HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Շինարարական փուչիկը» ևս վրիպակ է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով «շինարարական փուչիկ» հասկացությունը դարձել է հայկական տնտեսագիտական մտքի ամենաքննարկվող թեման: Սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում լայնածավալ վերլուծության մեջ նշեց, որ «շինարարական փուչիկը» տնտեսագիտական կատեգորիա չէ: Նախկին վարչապետի հետ չհամաձայնել չի կարելի: Փուչիկ չի կարող ձևավորել այն գործունեությունը, որը հանգեցնում է իրական ակտիվների ստեղծմանը: Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որը շինարարության տեմպերը կասեցնելու ծրագրեր հղանա ու իրագործի: Ու չկա նաև այնպիսի տեսություն, որը վտանգավոր կհամարեր շինարարության արագ աճը:

Սակայն տնտեսագիտության մեջ գոյություն ունի «հիփոթեքային փուչիկ» հասկացությունը: Այդ տերմինով բնութագրում են ԱՄՆ անշարժ գույքի շուկայում ստեծված իրավիճակը 2006-07 թթ.: Ինչո՞ւ ստեղծվեց այդ փուչիկը, և ընդհանրապես՝ ինչու է՞ր այն փուչիկ: 2000-ական թվականերին ԱՄՆ-ում անընդհատ տեղի էր ունենում անշարժ գույքի գների աճ: Շատերը հիփոթեքային վարկով անշարժ գույք էին ձեռք բերում` ելնելով ոչ թե իրենց իրական վճարունակությունից, այլ հետագայում այդ գույքը վերավաճառելու միջոցով շահույթ ստանալու մղումներից: Արդյունքում՝ հիփոթեքային վարկավորման մեջ ռիսկային վարկերի տեսակարար կշիռը 2007թ. արդեն գերազանցում էր 20%-ը:

2007թ. անշարժ գույքի շուկայի գները ԱՄՆ-ում անկում ապրեցին, ինչի արդյունքում այդ գույքի մի զգալի հատվածի շուկայական գինը ցածր էր հիփոթեքային վարկի գումարից: Վարկառուները համատարած սկսեցին հրաժարվել հիփոթեքային վճարումներից՝ գրավադրված գույքը թողնելով բանկերին: Այդտեղից էլ սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ մի քանի խոշոր բանկ սնանկացան կամ կուլ գնացին, իսկ բորսաներում խուճապ սկսվեց:

Հայաստանում ևս նկատվում էր անշարժ գույքի գների աճ մինչև 2008 թ., սակայն անշարժ գույքի գործարքներում հիփոթեքային վարկավորումն ուներ այնքան ցածր տեսակարար կշիռ (գործարքների 10%-ից պակասն էր ֆինանսավորվում հիփոթեքի միջոցով), որ ինչ-որ փուչիկի մասին խոսք լինել չէր կարող: Ընդհանրապես, բանկային համակարգը մի կողմ էր քաշված այն գործընթացներից, որ տեղի էր ունենում շինարարության ոլորտում: Այդ պատճառով անտեղի են նաև այն քննադատությունները, թե կառավարությունը բավարար քայլեր չի կատարել ֆինանսական հոսքերն այլ ուղղություններ տեղափոխելու համար: Կառավարությունն ընդհանրապես հատուկ խթաններ չի կիրառել շինարարության ակտիվացման համար, բացի էլիտար շենքերի կառուցման համար հողամասեր ապահովելով (այդ թվում՝ մարդկանց սահմանադրական իրավունքների խախտմամբ):

Սակայն էլիտար շենքերի շինարարությունը լոկոմոտիվ չէր հանդիսանում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2007 թ. շինարարության 60%-ից ավելին իրականացրել են անհատները: Հենց անհատական բնակարանային շինարարություն էր հանդիսանում շինարարության լոկոմոտիվը մինչ ճգնաժամը:

Հնարավոր է՝ այս վիճակագրությունն այնքան էլ վստահելի չէ՝ անհատական բնակելի շինարարություն իրականացնողները հատուկ հաշվետվություններ չեն կազմում կատարած աշխատանքների մասին: Վիճակագրությունն ամեն ինչ գնահատել է մոտավոր՝ թույլտվությունների հիման վրա: Այդ պատճառով հավանական է, որ եղել է վիճակագրական փուչիկ: Ճգնաժամից հետո այդպիսի վիճակագրական փուչիկ փչելն այլևս հնարավոր չէր, ու ստացանք այդ 14.1% անկումը:

Տ. Սարգսյանը շատ ավելի անխոցելի կլիներ, եթե «շինարարական փուչիկ» տերմինի փոխարեն օգտագործեր «տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացիա» տերմինը: Դիվերսիֆիկացման խնդիրն իրոք առկա էր մինչ ճգնաժամը, ու դա պայմանավորված էր արդյունաբերության աճի շատ ցածր տեմպերով; Այդ տարիներին շինարարության 35-40% աճին զուգահեռ տեղի էր ունենում արդյունաբերության 2-3% աճ, իսկ 2006 թ. նույնիսկ անկում է գրանցվել:

Կենտրոնական բանկն իր հերթին նպաստել է հայրենական արդյունաբերության ճգնաժամին՝ թույլատրելով դրամի չափից ավելի ուժեղացումը: Շինարարության շնորհիվ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներն այնքան տպավորիչ էին, որ կառավարությունն այդ տարիներին մատը մատին չի խփել արդյունաբերության խթանման համար: Այդպիսի ծրագրեր սկսվել են իրագործվել միայն Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից: Սակայն ներկայիս կառավարությունն էլ թերանում է պետական շինարարական ծրագրերի իրականացման հարցում:

Մեկնաբանություններ (2)

մարդ
ինձ համար անհասկանալի է այն, թե ինչու են գիտակ մարդիկ քննարկում այս երկու սուբեկտների հրապարակային զրույցը: Ինչ նշանակություն ունի թե ով ինչ է ասել, կամ ով է նրանցից ճիշտ: Դուք սթափվեք, նայեք ովքեր եբ այդ խոսողները, դուք դեռ դրանցից ինչ որ սպասումներ ունեք
Արման
Տիգրան Սարգսյանը ներկայանում է որպես խոշոր տնտեսագետ, սակայն այնպիսի վրիպակներ է անում, որ խոսում է ակադեմիական գիտելիքների թերիության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter