Քննարկվել է Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ տարածված մամուլի հաղորդագրության՝ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը զեկուցել է Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրով 2013թ. համար նախատեսված եւ իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ 2014թ. անելիքների ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին:
Տեղեկություններ են ներկայացվել Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման գործընթացի, ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի, « Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքի, ինչպես նաեւ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից առաջնահերթ կարեւորելով քաղաքաշինական փաստաթղթերի` գոտեւորման սխեմայի, կառուցապատման նորմատիվների մշակումը, Ա. Բախշյանը տեղեկացրել է, որ դրանց պատրաստմանն աջակցելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում Ասիական զարգացման բանկի, Համշխարհային բանկի, մասնավոր կազմակերպությունների հետ: Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը հարցի վերաբերյալ տեղեկացրել է, որ Քաղաքաշինության նախարարությունն արդեն ամփոփել է քաղաքի գոտեւորման սխեմայի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ շահագրգիռ պետական եւ մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացրած առաջարկությունները, եւ առաջիկա օրերին փաստաթուղթը կներկայացվի հանձնաժողովի նախագահին:
Անդրադառնալով մյուս ծրագրերին` Ա. Բախշյանը նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից շարունակվում է Դիլիջանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման ծրագրի իրականացումը` ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ: 1 մլրդ 21 մլն դրամ արժողությամբ ծրագրից 2013թ. կատարվել են 557 մլն դրամի աշխատանքներ: Ընթացքում է նաեւ քաղաքի մաքրման կայանի կառուցման ծրագիրը: Նշված երկու ծրագրերն էլ նախատեսվում է ավարտել մինչեւ 2014թ. տարեվերջ: 2013թ. իրականացվել են նաեւ հակասողանքային միջոցառումներ, կառուցվել է 1,5 կմ երկարությամբ դրենաժային ցանց: Արդեն հայտարարվել է նաեւ «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման փորձագիտական մրցույթը:
2014թ. կշարունակվեն համայնքային ճանապարհների բարեկարգման, գերեզմանատների շահագործման խնդիրների կանոնակարգման եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:
Նիստում քննարկվել են նաեւ քաղաքի առողջապահական հիմնարկների զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած նոր ախտորոշիչ կենտրոնի բացմանը, այնուամենայնիվ, հիվանդանոցային պայմանների բարելավման եւ բժշկական ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտություն կա:
Հանձնաժողովը նպատակահարմար է գտել նաեւ կառավարությանն առաջարկել աջակցություն ցուցաբերել քաղաքով անցնող Աղստեւ գետի որոշ հատվածների ափապաշտպան աշխատանքների իրականացմանը:
Որոշվել է նաեւ, որ քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ ուղեւորափոխադրումների կազմակերպման վերաբերյալ մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծերը կուսումնասիրվեն Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից, որից հետո առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը` ինչպես միջքաղաքային, այնպես էլ ներհամայնքային ուղեւորափոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Արձանագրվել է նաեւ, որ քաղաքի համար շարունակում է առաջնահերթ մնալ նոր աղբավայրի եւ աղբահանության կազմակերպման խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը քննարկել շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների հետ` արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Նիստում ներկայացվել է նաեւ Դիլիջանի եւ հարակից գյուղական համայնքների վարչատարածքային բարեփոխումների մոդելը: Հանձնաժողովի անդամները կծանոթանան նյութերին, ինչպես նաեւ համապատասխան քննարկումներ կկազմակերպվեն տեղերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել