HY RU EN

«Թեղուտ» ՓԲԸ-ն հանդիպել է շահառուների հետ

Հունվարի 17-ին  Թեղուտի  մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարների հանդիպումը ընկերության շահառուների հետ:   Ընկերության  2013թ.-ին կատարած շինարական ու  շինմոնտաժային աշխատանքների եւ 2014թ.-ի առաջին եռամսյակի  նախատեսված աշխատանքների մասին շահառուներին  տեղեկատվություն հաղորդեց  Թեղուտ ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը: Նա հայտնեց, որ 2013թ.-ին ընկերության կողմից պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով ծախսվել է 280մլն. դոլար. «Այս պահին մեր շինարական և մոնտաժային աշխատանքները սկսված են և հուսով ենք, որ մինչև մայիս ամիս այն ավարտուն տեսք կունենա, որից հետո կփորձենք սկսել արդեն արտադրանքի հետ կապված սարքավորումների թողարկման աշխատանքները»,- ասաց Ռուբեն Պապոյանը:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն էլ հավելեց, թե Պապոյանի նշած ծախսային թիվն ավելի շատ վարկային միջոցների մասին է,  որովհետև իրական ներդրումներն այս պահին գերազանցում են 280 միլիոն դոլարը: Հանդիպմանը ներկա «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց  ազդակիր Շնող և Թեղուտ համայնքների  խմելու և ոռոգման ջրամատակարման  խնդրի մասին, որին անդրադառնալով՝ Թեղուտ ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանն ասաց. «Մեր ընկերության  ջրի հարցն Ագարակի ջրագծից աշնանը լուծվել է, առաջիկայում կլուծվի նաև Թեղուտի հարցը»:

«Հետքի» հարցին, թե ինչու 2 կմ երկայնքով Շնող գետը թեղուտցիների առջև փշալարերով փակելուց առաջ չեն լուծվել գյուղի անասունների ջրի խնդիրը, Պապոյանը պատասխանեց. «Բնակչության համար  երկու տեղ, ոնց որ ընդունված է, գետի տարածքում նավեր էինք տեղադրել, որ այս մի քանի ընտանիքների անասունները օգտվեին այդ նավերի ջրից: Մեկ էլ ինձ խաբար բերեցին, որ համայնքի ինչ որ բնակիչներ գնացել են նավերը շրջել, ասել են մեզ պետք չէ և այլն և այլն: Այդ նավերը տեղափոխել են մեր տարածք, հավանաբար իրենց հարցը ուրիշ ձևերով լուծել են»,- նշեց Ռուբեն Պապոյանը:

«Նավակները շրջվել են, որովհետև ժողովուրդը չէր ուզում, որ դարպասները դնեք, նավերը հենց այդ պատճառով են շրջել: Ասել են`մեզ նավ պետք չէ, դարպասներ էլ պետք չեն»,- տեղեկացրեց Թեղուտի գյուղապետը: Ռուբեն Պապոյանը գյուղապետին և հավաքված թեղուտցիներին փորձեց բացատրել, որ անասունների համար նախատեսած ջրի նավը կապ չունի դարպասների հետ. «Ամբողջ տարածքի երևի 10 տոկոսն է փակ, մնացածն ամբողջովին բաց է»,- ասաց նա:

«Մարդիկ կոնկրետ չեն ուզեցել, որ դարպասները դրվի»,- հակադարձեց գյուղապետ Նորեկյանը:

Արդյոք ընկերությունը 357 հա անտառի փոխարեն ամբողջությամբ չի օգտագործում ծրագրի 1400 հա անտառը, որը պետք է հասանելի լինի բոլորին: Ինգա Զառաֆյանի հարցադրմանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանեց, թե ընկերությանը 1600 հա անտառ է տրամադրվել է ծրագրի իրականացման համար, դա էլ տնօրինում են:

Բնապահպան Սուրեն Երիցյանը շահառուներին տեղեկատվություն հաղորդեց 2013թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության  ապահովման ուղղությամբ ընկերության իրականացված աշխատանքների և 2014 թ.-ին նախատեսված միջոցառումների մասին: Նա նշեց, որ հանքավայրի տարածքում ջրային ռեսուրսներն աղտոտումից զերծ պահելու համար բոլոր մշտական հոսքերի և ճանապարհների հատման վայրերում կառուցվել են կամուրջներ, որպեսզի բացառվի մեքենաների անցուդարձը` ջրային ուղիներով: Խճի լվացման տեղամասում բնակչության բողոքներին արձագանքելով` կառուցվել է 3-րդ պարզարան, որտեղ,  համեմատած  նախորդ 2 պարզարանների աշխատանքի, բավականին  բարելավվել է Շնող գետ արտահոսող ջրի  որակը, և 2-3 անգամ նվազել է կախույթային մասնիկների քանակը:

Սուրեն Երիցյանը նշեց, որ 2014թ.-ին բնապահպանական աշխատանքները պլանավորված են հիմնականում ընկերության տարաբնույթ ռիսկերի գնահատման և դրանց կանխարգելման  միջոցառումների մշակման ուղղությամբ: Նա հատկապես կարևորեց հրդեհային անվտանգության,  արտադրական պրոցեսում օգտագործվող վտանգավոր նյութերի և անվտանգ վարվեցողության հետ կապված ռիսկերի գնահատման ու  կանխարգելման միջոցառումները:  

Երբ Սուրեն Երիցյանին հիշեցվեց Շնող գետ թափվող ընկերության լվացման արտադրամասի ջրերով ոռոգվող այգիների չորացող ծառերի մասին, նա պատասխանեց, թե իրենք լվացման արտադրամասում որևէ քիմիական նյութ չեն օգտագործում, ջրի մեջ ընդամենը մեծ է տիղմի քանակությունը, որը արդեն նվազել է 2-3 անգամ: 

Փոշու կանխարգելման մասին  Թեղուտի բնակիչներից մեկի հարցին Սուրեն Երիցյանը պատասխանեց, որ հատկապես գարնանը, ամռանը և աշնանը, երբ փոշու քանակությունը բարձր է լինում, օրվա մեջ մի քանի անգամ ջրցանումներ են կատարվում համայնքի և ընկերության ճանապարհներին:

«Փոշու արտանետումների մոնիթորինգները մինչև օրս արտանետումների գերազանցումներ չեն արձանագրել: Արձանագրելու դեպքում՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,- հավաստիացրեց Երիցյանը: 

Ռուբեն Պապոյանը հատնեց նաեւ, որ 2013թ.-ին ընկերության կողմից բնապահպանական շեղումներ չեն եղել և տուգանքներ չեն վճարվել: