Չինարենի վճարովի ուսուցումը Գյումրիում առայժմ ոչ բոլոր ցանկացողներին է հասանելի
Չինացի ուսուցչուհին՝ Ճան լաոշին, խոստովանում է, որ գյումրեցի դեռահասներին իր մայրենի լեզուն ուսուցանելիս դեռեւս խնդիրներ չեն ծագել: «Նրանք շատ ուրախ, համակրելի եւ ակտիվ երեխաներ են,- ասում է չին ուսուցչուհին,- ես հասցրել եմ սիրել նրանց: Նրանք լավ են ընկալում մատուցված նյութը»: Դասապրոցեսին մասնակից երեխաներն էլ իրենց հերթին են գոհունակություն հայտնում դասավանդող ուսուցիչներից:
Անցած երկու ամիսներին նրանք սովորել են չինարեն լեզվով ներկայացնել իրենց անձը, բարեւել, ծանոթանալիս ներկայանալ, թե որ բնակավայրից են, գիտեն չինարեն մի շարք երկրների անուններ եւ այլն: Ուսուցիչների եւ աշակերտների համար որպես շփման միջանկյալ լեզու ծառայում է ռուսերենը:
«Հետք»-ը գրել էր, որ չինարեն լեզվի ուսուցման նպատակով 2013թ. հոկտեմբերին պայմանագիր էր կնքվել Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոցի տնօրինության եւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում արդեն 5 տարի գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի միջեւ: Արդեն 2 ամիս է՝ դասընթացներն ընթանում են, սակայն խնդիրներ կան մասնակիցների թվի առումով:
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանն ասում է, որ երկու ամիս առաջ, երբ դասարանը ձեւավորվեց, ունեին 12 աշակերտ, իսկ հիմա մնացել է 9-ը: «Պատճառը վարձավճարն է»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Նելլի Փահլեւանյանը:
«Չինարեն լեզվի մուտքը շատ ողջունելի է, բայց քանի որ ուսուցումը վճարովի է, խոչընդոտներ են առաջանում: Ես վստահ եմ, որ չինարեն սովորելու ցանկություն հայտնողների թիվը դպրոցներում շատ կլինի, բոլորը կուզենան, բայց ծնողի վճարունակ լինելու հարցն է այստեղ: Ամեն ամիս հավելյալ 10 հազար դրամ ընտանեկան բյուջեից դրա համար հատկացնել ամեն ընտանիք չի կարող Գյումրիում»,- նշեց Նելլի Փահլեւանյանը:
Նրա կարծիքով՝ շատ ավելի ճկուն մոտեցում պետք է ցուցաբերել եւ սոցիալապես անապահով ընտանիքներից չինարեն լեզուն սովորելու ցանկություն հայտնած երեխաների համար զեղչեր սահմանել կամ այնպես կարգավորել խնդիրը, որ վճարի հարցն ընդհանրապես բացառվի: Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանը խոստացավ մտածել արված առաջարկի շուրջ:
«Ես համամիտ եմ ձեզ հետ, որովհետեւ երբ դասարանը բացվեց, առաջին ամիսը անվճար էր, ու մենք ունեինք 12 աշակերտ, իսկ հիմա մնացել է 9-ը: Հասկանալի է, որ պատճառը գումարն է: Բայց մի տարբերակ էլ կա. եթե բացվեն շատ դասարաններ, անապահով ընտանիքների երեխաները կարող են դիմել, եւ մենք զեղչեր կկիրառենք: Մեկ այլ տարբերակը հովանավորներ գտնելն է այդ երեխաների համար: Բացի այդ, 7 վճարովի աշակերտի դեպքում 5 հոգուն կարող ենք ընդգրկել 5000 դրամ վճարով: Թեկուզ այդ սկզբունքով»,- ասաց Նաիրա Գրիգորյանը:
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենի փոխանցմամբ՝ ուսուցումը տեւելու է 6 ամիս, որը բավարար է, որպեսզի երեխաները տիրապետեն 200 հիերոգլիֆի եւ ունենան որոշակի բազա հետագա ուսուցման համար: Ազատ հաղորդակցման համար, իհարկե, դա բավարար չէ: «Չինացիներն ունեն 80 հազար հիերոգլիֆ: Գրագետ, կրթված համարվում են նրանք, ովքեր տիրապետում են առնվազն 4000-ից 6000 հիերոգլիֆի»,- նշեց Նաիրա Գրիգորյանը:
Գյումրիի թիվ 23 եւ թիվ 7 դպրոցներում եւս չինարենի ուսուցման դասարաններ բացելու առաջարկներ եղան: «Կլինի՞, արդյոք, արդիական ու պահանջված չինարեն լեզուն Գյումրիում, իհարկե, մենք առայժմ չենք կարող կանխատեսել, հայ-չինական գործարար կապերից է կախված,- նկատեց Նելլի Փահլեւանյանը,- բայց կաշխատենք, որ նոր դասարաններ բացվեն, եթե, իհարկե, լուծվի վճարի հարցը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել