
Անօթևան դարձած Թևոսը և հայրենիք վերադառնալու նրա ոդիսականը
34-ամյա Թևոս Ղանդիլյանը անօթևանների ժամանակավոր կացարանում է ապրում: Այստեղ է գտնվում անցյալ տարվա նոյեմբերից: Թևոսի` անօթևանների ժամանակավոր կացարանում հայտնվելուն նպաստել է նաև նրա Հայաստան վերադառնալու տխուր փորձը:
Թևոսը ծնվել է Էջմիածնում, մեծացել` Երևանում: Բժշկական համալսարանի քոլեջում մանկաբարձություն և գինեկոլոգիա է սովորել, սակայն չի ավարտել: Գնացել է բանակ` ծառայելու, վերադառնալուց հետո այլևս չի կարողացել շարունակել, քանի որ արդեն հարկավոր էր աշխատել: Որոշ ժամանակ Հայաստանում աշխատելուց հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզ, այնտեղ նաև ամուսնացել է: Դարձել է ՌԴ քաղաքացի: Որդի ունի: Ավելի ուշ բաժանվել է կնոջից և որոշել է վերադառնալ Հայաստան: Թևոսի ոդիսականը սկսվել է հենց այն օրվանից, երբ փորձել է Հայաստան հասնել ռուս-աբխազական սահմանից:
2009 թվականի աշնանը նա Աբխազիայի տարածքով մտել է Վրաստան: Զուգդիդում վրացի սահմանապահները նրան ձերբակալել են` սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով: Հետո ավելացվել է նաև թմրանյութի անօրինական շրջանառության հոդվածը: «Երբ ինձ մեքենայով տանում էին, մի գունդ թմրանյութ գցեցին գրպանս, հետո ձևակերպեցին, որ հայտնաբերել են գրպանիցս»,- պատմում է Թևոսը:
Վրաստանի դատարանը նրան 22 տարվա ազատազրկման է դատապարտել` 3 տարին` սահմանը ապօրինի հատելու և 19 տարին` թմրանյութի անօրինական շրջանառության համար: Նրա արյան մեջ փորձաքննությունը թմրանյութի առկայության նշույլ չի հայտնաբերվել: Թևոսը ավելի քան երեք տարի անցկացրել է վրացական բանտերում, սակայն անցյալ տարի կիրառված համաներման որոշմամբ ինքն էլ է ազատ արձակվել: Գործը վերանայել են և թմրանյութի ապօրինի շրջանառության հոդվածը հանվել է:
Թևոսը դրանից հետո կրկին չի կարողացել մտնել Հայաստան: Այս անգամ ՌԴ արտասահմանյան անձնագրի վավերականության ժամկետն էր լրացել, իսկ ՌԴ դեսպանությունը վրաց-ռուսական պատերազմից հետո փակվել էր: Թբիլիսիում գործող Շվեյցարիայի դեսպանատանը գործող ՌԴ հյուպատոսությունն էլ անընդհատ ձգձգել է Թևոսի նոր անձնագրի տրամադրումը:
«Քանի անգամ փորձեցի Հայաստան գալ, հին անձնագրերն էլ էր մոտս, բայց չէին թողնում, անպայման ուզում էին ռուսական արտասահմանյան անձնագիրը»,- պատմում է Թևոսը:
Երրորդ փորձը` Ջավախքի կողմից ոտքով մուտք գործել ՀՀ, ձախողվել է: «Փորձեցի Բավրայի կողմից, որովհետև հայրս Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի ծնունդ է, մենք շատ ենք գնացել-եկել, գիտեի, որ սահմանում փշալար չկա: Ասի` փորձեմ անցնեմ, գիտեմ` խախտում է, թեկուզ Հայաստանի կողմը կկանգնեցնի, կստուգի, կպարզաբանեմ»,- հիշում է Թևոսը:
Վրացի սահմանապահները, անտառագիծ չհասած, Թևոսին նորից են ձերբակալել և վրաց-հայկական սահմանի խախտման փորձի մեջ մեղադրել: Այս անգամ նրան Ախալցխա են տեղափոխել և ազատազրկման չենթարկելու դիմաց 1000 լարի պահանջել: 500 լարի գրավով, ի վերջո, նրան ազատ են արձակել: Մինչև անձնագրի պատրաստ լինելը Թևոսը մնացել է հայրական Տաբածղուր գյուղում:
Թևոսը դիմումներ է գրել Վրաստանի արդարադատության նախարարությանը, որ սխալ է դատապարտվել: «Ես նույնիսկ հայկական դեսպանատանը դիմեցի, ինձ ոչ ոք չօգնեց: ՀՀ նախագահի անունով դիմում գրեցի, վարչապետի, պաշտպանության նախարարի անունով դիմում գրեցի: Քանի որ քաղաքացիությունս ՌԴ-ի էր, ՌԴ նախագահի, վարչապետի անունով դիմում գրեցի: Միայն 3 տարի հետո ՌԴ հյուպատոսի առաջին տեղակալը եկավ, զրուցեց հետս: Ասաց` դիմի Եվրադատարան, բայց ես չկարողացա դիմել, որովհետև հնարավորություն չկար, և այդ ամենը վճարովի էր»,- պատմում է Թևոսը:
Հայաստանի դեսպանատուն դիմել է նաև հայրենիք վերադառնալու հարցում օգնելու խնդրանքով, քանի որ ՌԴ միջազգային անձնագրի տրամադրումը կարող էր շատ երկար ձգվել: Դեսպանատունը դա էլ է մերժել:
Անցյալ տարվա գարնանը Թևոսը արտասահմանյան անձնագիրը ստացել և վերջապես հասել է Երևան. «Ընտանիքում մի քիչ խառնված վիճակ էր, և գումարած այն, որ զանգահարել ու ասել էի` 22 տարի դատապարտվել եմ, ազդել էր»,- ասում է Թևոսը: Մայրը և քույրը թեև Թևոսին ընդունել են տուն, բայց մի քանի օրից քույրն ինքնաթիռի տոմս է գնել և Թևոսին հորդորել վերադառնալ Ռոստով: Հայրը 2004-ին մահացել է, մայրը բնակարանը դստեր անունով է ձևակերպել: Թևոսը հասկացել է, որ հայրական տանն այլևս տեղ չունի:
Ռոստովում էլ բարեկամներն են Թևոսին հետդարձի տոմս գնել և ճանապարհել Երևան: Թևոսը ինքնաթիռից իջել և օդանավակայանում հետաքրքրվել է անօթևանների համար նախատեսված կացարանով: Գնացել է Հաղթանակ գյուղ: Այդ գիշերը նրան չեն ընդունել անօթևանների կացարանում, փոխարենը դիմացն ապրող բնակիչն առաջարկել է գիշերն անցկացնել իրենց տան կիսակառույց շինության մեջ: Հաջորդ օրն անօթևանների կացարանն ընդունել է Թևոսին: Այժմ նա Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում է, քանի որ Հաղթանակ գյուղի կացարանը փակվել է, և բոլոր անօթևանները տեղափոխվել են Վարդաշեն:
«Թմրանյութը իմը չէր: Գրպանս նման չափսի թմրանյութ որ քցում է համակարգի աշխատողը, որը իրենց սահմանապահն էր, եւ եթե սահմանապահի մեջ ազնվություն չկա, ու մարդու հոգեկանի վրա նման ճնշում է գործադրում ու նման մախինացիա է կատարվում, և մարդուն պահում են: Մարդ մեկ անգամ է ապրում և դատավորից իմանում է, որ 22 տարի պիտի անցկացնի կալանքի մեջ, շատ բան է պահանջվում նրանից, որ դիմանա»,- ասում է Թևոսը:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասում է, որ Թևոսը սկզբնական շրջանում ճնշված և սթրեսային վիճակում էր, բայց արդեն կարգավորվում է և նորմալ վարք ունի: Փորձելու են նրան ձևակերպել հիմնադրամում, որ օգնի բժշկին ու բուժքրոջը:
Թևոսը չի ուզում ընտանիքի մասին մանրամասներ պատմել, բայց որդու մասին խոսելիս դեմքը պայծառանում է: Ափսոսում է` երեկ որդու ծնունդն էր, չի կարողացել շնորհավորել, հեռախոս չունի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել