
Համայնքների խոշորացման գործընթացը կսկսվի այս տարվանից
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց նախարության 2013թ.-ի գերակա ուղղություններով իրականացված աշխատանքները: Ամփոփելով հանրապետության բոլոր համայնքների բյուջեների եկամուտների ցուցանիշները փոխնախարարը նշեց, որ 2012թ.-ի համեմատությամբ 2013թ.-ին համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 10,8%-ով: Պրն Տերետերյանը նշեց, որ հատկապես սեփական եկամուտների հավաքագրումը նրանց հնարավորություն է տվել որոշակի առաջընթաց գրանցել իրենց աշխատանքում` աշխատավարձից ու վարչական շինություններին ուղղված պահպանման ծախսերից բացի, համայնքներում ծախսեր են կատարել նաեւ ծրագրային ուղղություններով:
2013թ.-ի ամփոփ տվյաներով հանրապետության 913 համայնքներից աղբահանություն է իրականացնում 424 համայնք, փողոցային լուսավորություն ունի 573 համայնք, մանկապարտեզներ են գործում 494 համայնքում: Իհարկե, ինչպես նշեց փոխնախարարը, ներկայացված թվերը դեռեւս հեռու են բավարար լինելուց: Պրն Տերտերյանի ներկայացրած վիճակագրական տվյալներով` համայնքներում զգալիորեն ընդլայնվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը. համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներդրվել է 496 համայնքում, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլոր համայնքներում են դրանք «ցանկալի արդյունավետությամբ» գործում:
Անդրադառնալով մարզերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Կառավարության ձեռնարկած քայլերին, պրն Տերտերյանը թվարկեց մի շարք միջոցառումներ, որոնք կիրառվել են տարածքային անհամաչափությունը հաղթահարելու համար: «Մեզ մոտ անհամաչափությունն անհանգստացնող է»,- համաձայնեց նախարարը եւ նշեց, որ անհամաչափությունը հաղթահարելու համար 2013 թվականին Կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացվել է շուրջ 7,4 մլրդ դրամ` կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով: Ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվել են կրթական, նախադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների, համայնքային կենտրոնների, ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման, ոռոգման ցանցերի, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանն ու վերակառուցմանը:
Միայն հրատապ ծրագրով մարզերին հատկացված 7,4 մլրդ դրամով վերանորոգվել են 97 համայնքի 114 դպրոցներ, 28 համայնքներում իրականացվել են 61 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, 28 համայնքում վերանորոգվել է 30 մշակութային օբյեկտ, 24 համայնքում վերանորոգվել է 27 նախադպրոցական հաստատություն, 28 համայնքում կատարվել են ջրամատակարարման որակի բարելավման աշխատանքներ, 19-ում` գազիֆիկացման եւ ներքին գազատարերի կառուցման աշխատանքներ, վերանորոգվել են 20 համայնքային բուժամբուլատորիաներ, 14 համայնքային կենտրոնների շենքեր, իրականացվել են բակերի բարեկարգման, հեղեղատարների կառուցման եւ այլ ծրագրեր:
Լրացուցիչ 54,3 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր արձանագրված հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, եւս 10,7 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել` ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
Պրն Տերտերյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել 2013թ.-ին նախարարության համար գերակա համարված ոլորտների իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել է ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացը, սահմանվել են համայնքի զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները, կանոնակարգվել է տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) եւ վարչական հսկողության գործընթացը (վերջինս իրականացվել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացրած նախագծի հիման վրա-Ս.Պ.): «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում հերթական լրացումը նպատակ ուներ օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Վարչատարածքային բարեփոխումների իրականացումը տարածքային կառավարման նախարարության 2014թ.-ի գերակա խնդիրն է: Անցնող երկու տարիներին այս հարցը քննարկվել է միայն որոշակի հարթակներում, հիմնականում փակ դռների ետեւում: Մեր այն հարցին, թե այս տարի կոնկրետ ծրագրեր պլանավորվո՞ւմ է իրականացնել այս ուղղությամբ, պրն Տերտերյանը հայտարարեց, որ նախարարությունը նախորդ տարում քննարկել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Փորձագետները մշակել են թվով 14 համայնքային փունջ, եւ ՏԿՆ-ը հակված է փնջային մոդելին, որը փոխնախարարի կարծիքով թույլ է տալիս ավելի ճկուն լինել որոշումներ կայացնելիս: «Երկու մոդելներն էլ ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, երկուսն էլ քննարկվում են եւ պետք է կողմնորոշվել դրանցից մեկի պարագայում: Նախարարության դիրքորոշումն այն է, որ որոշ համայնքներ կարելի է խոշորացնել` Տաթեւ, Ջերմուկ, Դիլիջան: Այս մի քանի համայնքների համար սկսկել ենք մանրամասն աշխատանքային ծրագիր կազմել, որպեսզի այս տարվանից դրանցից սկսենք»,- տեղեկացրեց պրն Տերտերյանը:
Վարչատարածքային բարեփոխումներից բացի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2014թ. գերակա խնդիրներից են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հաստատումը եւ Կառավարությանը ներկայացնելը: Համայնքապետարանների աշխատակազմերի, ինչպես նաեւ համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի եւ կազմի օպտիմալ մոդելների մշակումը:
Մեկնաբանել