HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Միայն մի վախ կար. որ մահվան մասին պիտի հայտնենք հարազատներին

«ՀԵՏՔ»-ը սկսում է նոր հոդվածաշար Ղարաբաղի ազատագրական պատերազմի ազատամարտիկների մասին: Հոդվածաշարում կպատմենք նրանց անցած ճանապարհի, հիշողությունների, զոհված ընկերների, ընտանիքի եւ նրանց այսօրվա կյանքի մասին:

«Երեկ մեր ընկերներից մեկի` մեր հրամատարի` Պետոյի ծննդյան տարելիցն էր, հավաքվել էին էն տղերքը, ովքեր Պետոյի հետ ճամփա էին անցելգ նորից հիշեցինք նրան, իրար տեսանք, կարոտներս առանքգ»,- պատմում է ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը: «Պետոն բոլոր տղերքի անուն-ազգանունն անգիր գիտեր, նույնիսկ նրանց ընտանիքների մասին գիտեր»,- հիշում է հրամանատարի ընկերը: Պետոն զոհվել էր անծանթ զինվորի կյանքը փրկելիս:

«Հիմա մեր տղերքից շատերը կարոտում են էն օրերը: Էն մաքրությունը, հալալությունը, որ լինում է ընկերների մեջ պատերազմում, չի լինում խաղաղ պայմաններում: Ընկերն ընկերոջ համար էնքա~ն սրտացավ էր: Մեկ-մեկ էն օրերին առիթ էր լինում գալ Երեւան, շատ արագ երազում էինք վերադառնալ ետ` Ղարաբաղ»,- հիշում է Հարմիկը: 

Հարմիկն ապրում է Երեւանում` կնոջ եւ դստեր հետ: Աշխատում է «Ասպար Արմզ» հրաձգարանում որպես մարզիչ: Ասում է, որ պատերազմից մնացած ամենամեծ պարգեւը մարտական ընկերների սերտ ընկերությունն է եւ ազատագրված տարածքները: «Համարյա բոլոր ընկերների հետ կապ կա, գնալ-գալ, հավաքվել տարբեր առիթներով` լինի ծնունդ, թե ուրիշ առիթ, նորից հիշում, պատմում ենք, անպակաս էգ ուրիշ թեմա չունենք»:

1988-ին, երբ Ղարաբաղի հարցը սկսեց բարդանալ, Հարմիկը ծառայում էր Պարսկաստանի բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո, ծանոթներին եւ ընկերներին ասելով, թե գործերով գնում է Գերմանիա, մեկնում է Ղարաբաղի Շահումյանի շրջան: Այն ժամանակ գաղտնի էր պահվում այն, որ Պարսկաստանի քաղաքացիները գնում են ուրիշ երկիր պաշտպանելու: Հարմիկի ընտանիքը Հայաստանից Պարսկաստան է գաղթել Առաջին Հանրապետության անկումից հետո: Նրա ծնողները հիմա էլ ապրում են Թեհրանում: 

Հարմիկը սովորել է Թեհրանի «Ռոստոմ» ազգային դպրոցում, հետո ուսումը շարունակել Մարի Մանուկյանի ուսումնարանում, սովորել ոսկերչության արհեստը:

Ղարաբաղ գնալու իր որոշման մասին գիտեին միայն նրա մայրն ու կինը: Ընդգրկվելով Դաշնակցության կազմակերպած ջոկատներում` նա տեղափոխվում է Շահումյանի շրջանի Գյուլիստանի անտառները, որտեղ նրա խնդիրն էր մարզել շրջանում տեղակայված ջոկատի տղաներին եւ մոտակա գյուղերի կամավորականներին: 

1990թ. դեռեւս լուրջ մարտեր չկային. ժամանակն օգտագործվում էր ինքնապաշտպանական խմբերի տղաներին մարզելու, զենքին տիրապետելու ձեւերին սովորեցնելու եւ զինելու համար: 

Ինքնապաշտպանական ջոկատները զինվորական պատրաստվածության եւ փորձառության պակաս ունեին: «Մենք կենտրոնացել էինք զինվորական եւ գաղափարական դաստիարակության վրա: Բոլորը պիտի իմանային տարբեր տեսակի զենքերին տիրապետելու ձեւերը: Զենք բռնող շատ կար, բայց պետք էր իմանալ նաեւ այն ճիշտ օգտագործելու ձեւը. զենքը դառնում էր չարիք, եթե այն չէր օգտագործվում անձը, ընտանիքը կամ հայրենիքը պաշտպանելու համար»: 

Յոթ ամիս մնալով Շահումյանի շրջանում` Հարմիկը մեկնում է Պարսկաստան, վաճառում բնակարանը եւ կնոջ հետ վերադառնում Երեւան` Հայաստանում մշտապես բնակվելու մտադրությամբ: 

1992-ից մինչեւ պատերազմի վերջը նա եղել է Ղարաբաղում: 

1992թ. հոկտեմբերին կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը, որի մեջ ընդգրկվեց նաեւ Հարմիկը: 1992թ.` Մարտակերտի անկումից հետո, նա Դրմբոնում էր: Նրա հետ կապվեցին եւ ասացին, որ մտադիր են վաշտերին ավելի լուրջ ձեւավորում տալ: Նա էլ մայիսին տեղափոխվեց արդեն ազատագրված Շուշի, որտեղ որպես մարզիչ մասնակցեց Շուշիի առանձնակի գումարտակի ձեւավորմանը: Մինչեւ զինադադարը եղել է գումարտակի հրամանատարի` Ժիրայր Սեֆիլյանի տեղակալը:

Ասում է, որ բախտ ունեցավ շատ տղերքի հետ ծանոթանալ, բայց, դժբախտաբար, պատերազմի տարիներին նաեւ կորցրեց: Անմիջապես բացում է նկարների ալբոմը եւ շարունակում ծանոթ եւ անծանոթ անուններ եւ մարտական մականուններ թվարկել: (Նրանցից մեկը Թաթուլ Կրպեյանն էր: Նա զոհվել է 1991թ. Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում): 

«Թաթուլին եմ հիշում: Ոնց որ Սասունի ֆիդայի լիներ` թիկնեղ, գանգուր մազերով ու հաստ բեղերով: Նրան տեղափոխեցին Շահումյանի ամենահյուսիսային մասը` Գետաշեն գյուղ: Ու, բացի այն, որ ջոկատում ղեկավար էր, նաեւ գյուղի դպրոցում ուսուցչություն էր անում: Իր դերը չէր սահմանափակում միայն կռվելովգ»:

«Աշոտ Բեկորից էլ եմ ուզում մի բան պատմել: Այն ժամանակ ուտելիքի հայթայթման գործը նեղ էր, ցանած ցորենն էլ` քիչ: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հրահանգ կար, որ հացն առաջնահերթ բաժանվի զինվորականներին: Աշոտ Բեկորը Յաշկա անունով մի ընկեր ուներ, որ գնում փռերից հաց էր բերում: Ստեփանակերտի երեխաներն էլ փռերի մոտ սպասում էին իրեն ու ամեն անգամ, «ձաձա, հաց տուր» ասելով, վազում հետեւից: Ամեն անգամ Յաշկան 110 հացից 30 հատ բաժանած էր լինում: Աշոտը մի օր բարկացավ ու ասաց, որ ինքը կգնա: Այս անգամ, որ Աշոտն է վերադառնում, փռից 110 հացից 20 հատն է բերում միայն: Դրանից հետո նա էլ հացի չգնաց եւ էլ չբարկացավ»:

«Մի բանից էինք վախենում` հանկարծ ստիպված չլինենք ընկերոջ մահվան մասին հայտնել նրա հարազատներին: Ուրիշ վախ չկարգ»: 

Փակելով ալբոմը եւ մի պահ լռելով` շարունակում է. «Մեր ժողովուրդը ոչ միայն կռվելով, այլ նաեւ ապրելով հաղթեց: Քարին Տակը մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել: Քարինտակցիները ցերեկով չէին կարողացել գյուղի մեջ շարժվել, իրենց հարսանիքը գիշերով են արել, մեռելին գիշերն են թաղել, վարու ցանքն էլ են գիշերով արել: Երբեք ոչ ոք գյուղից չէր բացակայել, եւ դա էր հաղթանակի գաղտնիքը»:

«Հիմա մարդիկ սպասում են մի ուժի, որ պիտի գա իրենց փրկի: Ես հիշում եմ` Ղարաբաղի պատերազմի սկզբում էլ մարդիկ հույսները կապել էին ռուսների հետ, ասում էին. «...ռուսները չեն թողնի, որ սա լինի, նա լինի», մինչեւ եկավ պահը, երբ հասկացան, որ ոչ ոք չի գալու իրենց պաշտպանի: Երբ հասկացան, այդ ժամանակ էլ հաղթեցին: Հիմա էլ, թեկուզ պատերազմական գործողություններ չկան, բայց լավ կյանքի համար պայքարն էլ է պայքար, դրա համար պատասխանատվության կանչելն էլ պայքար է, ես չեմ տեսնում դա մեր ժողովրդի մոտ: Գոնե ընտրությունների հանդեպ անտարբեր չլինեն, չեմ ասում` սրան կամ նրան ձայն տան, բայց իրենց ձայնը գումարով չծախեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter