HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեն հաստատվեց, հովազի արձանը նվիրվեց

Ալավերդի համայնքի ավագանին փետրվարի 2-ին հաստատել է համայնքապետարանի 2008 թ. բյուջեն: Ավագանու անդամները, որոնք հիմնականում քաղաքապետ Արթուր Նալբանդյանի մերձավորներն են, բյուջեն հաստատելուց հետո հովազի արձան են նվիրել քաղաքապետին:

Մինչդեռ, պարզվում է, նրանք թեեւ քվեարկել, սակայն տեղյակ չեն բյուջեից: Ավագանու անդամ Հակոբ Ճուղուրյանը չկարողացավ որեւէ գնահատական տալ իր քվեարկած բյուջեին: 

Արման Տիտանյանը սկզբում բյուջեն նորմալ համարեց, ապա գտավ, որ ավագանիում քաղաքապետի մարդիկ ավելի շատ են, թերությունների մասին խոսելն անիմաստ է: 

Անդրանիկ Թամազյանն ասաց. «Ես միշտ պահանջել եմ, որ ավագանու քննարկմանը ներկայացվող նյութերն ինձ տրամադրեն մեկ շաբաթ առաջ, նախապես 2008 թ. բյուջեի նախագիծ չի տրամադրվել, եւ ես տեղյակ չեմ բյուջեից: Բացի այդ` քաղաքապետի կողմնակիցները ցանկացած ընդդիմախոսություն իրենց քվեարկությամբ ճնշում են: Այդպես է եղել նաեւ անցած տարի, երբ քննարկվում էր քաղաքի աղբահանության 5 ավտոմեքենաների վառելիք տրամադրելու հարցը: Բոլորը գիտեն, որ Ալավերդիում 5 աղբահանող ավտոմեքենա չկա, երկու ավտոմեքենայով է աղբահանություն կատարվում, սակայն ես մնացի մենակ, քվեարկվեց 5-ի օգտին»: 

Քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն, ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանն էլ խոստովանեց. «Մի երկու օր առաջ ավագանու նիստի օրակարգը ստանում ենք , ժամանակի առումով չեմ հասցնում երկար-բարակ ուսումնասիրել, բայց եթե հարց էլ բարձրացնում ես, քաղաքապետարանի ծրագրավորման բաժնի վարիչ Գոռ Հովվյանը եւ ֆինբաժնի վարիչ Սամվել Աբելյանը անմիջապես բերանդ ծեփում են, եւ վերջացավ: Այդպես է եղել Սանահին վանքի մոտի զուգարանի կառուցման գումարը հատկացնելու ժամանակ, մենք էլ ենք զարմացել՝ «զալատոյ» զուգարա՞ն էր կառուցվելու, ինչ է»,- ասաց նա: 
Լաուրա Մելիքսեթյանը մեզանից իմացավ ու զարմացավ, որ թեեւ 2007 թ. բյուջեն 14 մլն դրամ աշխատավարձի պարտք ունի, այդուհանդերձ քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում 2008 թ. բյուջեում ավելացվել է 10 հաստիքային միավոր` այն 39-ից դարձնելով 49-ը: Նա գտնում է, որ ինչպես քաղաքապետը, այնպես էլ ոստիկանապետը պետք է բիզնեսով չզբաղվեն: Մի փոքր անկեղծանալով էլ ասաց. «Ինչու՞ է միլպետի կնոջ թիվ 14, նաեւ` թիվ 7 եւ էլի որոշ մանկապարտեզների անընդհատ գումարներ հատկացվում, արդյո՞ք գումարների բաշխումը երաժշտական դպրոցին կամ մանկական ստեղծագործական կենտրոնին նույն հաճախականությամբ է կատարվում: Ես մենակ չեմ կարող վերահսկել, բոլորը պետք է խոսեն»: 

Ավագանու անդամ Վիլեն Գեւորգյանն էլ ասաց.«Նորմալ բյուջե էր, քննարկմանը մասնակից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը եւ «Արթիայ-RTI» (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3-րդ փուլ) կազմակերպության ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը մի տեղ էլ զարմացել են, որ բյուջեն շատ թափանցիկ էր, իսկ բյուջեի հետ կապված` ավագանու կողմից որեւէ առաջարկություն չեղավ»: 

Քաղաքապետը ավագանու գործունեության նորմալ պայմաններ ապահովելու համար բյուջեից 810 հազար դրամ է հատկացրել: Համայնքի բյուջեում 2008 թ. եկամուտներ եւ պաշտոնական տրանսֆերտներ նախատեսվել է 355,6մլն դրամ, որից հարկային եկամուտները կազմում են 65,4մլն դրամ, պետական տրանսֆերտները կազմում են 198,2 մլն դրամ, այդ թվում` դոտացիան կազմում է 129մլն դրամ, բնապահպանական վճարների մասհանումները՝ 68,2մլն դրամ: Համայնքի սեփականությունը համարվող գույքի՝ հողի եւ այլ հիմնական միջոցների վաճառքից բյուջե կմուտքագրվի 49,9մլն դրամ: Թե ի՞նչ հող եւ հիմնական միջոցներ են օտարվելու, բնակչությանն առհասարակ չի տեղեկացվում:

Քաղաքապետարանը, ըստ աշխատանքի արդյունքների, բյուջեի նախագծի առանձին գրքույկ է պատրաստել, որը բնակչությանը չի հասել, այն նիստից առաջ բաժանվել է ավագանու անդամներին եւ հրավիրվածներին: Զավեշտական էր բյուջեի վերաբերյալ քաղաքապետի ուղերձը, որտեղ Ա. Նալբանդյանը բյուջետային իր քաղաքականության ուղղություններում խոստանում է «...իրականացնել եկամուտների գանձման ճկուն քաղաքականություն` խթանելով ձեռներեցությունը եւ համայնքի տնտեսության զարգացումը», որոնք մանրադիտակով տնտղելու դեպքում անգամ նրա հեղինակած բյուջեում հնարավոր չէ գտնել: 

«Ճկուն» քաղաքականության արդյունքում 2007 թ. նախատեսված 66,9մլն դրամ հարկային եկամուտների փաստացի մուտքերը կազմում են 24,5մլն դրամ, 14 մլն դրամ աշխատավարձի պարտքը երկու տարի է այդպես էլ չի փակվում, երբ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնում կան 11 հաստիքային աշխատողներ, բաժինն էլ ղեկավարում է քաղաքապետի քենու տղան: Բյուջեի նախագծում տեղական ինքնակառավարման հիմնական թույլ կողմերը ներկայացնելիս չի հիշատակվում, որ համայնքի բյուջեն տարիներ շարունակ անկախ աուդիտի չի ենթարկվում եւ առահասարակ չի վերահսկվում: Քաղաքապետը բյուջետային գործընթացների իր անօրինականություններին հանգիստ է վերաբերվում: Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ոչ թափանցիկ օտարման եւ բնապահպանական վճարների մասհանումների աննպատակային ծախսումների մասին, թեեւ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, նա իր մոտեցումները շարունակում է նաեւ 2008 թ. բյուջեում: Այսպես` բնապահպանական վճարների բնակչության առողջության պահպանմանը նպատակուղղված 26,5մլն դրամ մասհանումից 12, 7 մլն դրամ է հատկացվել մի քանի փողոցների փոսալցումների համար, որն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքն արգելում է:

Նույն վերաբերմունքն է դրսեւորվել նաեւ կապիտալ գործառույթների համար նախատեսված 41,6մլն դրամ նպատակային սուբվենցիայի դեպքում: Արթուր Նալբանդյանն իր ուղերձում երաշխավորում է միամիտ ու անտեղյակ բնակչությանը, թե «նպատակային է օգտագործելու համայնքի բյուջեի միջոցները»: 
Բյուջեում ակնհայտ էր 2008 թ. մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզչական ուղղվածությունը: Ալավերդին իր կյանքում համայնքի բյուջեից նախատեսված այսքան սոցիալական օգնություն չի ունեցել: Սոցիալապես անապահով 450 ընտանիքների սոցիալական վիճակը մեղմելու համար նախատեսել է 4,5 մլն դրամ դրամական օգնություն, սոցիալապես անապահով 100 բնակիչների բարեգործական ճաշարանից օգտվելու համար բյուջեից կտրամադրվի 2,5մլն դրամ: Բնապահպանական վճարներից բնակչության աառողջության պահպանման 26,5 մլն դրամ նպատակային հատկացումից 5,5մլն դրամ նախատեսվել է հատկացնել քաղաքի 15 պալարախտով հիվանդներին՝ վիտամիններով հարուստ սննունդ տալու համար, թեեւ բժիշկների հավաստմամբ` պալարախտը սոցիալական ծանր վիճակի հետեւանք է, ոչ թե էկոլոգիական ազդեցությունների: Այդուհանդերձ, Ալավերդու առողջապահական կենտրոնի տուբդիսպանսեր կաբինետի վարիչ, բժշկուհի Մարտուհի Մելիքյանն այս կապակցությամբ ասաց. «Ալավերդիում շուրջ 100 պալարախտով հիվանդներ կան, նրանցից միայն 2-ն են աշխատում, մնացածները գործազուրկ են»: Թե ինչու՞ 5,5 մլն դրամ պետք է տալ 15 հիվանդների, իսկ մնացածներին` ոչինչ, սա առաջին հերթին անհասկանալի կմնա մնացած 85 պալարախտով հիվանդներին: 

Նույն միջոցներից վիտամիններով հարուստ 4,8 մլն դրամի սնունդ տրամադրվելու է 300 հղիների, 6 մանկապարտեզների շուրջ 400 երեխաների լրացուցիչ սննդի համար նախատեսվել է 5մլն դրամ, 20 մլն դրամ սննդի գումար կհատկացվի վարչական բյուջեից: Ի դեպ, այստեղ սննդի համար յուրաքանչյուր երեխայի ծնողից յուրաքանչյուր ամիս հավաքվելու է նաեւ 3 հազար դրամ, որպես կանոն` ամեն տարի «Մանես» հիմնադրամից հատկացվում է 2 մլն դրամ: Այս ամենի վերջնահաշվարկում պարզվում է, որ քաղաքապետարանը 35 մլն դրամի վիտամիններով հարուստ սնունդ է գնելու, այն էլ, սովորույթի համաձայն, քաղաքապետի սեփական շուկայի «Կատա» խանութների ցանցից: Բնապահպանական մասհանումների հաշվին 20 հիվանդ ալավերդցիների՝ նախատեսված 3 մլն դրամով, եւ անապահով ընտանիքների 50 երեխաների՝ հատկացված 2մլն դրամով, քաղաքապետարանը կուղարկի առողջարան` բուժվելու: Համայնքի բյուջեի միջոցներով կտպագրվի քաղաքապետի, քաղաքապետարանի, ավագանու գործունեությունը, քաղաքի տեսարժան վայրերը ներկայացնող հինգ հազարից ավելի բուկլետներ: Այսուհանդերձ, քաղաքապետարանը, թեեւ հատկացված պատկառելի գումարներին, բնակչության առողջության պահպանման եւ բնության վերականգնման արմատական խնդրրներ այդպես էլ չի լուծում: Դրա պահանջարկը Ալավերդու պասիվ բնակչությունը ոչ միայն չի դնում, այլեւ տեր չի կանգնում իր բյուջեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter