HY RU EN

Անի Հովհաննիսյան

Շների սպանդի վերաբերյալ գործը կարճում են

Քանաքեռ թաղամասում տեղի ունեցած կենդանիների սպանդի վերաբերյալ հարուցված գործը կարճվում է: Այդ մասին «Հետքին» հայտնեց «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը: Նա այսօր այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանություն: Գործը քննող քննիչ Հակոբ Հակոբյանը Օվսաննա Հովսեփյանին տեղեկացրել է, որ շների սպանության վերաբերյալ գործը կարճվում է՝ բավականաչափ փաստեր չլինելու պատճառով:

«Դինգո» թիմի ղեկավարը «Հետքին» հայտնեց, սակայն, որ սպանությունը բացահայտելու բավականաչափ հիմքեր ու փաստեր միայն իրենք են տվել ոստիկանությանը. «Քննիչն ինձ ասաց, որ հարցաքննել են քաղաքապետարանի որսորդներին, նրանք ասել են, թե իրենք չեն: Այնուհետեւ փամփուշտը հանձնել են փորձաքննության, սակայն չեն կարողացել պարզել, թե ինչ զինատեսակի փամփուշտ է, քանի որ այն դեֆորմացված է եղել՝ դիպչելով շան ոսկորին»,- պատմում է Օվսաննա Հովսեփյանը:

Նա նշում է նաեւ, որ սպանության վայրում տեղադրված են «Ռոսգոսստրախ» եւ Security Dream ընկերությունների տեսախցիկները, որոնք պետք է որ նկարած լինեին սպանության հեղինակներին. «Ոստիկանությանը ես եմ հուշել, որ երկու կողմից այդ հատվածը նկարահանող տեսախցիկներ կան, կարող են նայել: Քննիչ Հակոբ Հակոբյանն ինձ պատասխանեց, որ նայել է տեսանյութը, եւ ոչ մի կասկածելի բան չի տեսել՝ բացի մի քանի տաքսիներից: Երբ հետո ես պահանջեցի, որ այդ նյութը պետք է կցված լիներ գործին, ինձ պատասխանեց, որ տեսագրությունները պահվում են 72 ժամ: Ուրեմն քննիչն ինչպե՞ս է նայել տեսագրությունը, եթե այն պահպանվում է ոչ ավել, քան 72 ժամ, երբ ես դիմել եմ ոստիկանություն դեպքից 168 ժամ հետո»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը:

«Դինգո» թիմը պատրաստվում է դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ոստիկանության վատ աշխատանքի վերաբերյալ հայտնելու իր դժգոհությունը: Շների սպանդի մեջ Օվսաննա Հովսեփյանը կասկածում է քաղաքապետարանին կից «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը, որը զբաղվում է թափառող շների վնասազերծմամբ Երեւանում: «Ինչու եմ ես նրանց կասկածում, քանի որ եթե սա լիներ ինչ-որ անհատի արած գործ, ոստիկանությունը հետքերով կգնար, բայց քանի որ այն քաղաքապետարանին կից կառույց է, ոստիկանությունը փորձում է հնարավորինս շուտ կոծկել այն՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Բացի այդ՝ Հակոբ Հակոբյանն ինքն ինձ ասաց, որ 6 ամիս առաջ քաղաքապետարանը կրակելով սպանում էր շներին, իսկ քաղաքապետարանն անընդհատ հերքում է այդ փաստը»,- նշում է «Դինգո» թիմի ղեկավարը:    

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Քանաքեռ թաղամասի Զաքարյան փողոցում դաժանաբար սպանդի էին ենթարկվել մի քանի շներ: Դեպքի վերաբերյալ «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը դիմել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանություն: Հարուցվել էր գործ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածով (կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը) եւ զենքի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով: