HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կառավարությունը որոշել է հարկել նկուղներն ու Կենտրոնական բանկին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ՝ «Անշարժ գույքի հարկի մասին»: Այս հարկը պետք է փոխարինի հողի հարկին ու գույքահարկին, որոնք ուժը կորցրած կճանաչվեն: Նոր հարկը չի տարածվի ավտոմեքենաների վրա, դրանց համար էլ նոր օրենք է մշակվել՝ փոխադրամիջոցների հարկման մասին:

Անշարժ գույքի հարկի նախագիծը բնավ էլ հողի հարկի ու գույքահարկի մեխանիկական միակցում չէ, թեև դրույքաչափերն ու գործակիցները պահպանվել են: Կան մի շարք տարբերություններ.

  1. Սահմանվել է, որ հարկման օբյեկտ պետք է լինեն նաև ստորգետնյա կառույցները: Գործող օրենքով նման սահմանում չկա: Հետևաբար, բոլոր տեսակի նկուղային կառույցները մտնում են հարկման դաշտ: Սա, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ հարկային ծանրություն է:
  2. Ավելի խստացվել է ավտոտնակի հարկման սահմանումը: Գործող օրենքով ավտոտնակը հարկվում է, եթե շինություն է: Նոր նախագծով առաջարկվում է հարկել ցանկացած կառույց, որն օգտագործվում է ավտոմեքենայի կայանման համար: Տարբերությունը հետևյալն է՝ թիթեղյա (մետաղյա) ավտոտնակը շինություն չէ, այն ներկա օրենսդրությամբ գույքահարկով չպետք է հարկվի: Իսկ առաջարկվող նախագծով դառնում է հարկման օբյեկտ:
  3. Կառավարությունն առաջարկում է հարկել նաև Կենտրոնական բանկին, այնինչ ներկայում այդ պետական մարմինը գույքահարկից ազատված է: Սակայն ԿԲ-ն վճարունակ կառույց է ու հազիվ թե հիվանդագին ընդունի հարկեր վճարելու գաղափարը:
  4. Կազմակերպություններն այլևս իրավասու չեն լինի ինքնուրույն հաշվարկել իրենց գույքահարկն ու հողի հարկը, նրանց փոխարեն դա կանեն պետական հաշվարկող մարմինները: Այստեղ դրականն այն է, որ այդ տեղեկությունները պետք է փակցվեն համայնքի վարչական շենքի տեսանելի վայրում կամ տեղակայվեն էլեկտրոնային տարբերակով:

Հնարավոր է՝ ավելի մանրամասն ուսումնասիրումն ի հայտ բերի նաև այլ տարբերություններ: Սակայն, դա կարևոր չէ: Ավելի մտահոգիչ է, որ կառավարությունը հերթական անգամ հարկային օրենսդրությունը տակնուվրա է անում: Դա արվում է իբր բիզնես միջավայրը բարելավելու մղումով: Սակայն, եթե կառավարությունը փորձի բիզնես շրջանակներում սոցիոլոգիական հարցում անել, ապա կիմանա, որ բիզնես միջավայրը վաղուց է հոգնել հարկային անընդհատ ու ոչ միշտ հիմնավորված փոփոխություններից: Հատկապես բողոքում են օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում իրենց գլխադաս ընկերությանը բացատրել, թե ինչու է Հայաստանի հարկային օրենսդրությունը համարյա ամեն տարի վերանայվում: Ամերիկյան ու եվրոպական ընկերությունների տեսանկյունից այս անընդհատ փոփոխվող հաշվապահությունը խանգարում է երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ ի՞նչ իմանաս, թե մի քանի տարի հետո հարկային համակարգն ինչ տեսք կունենա:

Նշենք, որ կառավարությունն այս օրինագիծը ԱԺ օրակարգ կմտցնի բավական արագ, առաջիկա նիստերից մեկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter