HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալի ներկան, ներկայի ապագան կամ ինչո՞ւ է ընկալվում խոսքը

«Եթե 2003-ին խոսեի, ինձ չէին լսի»,- ասում է մեկն, ով այսօր մարդկանցով ու ոգեւորությամբ լեցուն հրապարակներում է խոսում։ Ամենայն հավանականությամբ, շուտով նա կլինի Հայաստանի նախագահ՝ զարմանք, զայրույթ ու զարհուրանք պատճառելով իր բոլոր հակառակորդներին։

Հակառակորդներից ոչ ոք չի շնորհավորի նրան, որովհետեւ ոչ ոք ի վիճակի չի լինի այդ հաղթանակն ընդունել որպես նոր բովանդակության սկիզբ։

Բովանդակությունն, ինչպես ամեն մի նյութ, դիմադրություն ունի։ Համալսարանում բանասիրություն սովորելու տարիներին, երբ պոլիտեխնիկցի ընկերներս տրտնջում էին «Նյութերի դիմադրություն» խրթին առարկան սերտելու դժվարությունից, ես զարմացած մտածում էի, թե ինչու՞ մեզ մոտ չկա «Բովանդակության դիմադրություն» առարկա, որ մենք էլ հասկանանք, թե ի՞նչն է Մարկեսին, Ֆոլքներին, Մաթեւոսյանին եւ այլոց միանգամից կուլ տալ չկարողանալու պատճառը։

Բովանդակությունը դիմադրում էր, ու մենք, ի տարբերություն մեր ընկերների, ովքեր գիտությամբ փորձում էին հասկանալ, կանխել կամ օգտագործել նյութերի դիմադրությունը, թուլացնում էինք մեր դիմադրությունը՝ «Դե մեծ են, էլի, ինչ կարաս ասես» անիմաստ արտահայտությամբ իբր գնահատելով, բայց իրականում մեզանից հեռացնելով նրանց բովանդակությունը։

Մենք զարմանում, զայրանում, անգամ զարհուրում էինք այդ բովանդակության դիմադրությունից, բայց մեր պոլիտեխնիկցի ընկերների պես չէինք զորում հասկանալ, կանխել կամ օգտագործել։ Մենք նման էինք այսօրվա իշխանություններին ու ոչնչով չէինք տարբերվում այսօրվա ընդդիմություններից, որոնց գիտությունը կամ հեքիմական հնարքն ընդամենը վանել-հեռացնելն է։

Կանխավարկածը ենթադրություն է։ Կանխավարկած չկա՝ ո՛չ անմեղության, ո՛չ էլ առավել եւս ստորության, որովհետեւ կանխավարկածի կանխավարկածն էլ կա։ Չես կարող հենց այնպես ասել, թե այսինչ-այսինչը կաշառք է վերցրել, որ ընդդիմություն խաղալով իշխանավորի ճամփան հարթի։ Փողն ապրանքին են տալիս ու տալիս են ըստ ապրանքի արժեքի։ Հասուն տանձը մի գին ունի, խակը՝ մի այլ գին։ Նոր հագուստը թանկ է, մաշված շորը «second hand»-ից ջրի գնով կարելի է առնել։ Գինը որոշելու համար պետք է ապրանքը տեսնել։

Երբ տեսնում ես ընդդիմադիրների ելույթները, հիշում ես օրվա վերջին արդեն կիսով չափ դատարկված շուկան, որտեղ միշտ պատահում են ապրանքի մնացորդը ջրի գնով առաջարկողներ։ «Էս վերջինն ա՝ սենց խառը, ուզածդ գնով կշռեմ, տար»,- սովորաբար ասում են վաճառողները, ովքեր չեն ուսումնասիրել շուկայի դիմադրություն առարկան (եթե այդպիսին կա)։ Նրանք մի բան գիտեն միայն, որ ապրանքը՝ ինչքան էլ անորակ, թափել չի կարելի, պետք է, ժողովրդի լեզվով ասած, նաղդել ամեն գնով։ 
Եւ հիմա, երբ տեսնում ես այդ ընդդիմադիրների ելույթները, հասկանում ես, որ մեկին չկամենալը, մյուսին աջակցելն ակամա են։ Երկու դեպքում էլ վաճառողը դիմադրում է ինքն իր գնին, ինքն իր խոսքին, ինքն իր սահմանած արժեքին։

Եւ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է` «2003-ին խոսեի, ինձ չէին լսի», նկատի ունի ցերեկային շուկայի ժխորը, երբ ամեն մեկն իր գինն է գոռում, եւ ոչ մեկը չի էլ մտածում, որ իրիկվա դեմ էժան «նաղդելու» է ունեցածն ու գնալու է տուն։ Շուկա մտած ապրանքն աղբանոց չունի։ Աղբանոցը հարիֆի զամբյուղն է, աղքատի համեստ քսակը, անճարի «շուստրիությունը»։ Շուկա մտած խոսքն էլ աղբանոց չունի։ Աղբանոցը հարիֆի, աղքատի ու անճարի ականջն է։

Լռությունը խոսքի գաղտնի պահեստարանն է։ Այս պահեստարանում խոսքը չի փչանում, եթե խակ է, հասնում է, եթե սարթ է՝ փափկում։ «Բա խի՞ էր լռում էսքան տարի»,- հարցնում էին առաջին արձագանքողները։ «Եթե գիտեր, թող շուտ ասեր»,- ասում էին սրանց ձայնակցողները՝ այդպես էլ չհասկանալով, որ խոսքը նախեւառաջ բովանդակություն է։ Չէին հասկանում նաեւ, որ ոչ թե բովանդակությունն է կազմված խոսքերից, այլ խոսքը հենց բովանդակությունն է։ Եւ այս բովանդակության մեջ պատմությունն ընդամենը դիպված է։ Այս բովանդակության մեջ ժամանակագրություն չկա։ Ու մեկը որ ասում է. «Բա էն ժամանակ…», ինքն էլ չի հասկանում, որ չգիտի «էն ժամանակի» տեղը։ Ու մեկը որ ասում է. «Բա ինքը…», չգիտի, որ «ինքը» ինքն է՝ խոսքն ընկալելու պատրաստ։ Այս բովանդակության մեջ չկա նաեւ տրամաբանություն՝ «Որ այսպես, ուրեմն՝ այսպես»։ Նման բան չկա։

Անցյալը մտել է ներկայի մեջ։ Ներկան խառնվել է ապագային։ Ժամանակագրության ժամանակն անցել է։ Հիմա ժամանակի ամբողջական ընկալման ժամանակն է։ «Ի՞նչ եղավ երեկ»-ը նույնքան անկարեւոր է, որքան կարեւոր է, թե ի՞նչ է լինելու վաղը։ Արդեն քանի օր ջերմաստիճանը -10-ից չի բարձրանում, բայց որեւէ մեկը կասկած ունի՞, որ մեկ ամսից գարուն է գալու։ «Ի՞նչ եղավ երեկ»-ը նույնքան անկարեւոր է, որքան կարեւոր է քարսիրտ չլինելը։

Քար սիրտը ժամանակագրության տախտակն է՝ գրի, թող մնա… երեկվա հուշը։ Քարսիրտն ավազի ժամացույցն է, ավազը սորացել, կուտակվել է ստորին հատվածում, եւ շուռ տվող չի եղել, որ նորից սորա, որ նորից շուռ տաս ու նորից սորա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter