HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու` պիոդերմիայով հիվանդների առողջական վիճակը հսկողության տակ է

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը  և նշանակվել է բուժում:

Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ)  մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:

Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:

«Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո»,- տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter