HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կերպարվեստի թանգարանում չեն կարողանում ջեռուցել ցուցասրահները

Վոլոդյա Հովսեփյան

Վանաձորի Կերպարվեստի թանգարանում ձմռանը հնարավոր չէ ցուցադրություն կազմակերպել, քանի որ ցուցասրահները չեն ջեռուցվում: Թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանն ասում է, որ ջեռուցումը թանգարանի համար վաղուց գերխնդիր է. «Թանգարանի միայն աշխատասենյակներն են ջեռուցվում: Թանգարանը կապիտալ վերանորոգման կարիք ունի, և աշխատասենյակները ջեռուցելով՝ ներքին կազմակերպական աշխատանքներն են արվում՝ գիտաշխատանք կամ ֆոնդերի հետ կապված աշխատանքներ»:

Շենքը եռահարկ է, երկարությունը՝ 65 մետր, ինչի վերանորոգումը, տնօրենի խոսքով, հսկայական ծախսեր է ենթադրում:

Փափագ Ալոյան

«Երկու տարի առաջ մենք հաշվարկ արեցինք, ֆինանսական ծախսերը բավականին մեծ են ստացվում, և տեղական բյուջեն նման հնարավորություններ չունի, բայց փնտրում ենք հովանավորներ: Թե՛ տեղական իշխանությունները, թե՛ մշակույթի նախարարությունը, թե՛ իշխանությունները տեղյակ են, և հույս ունեմ, որ նման թանգարանն աչքաթող չի արվի, և ջեռուցման հարցը կլուծվի»,- նշում է տնօրենը:

Տասը տարի առաջ տեղական իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են տանիքը, վատ վիճակում գտնվող սանհանգույցը, մուտքի դուռը, աշխատասենյակները: 2013 թվականի փետրվարին Հայաստանի համայնքային թանգարանների մեջ Վանաձորի Կերպարվեստի թանգարանն արժանացել է առաջին մրցանակի, մշակույթի նախարարության կողմից արժանացել դրամական պարգևի: «Նախարարությունը նույնպես տեղյակ է, նույնպես հետաքրքրվում է ոչ միայն իրեն պատկանող թանգարաններով, այլ նաև համայնքային թանգարաններով, որի համար շնորհակալ ենք, այդ գումարը մեզ բավականին ոգևորեց»,- նկատում է տնօրենը:

Վանաձորի Կերպարվեստի թանգարանը համագործակցում է միջազգային թանգարանների հետ:

Փափագ Ալոյանն ասում է. «Թանգարանն իր աշխատանքային գործունեությունը վաղուց արդեն դուրս է բերել համայնքի, մարզի, նաև՝ Հայաստանի սահմաններից, մի քանի անգամ միջազգային գիտաժողովների մասնակցելու ենք հրավիրվել, այսինքն՝ մարդիկ եղել են մեզ մոտ, տեսել են աշխատանքը և այդ աշխատանքը նկատի ունենալով՝ նաև մեր աշխատանքի փորձն են կամեցել, որ ներկայացնենք իրենց»:

Կերպարվեստի թանգարանում 2013-ին կազմակերպվել է 20 միջոցառում և ցուցահանդես: Տնօրենն ասում է, որ յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո իրենց նվիրաբերում են ցուցահանդեսի հեղինակների աշխատանքներից: Իսկ թանգարանն իր հարկի տակ 1700-1800 ցուցանմուշ ունի: Թանգարանի երկրորդ հարկն ամբողջությամբ ընդգրկում է վանաձորցի նկարիչների աշխատանքները: Թանգարանն այցելուների պակաս չունի, տնօրենն ասում է՝ ցուցահանդեսների բացման օրը 200, իսկ ընդհանուր առմամբ՝ 400-500 այցելու է լինում:

 Հաշմանդամների համար էլ են կազմակերպվում միջոցառումներ: Հաշմանդամներին թանգարանի հավաքածուն ներկայացնելիս նրանց մինչև երրորդ հարկ բարձրանալու դժվարությունից ազատում է թանգարանի ողջ ցուցանմուշների թվայնացված տարբերակը:

«Հաստիքի խնդիր չունենք, շնորհակալ ենք մեր քաղաքապետարանին, ժամանակին ինչ-որ պետք է եղել, պահանջել ենք, ունենք այսօր, ունենք և՛ հսկիչներ, և՛ գիտաշխատողներ, և՛ գիտքարտուղար, այսինքն՝ աշխատանքը լրիվ ընթացքի մեջ է, ամեն մեկն իր աշխատանքը նորմալ ձևով կատարում է, կարիք չունենք ավելացնելու՝ իմանալով նաև բյուջեի սղությունը, ընդհակառակը, շնորհակալ ենք, որ արդեն երկու-երեք տարի է՝ գրեթե բոլոր հիմնարկ- ձեռնարկություններում կրճատումներ են գնում, էդ մասին մեզ չեն անհանգստացրել, տա Աստված, որ 2014-ին էլ չանհանգստացնեն»,- նշում է տնօրենը:

2014-ը թանգարանի համար հոբելյանական է. այն բոլորում է իր 40-ամյակը: «Ծրագրեր ունենք, գրեթե պատրաստ է արդեն թանգարանի պատկերագիրքը, բայց բոլորս էլ գիտենք, որ նման պատկերագրքեր տպագրելու համար բավականին գումար է պետք, առայժմ այդ գումարը չունենք, չգիտենք՝ ինչպես ենք հայթայթելու, բայց կուզեինք, որ 40-ամյա թանգարանն ունենա իր պատկերագիրքը»,- ասում է նկարիչ տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter