HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական ռեժիմի փոփոխության մասին

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Հաճախ հնչում են հայտարարություններ, թե Հայաստանում անհրաժեշտ է կատարել համակարգափոխություն: Սակայն պետք է նկատել, որ մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են մնում համակարգափոխության բովանդակության վերաբերյալ, քանի որ վերոնշյալ թեզի կողմնակիցները շատ հազվադեպ են դրան անդրադառնում, իսկ անդրադառնալու դեպքում էլ հաճախ չեն մանրամասնում իրենց դիրքորոշումը: Քանի որ ինքս հաճախ եմ օգտագործում այդ եզրը, ապա ճիշտ կլինի, որ մի փոքր մանրամասնեմ, թե ինչ եմ դրա տակ հասկանում:

Նախ պետք է նշեմ, որ «համակարգափոխություն» բառը ես կիրառում եմ որպես «ռեժիմի փոփոխություն» եզրի հոմանիշ, ինչը քաղաքագիտության մեջ լայն տարածում ստացած մոտեցում է: Քաղաքական ռեժիմը կամ համակարգը խաղի հիմնական կանոնների այնպիսի համալիր է, որի շրջանակներում քաղաքացիները ձեւավորում են իշխանություն եւ կարգավորում են հանրային կյանքը: Այլ կերպ ասած՝ քաղաքական ռեժիմը պետությունում քաղաքականության կազմակերպման ձեւն ու բովանդակությունը որոշող համակարգն է:

Չնայած քաղաքագիտության մեջ տարբեր մոտեցումներ կան քաղաքական ռեժիմների տեսակների դասակարգման վերաբերյալ, սակայն գոյություն ունեցող բոլոր համակարգերն ընդունված է բաժանել երկու հիմնական խմբերի` դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական ռեժիմների: Ի դեպ, այս դեպքում «ոչ դեմոկրատական ռեժիմ» եզրույթի հոմանիշն է դառնում «ավտորիտար ռեժիմ» եզրը, որն այլ, ավելի «մանր» դասակարգման դեպքում հաճախ հանդես է գալիս որպես ոչ դեմոկրատական ռեժիմի ինքնուրույն տեսակ, ինչպես, օրինակ, «օլիգարխիկ», «տոտալիտար», «կլեպտոկրատիկ», «ռազմական» ռեժիմները եւ այլն:

Եթե ընդհանրացնենք գոյություն ունեցող մոտեցումները, ապա կարող ենք նկատել, որ դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական ռեժիմների դասակարգման հիմքում հետեւյալ հարցերն են` իշխանությունների ձեւավորման եղանակը, իշխանությունների բնույթը եւ քաղաքացիների կարգավիճակը: Այսպիսով, իմ կարծիքով, դեմոկրատական ռեժիմի առկայության մասին կարելի է պնդել այն դեպքում, եթե պետությունում`

ա. իշխանությունը կրող սուբյեկտը ժողովուրդն է,

բ. օրենսդիր մարմինը առնվազն ձեւավորվում է համապետական ուղիղ ընտրությունների միջոցով, որոնք իրապես ազատ են, արդար եւ թափանցիկ,

գ. իշխանությունների նկատմամբ կա հանրային վերահսկողություն իրականացնող գործուն համակարգ, որը դրսեւորվում է իշխանությունների` ըստ գործադիր, օրենսդիր եւ դատական թեւերի տարանջատմամբ, ազատ մամուլի գոյությամբ, իշխանությունների ազդեցությունից, ճնշումից անկախ գոյություն ունեցող տարատեսակ  հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների առկայությամբ,

դ. բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, որոնք պաշտպանվում են պետության կողմից,

ե. գոյություն ունեն անկախ մարմիններ, որոնք ժողովրդի կողմից ընդունված օրենքների եւ իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա լուծում են տարատեսակ վեճերը,

զ. «ճշմարտության» նկատմամբ չկա պետական մենաշնորհ, եւ հաստատված է բազմակարծություն եւ խղճի ազատություն:

Եթե պետությունում բացակայում է վերոնշյալ կետերից բաղկացած համալիրը, ապա կարող ենք ասել, որ վերջինում հաստատված է ոչ դեմոկրատական ռեժիմ:

Ուրեմն, երբ ասում եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է համակարգափոխություն իրականացնել, ի նկատի ունեմ, որ հարկ է փոխել Հայաստանում քաղաքականության կազմակերպման ձեւն ու բովանդակությունը, իշխանության ձեւավորման եւ իրականացման խաղի կանոնները, այլ կերպ ասած` Հայաստանում առկա ոչ դեմոկրատական ռեժիմը պետք է փոխարինել դեմոկրատական ռեժիմով:  

Թե ինչպես է հաստատվում դեմոկրատական ռեժիմը`քննարկման այլ թեմա է: Սակայն այստեղ ցանկանում եմ մի փոքր անդրադառնալ վերոնշյալ ռեժիմի հաստատման գործընթացի հետ կապված մի կարեւոր հարցի` արդյոք այդ գործընթացում պարտադի՞ր է իշխանափոխությունը:

Կարծում եմ, որ իշխանությունների ղեկին մնալու պարագայում դեմոկրատական ռեժիմի հաստատում հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ իշխանությունները ձեւավորվել են դե յուրե հաստատված խաղի կանոնների պարագայում (թեկուզ եւ այդ կանոնները հակադեմոկրատական բնույթ են ունեցել, ինչպես, օրինակ, թագավորական իշխանության ձեւավորման եղանակները) եւ, երբ նրանք չեն խոչընդոտում, այլ նպաստում են դեմոկրատական ինստիտուտների հաստատմանը եւ սեփական իշխանության խիստ սահմանափակմանը: Մնացած բոլոր դեպքերում իշխանության ղեկից գործող իշխանությունների հեռացումը շատ հաճախ անհրաժեշտություն է քաղաքական համակարգի փոփոխության գործընթացում, քանի որ, ի դեմս այդ իշխանությունների, հասարակություններն ունենում են իշխանության բռնազավթողների եւ համակարգի փոփոխության գործում լուրջ խոչընդոտի հանդիպում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter