HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞վ է շահագործել Մղարթի ոսկու հանքը

«Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն գործարար Գագիկ Ծառուկյանի` երեք տասնյակն անցնող ընկերություններից մեկն է: Ընկերության միակ բաժնետերը Գ. Ծառուկյանն է:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն այս ընկերությանը 2006 թ. մարտին տվել է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի նկատմամբ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա: Դրանից քսան օր անց այն փոխանցվել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին: «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի Վարդանանց 7-ում տեղակայված գրասենյակը փակ է, հեռախոսները` անջատված, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Աթանեսյանին գտնել անհնար է: «Ջի Էմ Մաղարո» ընկերության մասին պարզաբանումներ ստանալու մեր բոլոր փորձերն ապարդուն են. ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ո՛չ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանի գրասենյակում, ո՛չ վերջինիս պատկանող ընկերություններում որեւէ մեկն իրեն իրավասու չէր համարում մեր հարցերին պատասխանել: Անպատասխան են մնացել նաեւ Գ. Ծառուկյանին փոստով ուղարկված նամակները:

«Ջի Էմ Մաղարո» ընկերության գլխավոր տնօրենի աշխատակազմի հետ աշխատանքների գծով օգնական Սիլվա Դանիելյանը 2007 թ. հունիսի 11-ին Մղարթ գյուղի բնակիչ Արմեն Դալլաքյանին նամակով տեղեկացրել է, որ «Ընկերության եւ Ձեր միջեւ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են Ձեր կատարած աշխատանքի անհամապատասխան լինելու պատճառաբանությամբ: Ձեզ հետ կկատարվի վերջնահաշվարկ ՀՀ օրենքով սահմանված կարգով, մասնավորապես կվճարվի առաջին հնարավորության դեպքում: Կից ուղարկվում է Ձեր աշխատանքային գրքույկը»: 

Նման բովանդակությամբ նամակներ ստացել են Մղարթ գյուղի այն 46 բնակիչները, ովքեր աշխատում էին իրենց գյուղի հարակից տարածքում գտնվող ոսկու հանքավայրում: Գրությունները սովորական թղթերի վրա են, առանց կնիքի: 

Ընկերության հաշվապահ Հենրիկ Մամաջանյանին ուղարկված նամակը որոշ չափով տարբերվում է մյուսներից` այն թվագրված է հունիսի 8-ով եւ տեղեկացնում է, թե նրան «ազատել են սեփական դիմումի համաձայն»: Միաժամանակ նշված է. «Ընկերության աշխատանքների վերսկսման դեպքում ակնկալում ենք համատեղ աշխատանքի շարունակությունգԿից ուղարկում ենք Ձեր աշխատանքային գրքույկը, որը խնդրում ենք պահպանել հետագայում ընկերությանը ներկայացնելու համար»: 

«2006 թ. ընկերությունը փոխվեց, տնօրենը Աթանեսյան Տիգրանն է, երեւանցի տղա է: Ըստ ներկայացուցիչների` սեւամորթների, յուրաքանչյուր ամսվա հաջորդ ուրբաթ օրը պիտի աշխատավարձ ստանայինք: Առաջին երկու ամիսը գրեթե իրենց ասած ժամանակի մեջ տեղավորվեցին, հետո սկսվեց աշխատավարձի անընդհատ ուշացումը` մի ամիս, երկու ամիս: Ուշացումներից հետո եկավ-հասավ հունվար ամիսը: Հունվարին ամանորյա արարողության ժամանակ տնօրենը` Տիգրանը, բանվոր - ծառայողներին հայտարարեց, որ մի աշխատավարձ էլ որպես Նոր տարվա նվեր կտան: Մոտ 70 հոգի բանվոր կա, 46-ը` տեղի բնակիչներ, մյուսները` Երեւանից: Աշխատավարձի տարբերություն կար` տեղացիները քիչ էին վճարվում, մոտավորապես 70-80 հազար, իսկ դրսից բերած մարդկանց նույն աշխատանքը կատարելու համար կրկնակի, եռակի անգամ ավել էին վճարում: Դա արդեն իրենց անձնական գործն է»,- «Հետքին» պատմեց Հենրիկ Մամաջանյանը:

Մղարթցիների վկայությամբ` հանքն այդ ընթացքում շահագործում էր հարավ-աֆրիկյան մի կազմակերպություն, սակայն նրանցից ոչ ոք չգիտեր ընկերության անունը: Գյուղացիները միայն ասում էին, որ սեւամորթներ էին: 

Օտարերկրյա մի ընկերություն մոտ մեկ տարի շահագործել է Հայաստանի ընդերքը, սակայն հանքային լիցենզիա տվող մարմինը` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, այդ մասին տեղյակ չէր: Մեր հարցմանը փոխնախարար Արմեն Գեւորգյանը գրել է, որ այն պատկանում է «Մուլտի գրուպին», իսկ «...ինչ վերաբերում է աշխատավարձի չվճարման շուրջ ծագած խնդրին, ապա հայտնում եմ, որ այն ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- գրել է Ա. Գեւորգյանը: 

«2007թ. փետրվարի 8-ին բոլոր բանվորներին, ինժեներատեխնիկական ամբողջ անձնակազմին հարկադիր ուղարկեց արձակուրդի: Փետրվար-մարտին արդեն ինձ` հաշվապահիս, ասաց` գնա տուն, երբ պետք լինի կկանչենք: Մի քանի օր հետո ասացին` ազատման դիմում գրեք: Իսկ այն ծառայողները, որոնց արձակուրդը լրանում էր մարտի 8-ին, արձակուրդն ավարտվելուց հետո նրանց աշխատանքի չկանչեցին, ասացին` գնացեք, աշխատանք չունեք, բայց հանքերը զուգահեռ աշխատում էին, հանքում աշխատանք կատարվում էր: Գնացինք 2 ամիս` առանց աշխատավարձ ստանալու, մայիսի 25-ին բերեց բանվորներին 1 ամսվա աշխատավարձ տվեց, արձակուրդային չվճարեց, պարտադրեց, որ փետրվարի 25-ի ամսաթվով ազատման դիմում գրեն: Այդ մարդիկ, փաստորեն, գտնվել են արձակուրդի մեջ, ո՞նց գրեն ազատման դիմում: Հրաժարվեցինք, ասաց` ով հրաժարվեց, կպատժվի: Անցավ մոտավորապես 20 օր, հետո փոստով ստացանք այս նամակները»,- պատմեց Հ. Մամաջանյանը:

Ազատման նամակները ստանալուց հետո բանվորները դիմեցին տարբեր ատյաններ: 46 հոգու ստորագրությամբ նամակն ուղարկվել է նաեւ վարչապետին, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: 

«Տիգրանն ասում էր` ուր ուզում եք, դիմեք, ես շահելու եմ: Մենք փաստացի աշխատավարձ չենք ստացել, բայց աշխատել ենք` հունվարն էլ, փետրվարն էլ, լրիվ աշխատանքային տեղեկագրերը կան: Էս մարդիկ մեղք են, մեկը պիտի միջամտի, նրանք ասում են` կդիմեն հացադուլի անգամ:

Դիմել ենք Ալավերդու դատարան, ասում են` քանի որ ֆիրման գտնվում է Երեւանում, գործը պիտի լսվի Երեւան քաղաքում, ոչ մի բանով չենք կարող ձեզ ընդառաջել: Երեւան էլ մարդիկ փող չունեն գնան, գնում են էլ փաստաբանի մոտ, նա ասում է` աշխատավարձի մասին տեղեկանք բերեք, ֆիրման էլ տեղեկանք չի տալիս: Փաստորեն, բավական չի մեր գյուղի արոտավայրերը փչացրին, էս մարդկանց աշխատանքից էլ զրկեցին, արոտավայրերից էլ զրկեցին»,- ասում է Հենրիկ Մամաջանյանը: 

Թե ու՞մ պետք է դիմեն մղարթցիները, իրենք էլ չգիտեն: Նրանք ամեն օր շարունակում են նախընտրական խոստումներ լսել բարգավաճ, հզոր Հայաստան կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարի, աշխատատեղեր բացելու ու լավ ապրելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։