HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը Գորիսի վթարային շենքերը քանդելու կամ ամրացնելու ծրագիր չունի

Մարիամ Մաթեւոսյան

Գորիսի Գրիգոր Տաթեւացի 13 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որտեղ 14 ընտանիք է բնակվում, ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Տունը պատկանել է խնձորեսկցի Լալազարին: Հակաստալինյան դիրքորոշում ունենալու պատճառով նրան աքսորում են Սիբիր, որից հետո պետությունը տունը բռնագրավում է: Սկզբում այն ծառայել է որպես մանկավարժական ուսումնարան, հետո՝ Միկրոշարժիչ գործարան, իսկ 1990-ական թվականներից վերածվել է բնակելի շենքի: Դրանից հետո շենքի տանիքն ու փայտյա պատշգամբը երբեւէ չեն նորոգվել: Բնակիչների խոսքով՝ այդ մասին բազմիցս ահազանգել են քաղաքային իշխանությանը, բայց ապարդյուն:

«Շենքի հիմքերը խարխուլ են, տանիքը փոխելու ենթակա է, ընդհանուր միջանցքով վախով ենք քայլում»,- ասում է տկն Արմանուշն ու հավելում, որ դիմումներին, բողոքներին ի պատասխան՝ մշտապես լսում են, որ բնակելի տների սեփականատերերը բնակիչներն են ու հենց իրենք էլ պետք է կատարեն վերանորոգման աշխատանքները:

Վերջերս ուժեղ քամիներից բազմաթիվ շենքերի տանիքներ էին վնասվել: Քամու հետեւանքով տանիքներին պատճառված վնասը հատուցելու համար համայնքային բյուջեից հատկացված 1,4 մլն դրամից բաժին է հասել նաեւ Գր. Տաթեւացու 13 շենքի բնակիչներին: Այս շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ քանդվել էր: «Տանիք չէր մնացել, քամին քշել-տարել էր, դիմեցինք քաղաքապետարան, ամեն ընտանիքի 20 հազար դրամ են տվել, դա էլ հերիքեց միայն մեխ առնելուն»,- ասում է Արմանուշը: Ավելի ուշ քաղաքապետարանի օգնությամբ տանիքի հարցը մասամբ լուծվեց:

Վթարային շենքերում առկա խնդիրներն ավելի են սրվում գարնանը՝ հեղեղումների ժամանակ: «Մարտից մինչեւ մայիս անձրեւաջրերը հոսում են պատերով, միջանցքով զոնտիկով ենք գնում-գալիս: Ամեն օր գործիս անունը ցեխը վերցնել ու խոր անցքերը փակելն է:  Յոթ տարի ա տղաս դրսերն ընկած աշխատում ա, որ տունը խելքի բերենք, չքանդվի»,- ասում է նույն շենքի բնակիչ Սիլվարդ Օհանյանը:           

Գրիգոր Տաթեւացի 13 հասցեում գտնվող շենքը թվարկված է Գորիս համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրի վթարայնություն ունեցող շենքերի ցանկում: Համաձայն ծրագրի՝ այդ շենքերում նախատեսվում է կատարել ամրացման աշխատանքներ, ինչպես նաեւ տանիքների, ջրհորդանների, խմելու ջրագծերի, կոյուղագծերի, շքամուտքերի վերանորոգում: Կոմունալ բնակարանային տնտեսության պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ 375 մլն դրամի գերակշիռ մասն ակնկալում են դոնորներից եւ պետական բյուջեից, համայնքի  ներդրումը կազմելու է 60 մլն դրամ:

Ըստ քառամյա զարգացման ծրագրի իրականացման ժամանակացույցի՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, շքամուտքերի բարեկարգման համար համայնքային բյուջեից պլանավորված 60 մլն դրամի  ներդրումը կատարվելու էր 2013 թվականին: «2013թ. Գորիս քաղաքի  բազմաբնակարան հինգ շենքում տեղադրվել է 8 շքամուտքի դուռ, 7 այլ բազմաբնակարան շենքերում կատարվել է պատուհանների ապակեպատում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1,37 մլն դրամ, մեկ բազմաբնակարան շենքում կատարվել է տանիքի եւ շքամուտքի նորոգում, որը կազմել է 1,2 մլն դրամ»,- անցնող տարում կոմունալ ոլորտում իրականացված աշխատանքներն է ներկայացնում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Քաղաքապետարանի  քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանի խոսքով՝ շենքերի հիմքերի ամրացումների համար մեծ գումարներ են հարկավոր. «Բյուջեի գումարները հիմնականում ուղղվում են տանիքների, շքամուտքերի վերանորոգումներին, ամրացումներ կատարելու համար համաֆինանսավորում է անհրաժեշտ միջազգային կազմակերպություններից, պետական բյուջեից»: Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետը հավելեց, որ համայնքային բյուջեից ֆինանսական հատկացումներ են արվում հիմնականում վթարային եւ ոչ վթարային շինությունների կոսմետիկ վերանորոգմանը: «2014 թվականին եւս համայնքային բուջեով նախատեսված գումարներն ուղղված են լինելու ընթացիկ վերանորոգումներին: Վթարային շենքերում կլինեն ընթացիկ, բայց ոչ կապիտալ նորոգումներ»,- հայտնեց կոմունալ տնտեսության բաժնի պետը:

Խոսելով շենքերի վթարայնության աստիճանի մասին, Խ. Միրզոյանը նշում է, որ ոչ մի շենքի համար վթարայնության աստիճանի վերաբերյալ մասնագիտացված կառույցի եզրակացություն չունեն: «Վթարայնության աստիճանը որոշելու համար եւս ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Քանդման ենթակա է միայն Անկախության 107 հասցեում (Գորիսում հայտնի «պաժառնու շենքը») գտնվող շենքը»,- ասում է Խ. Միրզոյանը: ՀՀ Կառավարության փոխհատուցումներով որոշ ընտանիքներ տեղափոխվել են, մյուսներն էլ բավարար գումար չստանալով՝ շարունակում են ապրել կիսաքանդ շենքում:

Գորիս համայնքի քառամյա զարգացման ծրագրի «Բնակարանային-կոմունալ տնտեսություն» բաժնում նշված է, որ համայնքում հաշվեգրված է 13 վթարային շինություն, մինչդեռ վթարայնություն ունեցող շինությունների անվանացանկում քաղաքապետարանը թվարկել է ութ հասցե (Գր. Տաթեւացի 7 եւ 13, Գուսան Աշոտի 14, Մաշտոցի 48, Անկախության 107, Խորենացի 39, Սյունիքի 25 Ա, Սարյան 7):

Մեկնաբանություններ (2)

Gor
Goris qaraq@ qaraqapet piti unenar vor inch vor harc lucver ogut qaraqi, 10 tari e simvolik figur e qaraqapetaranum nstum, liskan cher torni aynpisi mi mard gar vor mi lav ban anelov hankarc gorisicineri mot hamakranq stercver, vayeler kam anun@ hnchver, II-rd mardu anun chpiti lsver yev Gorisum yev iharke Syuniqum, nuynisk asum en chi datarum nman porcer hima aneluc, stalini kenac xmoric urish inch spasein!! CHKA MARD CHKA PROBLEM.
SKS
Hima el ejanagin ceverov, aveli chisht liskayakan metodnerov dividentner e sksel havaqel verevnerum, nerqin kargov qaraqapet kochvacin asel e qaraqi avaganun asa tor qaraqi byudjen chhastaten (arhestakanoren), parz e darnum verevum gtnvor ishxanutyan hamar da pastaci problem e, yev arcyunqum hasel e nran vor nuyn verevic zangel en iren ibr xndranq ayd harc@ lucelu hamar, mek ropeum lucvel e, ibr teseq-teseq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter