HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Երեւանի փողոցների ձյունը կարող էր մաքրվել 1,5 ժամում

Հունվարի 13-ին Երևանում եղանակը փոխվեց: Առատ ձյուն տեղաց: Ու թեև քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ ձնամաքրման աշխատանքների համար ամեն ինչ պատրաստ է, միևնույնն է, մայրաքաղաքի փողոցների մեծ մասն այդպես էլ չմաքրվեց:

Փողոցները

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից մեզ տեղեկացրին, որ քաղաքում կա մոտ 1100 փողոց: Հաշվի առնելով այլ քաղաքներում կատարված հաշվարկները` քաղաքային փողոցների միջին երկարությունը մոտ 750-800 մետր է: Ու թեև Երևանում փողոցների միջին երկարությունը ավելի կարճ է լճի, գետերի, ձորերի ու բլուրների պատճառով, միևնույնն է, ընդունենք 1000 մետր միջին երկարությունը (հաշվարկների հավաստիության համար):

 Այսինքն՝ Երևանի փողոցների գումարային երկարությունը 1100 կմ է: Քանի որ փողոցներում ձյունը մաքրում են երթևեկության գոտիներով, գնահատենք դրանց երկարությունը: Փողոցները միջինում ունեն երթևեկության 4 գոտի` 2-ական ամեն ուղղությամբ: Սակայն կրկին հաշվարկի վստահության համար համարենք, որ գոտիների միջին քանակը 5 է (2,5` ամեն ուղղությամբ): Ստացվում է, որ Երևանում երթևեկության գոտիների գումարային երկարությունը 5500 կիլոմետր է:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից մեզ հաջողվեց ճշտել, որ մայրաքաղաքը ունի 187 հատ ձյուն մաքրող մեքենա, ևս 40-50-ը ժամանակավորապես տրամադրել են շինարարական կազմակերպությունները: Ենթադրենք, որ մեքենաներից 30-ը մաքրում են մայթերը, իսկ ոչ ավել, քան 20-ը հատուկ մեքենաներ են (օրինակ` ձնաբարձման): Այսպիսով, մոտ 180 մեքենայի վրա է այդ 5500 կիլոմետրը:

Հաշվենք 

Փողոցները, ինչպես ասացինք, մաքրվում են երթևեկության գոտիներով: Այսպիսով, եթե 5500 կիլոմետրը բաժանենք 180 մեքենայի վրա, մի մեքենային բաժին կընկնի ընդամենը 30 կմ… Ընդ որում՝ ոչ թե 30 կմ փողոց, այլ ընդամենը՝ 30 կմ երթևեկության գոտի:

Եթե ձյուն մաքրող մեքենաները անորակ են և շարժվում են, ենթադրենք, ընդամենը հեծանվորդի 25 կմ/ժ արագությամբ, իսկ խաչմերուկներում էլ կարմիր լույսի տակ կանգնում են, ապա այդ 30 կիլոմետրը նրանք կհաղթահարեն 1,5 ժամում:

Այսինքն, անգամ այս հաշվարկներով՝ Երևանի թվով 1100 փողոցները պետք է մաքրվեին 1,5 ժամում: … Սա այն պարագայում, երբ վերջին ձյան գալուց անցել է ավելի քան 72 ժամ, իսկ մայրաքաղաքի շատ փողոցներում դեռ «կուսական» ձյուն է:

Հ.Գ. Անշուշտ, դժվար է եզրակացություններ անել այս բարձիթողի վիճակի մասին: Բայց, ըստ էության, դա կարող է բացատրվել երեք վարկածով:

Իրականում քաղաքապետարանը չունի թվով 187 ձյուն մաքրող (սարքին վիճակում) մեքենա… Եվ դրանց իրական քանակը 20-ից ավել չէ:

Քաղաքապետարանը չունի վառելիք (վառելիքի գումար), կամ ինչ-որ մեկը, հետևելով Մարգար Օհանյանի օրինակին, գրպանել է այն:

Թեև, «հնարավոր է», որ մեր կոմունալ ծառայությունների մեքենաները օդում էին աշխատում… Տեսանյութում պատկերված Մաքսային միության կոլեգաների պես:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter