբերություն

Անցած տարվա սեպտեմբերին Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով սկիզբ առած համաժողովրդական շարժումը, բոլորիս հայտնի նպատակներից զատ, ունի եւս մեկ նշանակետ, որն ինձ համար ամենաթանկն է։ Դա Հայաստանի անկախության շրջանի պատմության իմաստավորումն է։

Անկախության ձեռքբերումները, որոնք տարիներ շարունակ հանիրավի ներկայացվել են որպես ձախողումներ ու թերացումներ, այսօր կամաց-կամաց երեւակվում են նոր լույսով, վերագտնում հպարտության առիթ լինելու իրենց բնածին նշանակությունը։ Եւ որքան ավելի շատ են դրանք հասանելի ու հասկանալի դառնում, այնքան սաստկանում է գործող իշխանության եւ նրանց փոխելու նպատակով ընտրապայքարի մեջ մտած գործիչների զայրույթը։

Մինչեւ վերջերս բազմաձայն այդ զայրույթին չէր մասնակցում ՀՅԴ-ն։ Շատերը դա բացատրում էին ընտրարշավից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այդ կուսակցության ղեկավարների հանդիպմամբ, որի ընթացքում, ասում են, պայմանավորվածություն էր եղել զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից, միմյանց դեմ սեւ քարոզչություն անելուց։ Բայց տեսնելով Տեր-Պետրոսյան-ժողովուրդ ջերմ երկխոսությունը եւ տեղեկատվական տեւական շրջափակումից հետո մարդկանց ընկալունակությունը` ՀՅԴ-ն սկսեց զբաղվել նրանով, ինչը բոլոր կնիքներով վավերացված է որպես Քոչարյան-Սարգսյան զույգի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի անօտարելի զբաղմունք։

Չեմ կարծում, թե մինչեւ վերջերս պահպանված լոյալությունը տղամարդկային արժանապատվության արդյունք էր։ ՀՅԴ-ն չէր միանում Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված սեւ քարոզչությանը, որպեսզի իրեն հեռու պահեր եւ՛ գործող իշխանությունից, որի մասն է մինչ օրս, եւ՛ ընդդիմությունից, որի հետ կապ չունի եւ չի ունեցել վերջին տասնամյակում։

Սա, բնականաբար, երկար տեւել չէր կարող, որովհետեւ կեցվածքի անորոշությունն այդ կուսակցության թեկնածուին ի վերջո կանգնեցնելու էր լուրջ խնդիրների առջեւ՝ սակավամարդ հավաքներ, սահմանափակ ընտրազանգված, այլ ուժերի հետ համագործակցելու անհնարինություն։ Կեցվածքի անորոշությունն անհասկանալի մնաց նաեւ կոալիցիոն երբեմնի գործընկեր եւ ներկա համագործակից Հանրապետականի համար։ Եթե ՀՅԴ-ն չունի ինքնուրույն շանս, ինչու՞ է ջլատում իշխանական ռեսուրսը, ինչո՞ւ է խտրություն դնում Ռոբերտ Քոչարյանի, ում երկու անգամ պաշտպանել է, եւ նրա «թագաժառանգի» միջեւ։

Կիրակի երեկոյան Հ1-ի եթերում քարոզարշավի ժամին ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննեսյանը Գավառի բնակիչներին համոզում էր տեր կանգնել իրենց ձայներին ու հարցնում, թե բավակա՞ն չէ, որ դուք ձայնը տաք մեկին, բայց ընտրվի ուրիշը։ Գավառի բնակիչները լսում ու հիշում էին, թե ոնց 98-ին ձայն տվեցին Կարեն Դեմիրճյանին, բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, ոնց 2003-ին ձայն տվեցին Ստեփան Դեմիրճյանին ու դարձյալ նախագահ դարձավ Քոչարյանը։

Նրանք հիշում էին նաեւ, որ երկու անգամ էլ ՀՅԴ-ն պաշտպանեց թեկնածու Քոչարյանին, ընդունեց չընտրյալ նախագահին եւ համագործակցեց նրա հետ։ Իսկ Վահան Հովհաննեսյանը ժողվրդահաճության տեմպի մեջ չի հասկանում, որ Տեր-Պետրոսյանի անկեղծ խոսքի ընկալման պատճառներից մեկն էլ իր ու իր ընկերների անսկզբունք պահվածքն է։ Բայց հասկանում է, որ Սերժ Սարգսյանին հաղթել չզորելով՝ կարող է (գուցե) մի քիչ ձայն պոկել Տեր-Պետրոսյանից։

Դրա համար հրապարակել է «Ոչ նախկինին, ոչ ներկային, ապագան` Վահանի հետ» վերնագրով մի հրովարտակ, որում առաջին հայացքից հավասար, բայց իրականում միակողմանի մեղադրանքներ է լցնում Տեր-Պետրոսյանի վրա՝ բառացիորեն հողին հավասարեցնելով նրա իշխանության տարիների բոլոր ձեռքբերումները։

Այսպես՝ ընկեր Վահանն ուզում է բացառել նախկինի վերադարձը, որը ջլատել է ազգային ազատագրական պայքարը, բայց, չգիտես ինչու, ուզում է փոխել ներկան (այն ներկան, որի մասնիկն է ինքը), քանի որ դանդաղում են «երկրում ժողովրդավարական բարեփոխումները»։ Լավ, ենթադրենք, ըստ դաշնակցականների, Արցախն ազատագրելը, հակառակորդին ոչ մի թիզ հող չզիջելը, հակառակը՝ տարածքներ գրավելը համարվում է ազգային ազատագրական շարժման ջլատում։ Բայց նա որտե՞ղ է տեսել ժողովրդավարական բարեփոխումներ, որ արագից ու դանդաղից է խոսում։

Հետո ընկեր Վահանն ուզում է բացառել նախկինի վերադարձը, որը ձեւախեղել է Անկախության Հռչակագրով ամրագրված` հայոց պետականության բովանդակությունը։ Լավ, նախկինները յոթ-ութ տարում ձեւախեղել են, դուք ձեր պաշտպանած նախագահով, կոալիցիայով-բանով, չէի՞ք կարող ձեւի բերել, հատկապես որ դեմ չեք նախկինների ընդունած հռչակագրում սպիտակի վրա սեւով գրված (կամ ամրագրված) «հայոց պետականության բովանդակությանը»։

Բայց նույն պարբերությունում ՀՅԴ թեկնածուն տնքում է ներկաների՝ կոռուպցիայի դեմ կազմակերպված չպայքարելու (իբր պայքարում են, բայց անկազմակերպ), անպատժելիության, հովանավորչության եւ առկա անարդարության ցավից։

Ընկեր Վահանն ուզում է բացառել նախկինի վերադարձը, որը Արցախյան հիմնախնդրում որդեգրել է պարտվողական քաղաքականություն։ Ու թվում է, թե պիտի փոխի ներկան, որտեղ չի եղել ոչ մի առաջընթաց Արցախյան կարգավորման հարցում, որտեղ չի եղել ոչ մի հոգածություն Արցախի եւ ազատագրված տարածքների բնակիչների նկատմամբ, որտեղ չի խոչընդոտվել կամ երբեմն խրախուսվել է արցախցիների արտագաղթը։ Բայց ոչ, այս զուգահեռում դաշնակցական ընկերոջը բորբոքում են ազատ եւ արդար ընտրությունների չգոյությունն ու ժողովրդավարության կայուն մեխանիզմների չկայացումը։

Այստեղ ուզում էի դադարեցնել ՀՅԴ թեկնածուի հրովարտակի պարագրաֆների թվարկումը, բայց մի զուգահեռ կա, որը չկարողացա անտեսել։ Ուրեմն, ընկեր Վահանն ուզում է բացառել նախկինի վերադարձը, որի «օրոք արմատավորվեց կոռուպցիան, անպատժելիությունը եւ հովանավորչությունը»՝ միաժամանակ ձգտելով փոխել ներկան, քանի որ «երիտասարդությունը զրկված է պետական հոգատարությունից»։ Այստեղ, սակայն, ուշագրավը ոչ թե կոռուպցիայի արմատավորման ու պետական հոգածությունից զրկված երիտասարդության անհամարժեքությունն է, այլ այն հետեւողականությունը, որով ՀՅԴ-ն խույս է տալիս վերջին տասնամյակում կատարվածի պատասխանատվությունից։

Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մի քանի պարագրաֆ առաջ ընկեր Վահանն ուզում էր փոխել քոչարյանական (առայժմ՝ քոչարյանական) ներկան ոչ թե կոռումպացվածության, անպատժելիության, հովանավորչության եւ առկա անարդարության համար, այլ ընդամենը` այդ երեւույթների դեմ անկազմակերպ պայքարելու։

Քարոզարաշավի ընթացքում ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի բացառվում։ Քարոզարշավը մրցություն է, եւ ամեն թեկնածու պիտի առաջ տանի իր ճշմարտությունը։ Ունի՞ ՀՅԴ թեկնածուն ՀՀ առաջին նախագահի հետ վիճելու առարկա։ Տեսականորեն՝ այո, գործնականում՝ ոչ։ Տեսականորեն ՀՅԴ-ն սոցիալիստական, ազգայնական կուսակցություն է եւ կարող էր գաղափարական վեճ ունենալ ազատական հայացքների տեր, իրապաշտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե վերջինիս հրաժարականից հետո եւ տասնամյա լռության ընթացքում իր գաղափարների մի մասը՝ ազգայնականը, օգտագործման նպատակով զիջած չլիներ Քոչարյան-Սարգսյան զույգին եւ նրանց հնարավորություն տված չլիներ սպառելու իննսուն տարի առաջ անհաջող փորձարկում անցած գաղափարախոսությունը։

Սրանից էլ բխում է գործնականի անհնարինությունը, եւ 118-ամյա կուսակցությունը նույն հարթությունում է հայտնվում Տիգրան Կարապետիչի հետ՝ 90-ականներին Ռուսաստանում ապրած մի մարդու, որն իր տեսահոլովակի մեխը դարձրել է հաղթանակի տարիների վարկաբեկումը։ Ի՞նչ տարբերություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter