HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 աքորեցի զոհվեց Ղարաբաղի ազատամարտում

«Ասացի` Անդրանիկ, հիվանդ հայր ու հիվանդ եղբայր ունես: Որ պատերազմ ես գնում, էդ հիվանդ հորդ ու եղբորդ տերն ո՞վ կլինի: Ասացի՝ այ բալա, ես վիզս ու՞մ թեքեմ ասեմ` եկեք իմ հիվանդներին բժշկի տանենք, ուրիշ հարազատ չունենք»,- 1989 թ.-ի սեպտեմբերի 21-ին Ղարաբաղ` պատերազմ մեկնելիս ավագ որդուն` Անդրանիկին, փորձել է կանգնեցնել մայրը՝ Մանիկ Պետրոսյանը:

«Բա որ ես չգնամ, դու չգնաս պատերազմ, թուրքերը գալիս են, մեր հայերի երեխաներին իրենց մոր աչքի առաջ կոտորում  են, մենք թողնենք՝ գան մեր երեխաներին կոտորե՞ն»,- մորը պատասխանել է Անդրանիկը:

Ալավերդու ազատամարտիկների ջոկատի անդամ Ռաֆիկ Ղազինյանը հիշում է, որ 1988 թ.-ի վերջին ստեղծվեց Ալավերդու մարտական ջոկատը, որի մեջ մտնում էին Շամլուղ-Ախթալա ենթաշրջանի և Աքորի գյուղի առանձին մարտական ջոկատները: Աքորիի ջոկատի ստեղծողը և առաջին հրամանատարը եղել է Անդրանիկ Պետրոսյանը:

«Մենք  1989 թ.-ի սեպտեմբերի 21-ին մեկնել ենք Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղ: Մեր ջոկատի 24 ազատամարտիկներից 9-ը Աքորի գյուղից էին` Անդրանիկ Պետրոսյանի ղեկավարությամբ»,- պատմեց Ռաֆիկը:

«Ղարաբաղյան  ցույցերին մասնակցելու առումով հայրենասիրական լիցքը միշտ բաբախել է մեր գյուղում: Եվ այն, որ մեր գյուղից այդքան ազատամարտիկներ գնացին Ղարաբաղ,  դրա արդյունքն է: Մեկնածներից 7-ը զոհվեցին Ղարաբաղի ազատամարտում»,- ասաց Աքորի գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը:  

Ղազանչիում Ալավերդու ջոկատը մնացել է 4 ամիս, որի ընթացքում մասնակցել է Կիչան, Սրխավենդ, Ղազանչի և այդ հատվածի մի շարք գյուղերի պաշտպանությանը: Հետո` 1991 թվականի հուլիսի 4-ին, Անդրանիկ Պետրոսյանը մեկնում է Շահումյանի շրջան:

«Այստեղ դաժան մարտեր էին տարբեր ուղղություններով: Երբ Վերինշեն գյուղի ուղղությամբ մեծ հարձակում էր, թշնամին  ուզում էր մտնել Շահումյանի գյուղերը: Այդտեղ ճակատագրական մարտեր էին տեղի ունենում: Վերինշենի այդ մարտում  1991 թ.-ի հուլիսի 19-ին ունեցանք 2 զոհ: Մեկը` ազգային հերոս Ջիվան Աբրահամյանն էր, մյուսը՝ մեր ջոկատի անդամ Անդրանիկ Պետրոսյանը»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը:

Հուլիսի 19-ին լրացավ Անդրանիկի զոհվելու 20 տարին: Արդեն 6-րդ տարին է՝ Անդրանիկի զոհվելու օրը նրա մարտական ընկերներն ու համագյուղացիները  հավաքվում են Աքորի գյուղի գերեզմանոցում և մոմերով ու խունկ ծխեցնելով հիշում են Ղարաբաղի  ազատամարտերում զոհված Աքորի գյուղի բոլոր 7 ազատամարտիկներին:

Անդրանիկ Պետրոսյանի հիշատակի օրվան նվիրված հուլիսի 23-ին կազմակերպված միջոցառմանը լեփ-լեցուն էր Աքորիի մշակույթի տան դահլիճը: Դահլիճում էին Անդրանիկի մայրը,  քույրը,  դպրոցական ընկերներն ու համագյուղացիները:  

«Անդրանիկը համեստ մարդ էր: Չափի զգացողություն ուներ: Կարողանում էր բոլոր իրավիճակներում վճռական որոշումներ ընդունել»,- դպրոցական ընկերոջ մասին ասաց աքորցի Վալերի Դավոյանը:

«Ամբողջ գյուղը գիտի, թե ինչ մարդկային բնավորություն ուներ իմ երեխեն: Աքորվա մեջ մատով ցույց տվովի մարդ էր իմ երեխեն: Նրա զոհվելու օրը անկախ իմ կամքից ես ուզում էի լացել: «Աստծուց խնդրում էի՝ Տեր Աստված, էս մի անգամ էլ Անդրանիկիս սաղ-սալամաթ ինձ հասցրու, մեռնեմ էլ` սրտիս դարդ չի լինի»,- պատմում է մայրը` տիկին Մանիկը:

Նա ասաց, որ որդու երկու զավակները ապրում են Սոչիիում: Դուստրը`26, որդին` 25  տարեկան է: «Անդրանիկս, եթե ողջ լիներ, այս տարվա հոկտեմբերի 31-ին  կդառնար 50 տարեկան»,- ասաց տիկին Մանիկը: 

Աքորի գյուղից Ղարաբաղի  ազատամարտերում զոհվել են Անդրանիկ Պետրոսյանը, Վովա Դավթյանը, Սամվել Խանդամիրյանը, Արկադի Սիմոնյանը, Արայիկ Միկոյանը և Հրաչիկ Օհանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter