HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Հալէպէն՝ Հայաստան: Մարալ Գրտանեանը կ՛ըսէ թէ հայաբնակ Նոր Գիւղը պարպուեցաւ

«Մամաս, եղբայրներս ալ ըսին՝ ո՞ւր կ'երթաս-կոր մէկը ունի՞ս մը հոն»

Առաջին տարին է եւ դժուար է:Մենք 15 Մարտ  2013-ին եկանք  եւ ես ատ  թուականը չեմ մոռնար: Մենք քանդուեցանք: Փառք Աստծոյ կ'ըսեմ բայց հոս ալ դժուար է: Մենք Նոր Գիւղ կ'ապրէինք»:

Այս կ'ըլլան  Մարալ Գրտանեանին  առաջին բառերը որուն տունը հասնելու համար  բաւական երկար  պիտի քալես: Յիսունի մօտ այս կինը որ Հալէպի ամէնէն հայահոծ շրջաններէն՝ «Նոր Գիւղ»էն  է, եւ արագօրէն խօսելով կը պատմէ իր ոդիսականը:Ամուսինին մահը, զաւակներուն Սուրիական բանակին մէջ ծառայութեան խնդիրը եւ Հալէպի ՀԵԸ–ի ակումբին մէջ աշխատած իր տարիները: Աչքերուն մէջ Հալէպի ամբողջ տառապանքն է որ կայ: Մարալ Գպրանեանը յուզումնախառն, միամիտ բայց խորիմաց դէմք է:

«Վիգէն Ադդարեանն էր մեր պատասխանատուն ըսաւ եկէք բոլորդ հոս պառկեցէք (Նկատի ունի Բարեգործականի Հալէպի ակումբներէն մէկը- Ս. Ա.): Ելանք հաւաքուեցանք ու բոլորս ակումբ գացինք: Մեր տունը «Մաթթամ Պուրճ» («ճաշարան Պուրճ»-Ս.Ա.) քովն էր ու հոնտեղ շատ հայ կար: Վերջին օրերուն ատ թաղին մէջ եւ մեր փողոցին դիմացը «Սնայբըր» մը կար: Մեր թաղը առաջին թաղն էր,  որմէ բոլորն ալ փախան: Պատուհանէն նայիս նէ  «Բոստան Փաշա» կը նայի ու հոն ալ «Սնայփըր» մը կայ:

- Հիմա ի՞նչ է վիճակը:

- Հոն հիմա մամայենքս  կան, անոնք ալ «Նոր գիւղ»էն են: Բայց ատ միւս կողմը կը նստին: Այսինքն Հալէպի ճեմարանին կողմերը: Ատ շրջանն ալ գրեթէ պարպուեցաւ:  

- Դուք ի՞նչ ճամբայով եկաք Հայաստան:

- Մենք «Նիզամի» (Նկատի ունի օրինական- Ս.Ա.) չենք եկած: Մենք եկանք նէ իրենք մեզի թԷլէֆոն ըրին  «Ալեք Մանուկեան»ի ակումբէն: Թէլէֆոն ըրին որով ես 13 տարի ՀԵԸ-ի ակումբը կ'աշախտէի: Ամուսինս «Քըպտ»ի (Լեարդի – Ս. Ա.) խնդիրներ ունեցաւ  որով հին ատեն շատ կը խմէին: Դրամ չիկար որ դեղ առնէինք իրեն: Գացի «Բարեգործական»էն դեղ ճարելու: Տեսայ ակումբին վիճակը շատ  Մուքարքապ էր (Տակնուվրայ-Ս. Ա.) եւ քիչ մը շտկեմ ըսի: Հարցուցի իրենց, աշխատողի պէտք ունիք ըսի եւ 13 տարի հոն աշխատեցայ: Ինչ մեղքս պահեմ գոհ էի, մէկ ընտանիքի պէս էինք երբ որ կռիւները «Նոր գիւղ»ին մօտեցան Վիգէն Ադդարեանը ըսաւ առ զաւակներդ եկուր: Աման ըսի ինչ պիտի ըլլայ հոս: Բայց վերջը  զաւակներուս վրայ վախցայ: Տղաքս ըսին մամա երթանք հոստեղէն եւ ատանկ եղաւ:

- Ակումբին մօտ ապահով է՞ր: Կռիւ կա՞ր:

- Այո ամէն օր: Նախագահին  զինուորները կային: Յետոյ  «Ճէյշ ըլ Հըր»ը  (Ազատ բանակ- Ս. Ա.) կը մտնէր ու կ'ելլէր: Ամէն օր մարդ կը մեռնէր: Տղաներս ալ ըսին  մամա օր մըն ալ մեր վրայ կը կրակեն: Ճիշդը միտքս հանգիստ չէր, կը վախնայի որ տղաներուս գողնան տանին:

- Հիմա ո՞ւր են զաւակներդ: Ի՞նչ կ'ընեն հոս:

- Երկու տղայ ունիմ: Մէկը Տուպէյ գնաց: Իր հին վարպետը կանչեց, ըսաւ  եկուր աշխատիր:Վարպետը ըսաւ ասանկ- անակն նստեր ես, Հայաստան գործ չիկայ եկուր երկու ամիս մը հոս աշխատիր, երկու -երեք հարիւր տոլար  գրպանդ կը դնես ետ Հայաստան կ'երթաս: Ինքն ալ ինկեր էր աս աստիճաններէն (Աստիճանները ցոյց կու տայ) ձիւնին պատճառով ոտքը ցաւցուցեր էր: Ոտքը կապած-կապած գնաց խեղճս:

- Հոս  ի՞նչքան վարձք կը վճառես:

- Ամիսը 45 հազար կ'ուտանք, լոյսի դրամն ալ կայ բոլորը միասին  55  հազար: Փառք Աստծոյ ուրիշ տեղեր աւելի սուղ է գոնէ հոս կեդրոն է: Հէմէն (Շուտով- Ս. Ա.) քաղաք կը հասնիս  միայն աս աստիճանները հոգիս կը հանեն:

- Դրացիներուդ հետ կը խօսի՞ս:

- Ամա եա: Մարալ Տոտա կ'ըսեն ինծի: Խենթ կ'ըլլան վրաս: Տանտէրն ալ կը սիրէ ինծի: Ինծի բոլորը կը սիրեն: Հոս ըլլային հիմա բոլորը քովս կ'ըլլային: Հիմա չեմ աշխատիր-կոր ամբողջ  օրը տունն եմ:

- Բնաւ աշխատեցա՞ր հոս:

- Ամառը կ'աշատէի եկայ չեկայ:

- Ի՞նչ գործ:

- Ճաշարան աշխատեցայ:

- Հալէպցիներո՞ւ մօտ:

- Ո՛չ

- Հապա՞

- Տեղացիներու մօտ, Լիբանանցի հայերու մօտ: Ինչեր աշխատեցայ առտու կանուխ  կ'երթայի մինչեւ կէս գիշեր կը մնայի: Կը խենթանայի օրական 3000 կուտային: Պնակ կը լուայի, գետինները կը մաքրէի: Ատոր վրան ալ Սարմա կը փաթթէի, Քիւֆթէ կ'ընէի: Հիմա աստիճան ալ կը լուամ ամիսը 30.000 հազար կու տան-կոր:

- Ըսիր որ երկու տղայ ունիս  երկրորդը հոս է չէ՞:

- Այո Ճօրճիկս  ընկերութեան մը մէջ կ'աշխատի սնտուկ- մնտուկ կը շարէ: Խեղճս ան ալ ինկաւ, ոտքը ցաւցուց: Քսան օր գործի չի գնաց ամսականէն կտրեցին: Ըսի մի նեղուիր տղաս ասոր թող գայ: Ինչ ըլլայ նէ պիտի աշխատինք: Ինչ ընենք սկիզբը  ժամը մէկէն-տաս է ըսին յետոյ  երկարեցաւ: Սնտուկներ կը շարէ-կոր 80 .000 կ'առնէ-կոր: Իշտէ  ինչ գիտնամ աս է վիճակները հիմա:

- Այսքան դժուարութիւններու մէջ դեռ կը ժպտաս: Օգնողներ եղա՞ն քեզի:   

- Իմ բնաւորութիւնս ատանկ է (ժպտալով): Գիտես ինչ դժուրութիններէ անցանք երբ որ հոս եկանք:Բայց կռնակ չունիմ: Չեմ գիտեր: Աստուած խիղճերնին արթնցընէ: Սուրիացիներէն բան մը չի տեսայ միայն Անին ինծի հարազատ է (նկատի ունի Անի Չալեան անունով  ընկերային ծառայողը ) մնացածը մոռցիր:

- Իսկ Սփիւռքի նախարարութիւն դիմեցի՞ր:

- Գացի,  գացի: Երկու անգամ գացի: Երեք ամիս օգնեցին վարձքին համար յետոյ երբ անգործ էինք  նորէն գացի: Վերջին անգամ պաշտօնեայ մը կար ըսաւ՝ «Գացէք ձեր գլուխին ճառին նայեցէք այլեւս  չենք կրնար օգնել»:

- Ո՞վ էր ըսողը:

- Թալին էր անունը:

- Հայաստանցի է՞ր:

- Ոչ Սուրիացի:

- Յետո՞յ:

- Ինծի ըսին գիւղ գացէք տուն կը գտնես:Վրանիս կը խնդային: Ես ալ ըսի ինչպէս մեր գլխուն ճարին նայինք: Ես բնաւորութիւն  մը  ունիմ եթէ շատ պէտք չունենամ  մէկէ մը բան մը չեմ ուզեր: Մեզի գիւղ ղրկեցին,ըսին հոն 15.000-ի տուն կը գտնես: Չի գտանք: Յետոյ  գերեզմանի մը  քովը տարին ըսին հոս կը մնաս եւ 15.000 կու տաս ամիսը: Բոլորը մեր վրան կը խնդային  ատկէ ետ ալ վազ անցանք: Փառք Աստծոյ որ աս տունը գտանք: Միայն աս աստիճանները դժուար կ'ըլլա-կոր մեզի: Աս ձիւնն ալ մեռցուց... կարծես ամէն քաղաքը կը սառի-կոր բան մը չես կրնար ընել: Ինչ ընենք լաւ կ'ըլլայ օր մը: Հոնտեղի հաուններէն  (Հրասանդ-Ս.Ա.) փախանք աս ձիւնին բռնուեցանք:

- Խնդրանք մը, փափաք ունիս Տիկին Մարալ:

- Իմ երազս տուն մը ունենալ է: Ատի իմ երազս է: Մեզի ձեւ մը թող գտնեն հոս տուած  վարձքը հոն կու տամ: Հոս ապրուելիք տեղ չէ(նկատի ունի  ապրած տունը- Ս. Ա.): Հանգիստ ալ չեմ: Միտքս խանգարուած է: Հոս առանց դրամի չես կրնար տեղէդ շարժիլ: Վաղը Դանիէլն ալ պիտի գայ չեմ գիտեր ինչ պիտի ընենք:

- Դանիէլը ի՞նչ կ'աշխատի:

- Տղաս սափրիչ է հոս վարսավիր կ'ըսեն: Լաւ անգլերէն ալ սորվեցաւ: Տուպէյ «Շիրաթոն  հոթէլ»ին մէջ աշխատեցաւ: Հոն ամէն Եւրոպացիներուն մազերը կը կտրէ: Հոս խանութ գնաց աշխատելու օրական հազար թուղթ (Նկատի ունի դրամ-Ս. Ա.): Հաւաքարարաին պիտի տայ, տեղի  վարձք պիտ տայ եւ կտրած մազին դիմաց  գումարին կէսը վարպետին պիտի տայ: Է ինչ պիտի մնայ իրեն Մինչեւ կէս գիշեր երեսուն քառասուն հոգիի մազ կը կտրէ եւ երեք հազարով տուն կու գայ: Օր մը եկաւ ըսաւ մկրատս կտրուեցաւ  ատոր դրամն ալ իր վրան է: Վերջին անգամ չոճուխս ատչափ նիհարցեր էր խենթացայ ես ալ: Հոս գիւղերն ալ գնաց աշխատելու վնաս չունի ըսաւ, 500  դրամի կը կտրեմ միայն գործ թող ըլլայ: Վարպետը կառավարական մարդ էր: Իր ապրանքները հետը կը տանէր: Տղաս վարպետ սափրիչ է ինչ ըսեմ: Ինչ մեծ մարդիկ կուգային քովը  բայց մեղք ըլլայ հոս: Հոս գիտես ինչ կ՞ընեն իրարու մազ կը կտրեն քէլ կընեն  (Սափրագլուխ): Հոն տարբեր է: Լեցուն օտարներ կուգան, երկար մազ ունին կը կտրեն, «Մէշ» կ'ընեն:  Շատ բաներ սորված է հոն: Եւրոպացիներուն մազն ալ կը ներկէր «Մէշ» կ'ընէր, սէշուար կ'ընէր: Պատիւով  մեծցեր են: Բարի են, խելացի են: Չեմ գիտեր ինչ պիտ ըլլայ հոս:

Տիկին Մարալ կը պատմէ նաեւ, թէ ինչպէս «Նոր գիւղ»ի իր տան մէջ ցուրտէն ու անօթութեան հետեւանքով մահացաւ իր հայրը ու կ'ըսէ թէ այսօր ալ իր մօր վիճակը բաւական բարդ է ու ծանր:

«Մամաս «Նոր գիւղ»էն է: Մեր տունէն քիչ մը վար «Թալաֆոն Հաուաի»ի շրջանը:Առաջ աղբարներս  կ'աշատէին, վիճակնին շատ լաւ էր: Պատերազմին ամէն գործերը կեցաւ, երեւի «Պանքա»ն  քիչ մը դրամ ունէին  քաշեցին որ ապրին: Առաջ կ'օգնէին, հիմա չեն կրնար-կոր նայիլ:

- Կը խօսի՞ս իրենց հետ:

- Անցեալները  հինգ հազար դրամի լեցուցի(Հեռախօսը- Ս. Ա.) խօսեցայ իրենց հետ: Կշտացայ բոլորէն: Եղբայրերուս,  քոյրիկիս  ամէնուն հետ խօսեցայ: Երազիս եկած էին բոլորը: Ես կ'ըսէի դուք ձեզի լաւ նայեցէք, իրենք կ'ըսէին դուն քեզի լաւ նայիր: Ասանկ: Հոս ինչ պիտի ըլլանք: Չեմ գիտեր չոճուխներուս ապագան քանդուեցաւ: Հոս շատ կ'աշխատիս քիչ  կ'առնես-կոր: Ինծի նորէն օգնեցին  աս փուռը բերին,  լվացք բռելիք բերին: Սառնարանն ալ դրացիներուն հետ միասին կը  գործածենք: Ուրիշ միութիւններ ալ օգնեցին, անունները չեմ ալ գիտեր: Լվացքի  մեքենայ  չունիմ  հիմա տանտէրը հին բան մը տուաւ: Երէկ Լուացք պիտ ընէի սառած էր: Ելայ մեքենան շալկեցի, դարձցուցի որ կրնամ աշխատցնել:

Միւս  սենեակը ցոյց տալով   կը յիշէ բոլոր այն անունները որ իր Հալէպ եղած ատենը  խոստացան որ պիտի օգնեն ... բայց .... ոչինչ ըրին:Լվացքի մեքնան  ցոյց կուտայ,  սառնարանը  եւ  բաց ծորակը:Կը բացատրէ որ ծորակը եթէ բաց չթողու ջուրը կը սառի:

 - Այդ օրը ջուրը սառաւ:Գացի  վառարանը բերի խողովականերուն մօտեցուցի որ հալի: Դիմացն ալ հարեւաններ ունիմ: Սեւանէն եկած են: Աշակերտ են.ինչ ըսեմ:

- Քեզի կ'օգնե՞ն:

- Չէ իրենք ալ լաւ չեն: Հազիւ-հազ կ'ապրին-կոր: Իրենց մաման ալ կ'աշխատի:

 Ու մեզ  ճամբու դնելով կ'ըսէ. «Երբեմն կուլամ – կուլամ, եա Աստուած կ'ըսեմ, մեզի պահէ կ'ըսեմ: Մէկը չունիմ  մամաս, եղբայրներս ալ ըսին ո՞ւր կ'երթաս-կոր մէկը ունի՞ս մը հոն»:

Տիկին Մարալ կը մնայ իր կիսաբաց  ու նախնական պայմաններով տան մէջ: Տեսնես քանի- քանի Տիկին Մարալներ կան  այս ուրախ ու տխուր Երեւանին մէջ :

Մեկնաբանություններ (4)

mano
yete gareliye digin maralin hastsen gam herakhosahamre?
Սագօ Արեան
Կապուեցէք այս Հասցէով [email protected]
Մերուժան Հարությունյան
Իմ վիճակս էլ լավ չի, որ էս խեղճ կնոջը օգնեմ: Զրույցը շատ լավ է գրած, չիշտ ու առանց ծեքծեքուն զարդարանքի:
Մերուժան Հարությունյան
Սաքո ջան, հազար ներողություն, բայց էս վերևինը հայերեն կըլներ, թե որ գրվեր. «Խմբագրությունը պիտի հաստատի Ձեր մեկնաբանությունը»: Իրոք, ինչի՞ նման կըլնի, թե որ զավակը մտնի տուն ու հարցնի. «Էսօրվ ա ճաշը մայրիկի՞ կողմից է պատրաստված, թե՞ տատիկի կողմից»: Հայը կասի. «Էսօրվա ճաշն ո՞վ ա էփե, մամա՞ն, թե՞ տատիկը»: Ճիշտը հասարակ մարդու, հասարակ հայի քերականությունն ա, ինչ է´լ որ քերականներն ասեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter