HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Ես, Աբոն, Ռուբիկն ու Արարատը»

«Ափսոս, ես չկամ էս լուսանկարում»,- Մհերը նայում է 1993 թ. ղարաբաղյան պատերազմում արված երեք հրազդանցի ընկերների` Ալբերտի, Ռուբիկի ու Արարատի լուսանկարին։

Լուսանկարում Ալբերտը կենտրոնում է ու ձեռքերով գրկում է ընկերների ուսերից: «Հրազդանի լավագույն եռյակը»,- ժպտում է Մհերը: Բայց ժպիտը տխուր է: Նկարում` Արարատ Սահակյան, Ալբերտ Ալավերդյան, Ռուբիկ Ասատրյան:

Երբ սկսվեց Ղարաբաղի ազատագրական շարժումը, Մհեր Հարությունյանը 16 տարեկան էր: Այդ օրերին (1989 թվականն էր) նա իր հասակակից ընկերների հետ Հրազդանի ավտոկայանում նստացույց էր անում «Հայ երիտասարդը պետք է ծառայի հայկական բանակում» կարգախոսով: Այդտեղ էլ ծանոթացավ «լավագույն եռյակի հետ»: «Տղերքը գալիս էին մեզ մոտ, որ մեր խաթրին չկպնեն, մեզ հետ էին միշտ»,- պատմում է Մհերը: Նա ընկերներից ամենափոքրն էր, դրա համար էլ ստացավ «Ճուտ» մականունը:

Իրադարձություններն արագ էին զարգանում: Երբ արդեն պարզ էր, որ պետք է սկսվեն ռազմական գործողությունները, Ալբերտը, Ռուբիկն ու Արարատը Հրազդանից մեկնում են Երեւան` այնտեղից ուղղություն ստանալու համար: «Մհեր, դու փոքր ես, քեզ չենք տանում»,- ասացին: «Տեղս չէի գտնում, ո՞նց, առանց ի՞նձ են ուզում գնալգ: Առաջին անգամ տանից փախել եմ, իբր ուսումնարան դասի եմ գնում, հավաքեցի իրերս ու փախա Երեւան: Էլ ճար չունեին, վերցրին իրենց հետ»,- պատմում է Մհերը: Նրա աչքերը սկսում են փայլել: Ընկերները նրան սիրում էին ու ներում նրա անհնազանդությունն ու չարաճճիությունները:

«Միշտ այնպես են արել, որ ջահելների հետ փորձանք չպատահի, թեպետ նրանք էլ են երիտասարդ եղել»,- պատմում է նա: «Մի անգամ, նոր էի ծանոթացել Կրպեյան Թաթուլի հետ, ապրիլ ամիսն էր, Գետաշենում էինք: Անտառից դուրս եմ գալիս, տեսնեմ տորթ է դրված` վրան գրված 27: Մտածում եմ` ո՞ւմ ծնունդն է: Հայկազի՞, չէ: Սմբոյի ծնունդն էլ չի: Բա ու՞մն էգ Ու հետո որ չիմացա Թաթուլն է 27 տարեկան, ապշած էի մնացել, նա ամենաքիչը 40 տարեկան մարդու տեսք ուներ»: Ադրբեջանցիները Թաթուլին «բառադատի ուչիտել»( մորուքավոր ուսուցիչ) էին ասում` դպրոցում պատմություն դասավանդելու համար: Ծնունդից մի քանի օր հետ Թաթուլը Գետաշենում զոհվեց:

Մհերը զգում էր, որ ավագ ընկերները սրտացավ էին նրա համար: Ասում է, որ շատ դեպքերում նրանց շնորհիվ է, որ պատերազմում ողջ է մնացել:

«Մալիբեյլիում կռիվ էր գնում: Ես վիրավորվեցի, գիշեր է, արյունը ձեռքիս վրայով հոսում է: Արարատին ասում եմ` Արո, ինձ խփել են, ասում է` տո չէ, հա, ասում եմ` հա, հա, խփել են, ասում է` ի՞նչ ես, է~, ասում, ուրդի՞ց, ասում եմ` ձեռից: Արոն ջղայնացավ. «Քեզ հազար եմ ասել քիթդ ամեն տեղ մի խոթիգ»: Սաղին իրար խառնելով` ինձ տեղ հասցրեց: Վիրավոր պառկած եմ: Աբոն է եկել կողքս, հարցնում է` ցավու՞մ է, ասում եմ` չէ, ասում է` կծխե՞ս, ասում եմ` հա: «Շուտ արեք, տղուն, պապիրոս բերեք»: Անցավ մի ժամանակ, արդեն ապաքինվել էի, կանգնած ծխում եմ, մեկ էլ տեսնեմ Աբոն վրա հասավ. «Քեզ չեմ ասե՞լ մոտդ պապիրոս չտեսնեմ...»»:

Մհերը պատերազմից հետո դարձավ շինարար, Արարատն ընտանիքի հետ ապրում է Ավստրալիայում: Վարորդ է աշխատում: Հաճախ զանգում է Մհերին, ասում, որ կարոտում է ընկերներին, երկիրը, Հրազդանը, ուզում է վերադառնալ: Ռուբիկն ապրում է Երեւանում` արդեն պապիկ է: ՀՀ նախագահի խորհրդականի վարորդն է: Լուսանկարի կենտրոնում կանգնած ընկերը` Ալբերտը, զոհվել է: Մհերը երկար նայում է լուսանկարին, ափերով հենվում նկարի վրա, որ ձեռքերը չդողան: «Ալբերտից մեզ նրա որդին` Արմենը մնաց, քանի մեծանում, ավելի է նմանվում հորը»:

«Նրա վերջին օրը պատմեմ: Ֆիզուլի- Կարախամբեյլի տեղանքում մի տարածք կար, որ ոչ մեկին չէր պատկանում: Տղաները շրջիկ խմբերով ման էին գալիս այդ տարածքով, որ ադրբեջանցիներն առաջ չշարժվեն: Եթե բավարար զինվոր ունենայինք, դիրքեր կդնեինք, բայց սակավաթիվ էինք: Այդ օրն Աբոն մի քանի տղաների հետ դուրս է գալիս տարածքում շրջելու: Հանկարծակի թշնամին դուրս է գալիս նրանց դեմ: Ես հիվանդ էի այդ օրը, բայց կապ կար նրանց հետ: Լսում էի, որ վիրավորներ կան, հետո շատացան: Ասում էի` գալիս եմ, ասում էր` չէ, տեղդ մնա: Հետո որ իմացա փամփուշտները վերջացել են, անմիջապես հագնվեցի, փամփուշտներ վերցրեցի ու դուրս թռա: Երբ հասա իրենց, արդեն չորս ժամ մարտի մեջ էին: 14 տղաներից յոթն արդեն մահացել էին, վիրավորներ կային: Ուրիշ տղերք պիտի հասնեին մեզ, բայց ճամփեն կորցրել էին, տեղանքը լավ չգիտեին: Որ հասա, սկսեցի նռնականետով կրակել, ու էդ պահին մի նռնակ պայթեց: Նռնակի պայթյունից Աբոյի մի ոտքը համարյա կտրվեց: Բայց գիտակցությունը չկորցրեց, ասում էր ոտքը կտրեմ, որ հեշտ տեղափոխեմ, 6-7 ասեղ սրսկեցի, խոսում էի հետը, շորովս ոտքերը փաթաթեցի: Ճանապարհին բժիշկն էլ օգնեց, բայց վերքերը շատ էին, հոսպիտալում զոհվեց: 1994թ. հունվարի 10-ն էր»:

«Աբոյին ճանապարհելուց հետո մենակ էի մնացել: Դիրքերը չէի կարող լքել, իրավունք չունեի: Մենակ մոտավորապես 30 րոպե մարտի մեջ եմ եղել, տարբեր տեղերից կրակում էի, ինձ մի պահ էլ խլացրեց, ոչինչ չէի լսում, կապով գոռում էի, որ շուտ զորք հասցնեն, որ մենակ եմ մնացել: Կրակում էի պառկած, մեկ էլ մեջքիս ձեռքով կպան, շուռ եկա, տեսա Ղարիբն էր հասել տղերքով»:

«Աբոն մարտի գնալուց ասում էր. «Սլավնայա բուդետ օխոտա» (փառահեղ է լինելու որսը)»:

Խնդրում եմ, որ Աբոյից մի պատմություն էլ պատմի: Պատմություններն անսպառ են: «Բա, մի անգամ էլ,- արդեն ժպտալով հուշում է, որ պատմությունը զվարճալի է լինելու,- Շահումյանի շրջանում ենք, անտառում, ես, Արարատը, Աբոն, Ռուբոն, Կարոտը ու էլի տղերք Մանաշիդ եւ Էրքեջ գյուղերն ենք պահում: Մեկ շաբաթից ավել անտառում ենք, բան չկար ուտելու, որս չենք կարող անել. արգելվում էր կրակել: Մի օր, սոված նստած, մասուրի տերեւներով չայ ենք խմում, տեսնեմ Աբոն, որ կես ժամ բացակայել էր, մի աքլոր թեւի տակ դրած եկավ. ճարահատյալ գնացել մի հատ աքլոր էր բռնել: Թաքուն մորթեց, փետուրներն էլ հողի տակ պահեց, մի աքլորը 17 հոգու մեջ բաժանեց, չգիտեմ ոնց սաղին բաժին հասավ»:

Մհերը Ղարաբաղից համարյա տուն չէր գնում: «Մի անգամ եկա տուն, տան դուռը ծեծում եմ, հայրս դռան ետեւից հարցնում է` ո՞վ է: Ասում եմ` ես եմ: Նորից` դու ո՞վ ես: Ասում եմ` Մհերն է: Բացում է դուռը, նայում երեսիս ու ուրախությունից մի հատ ապտակում: Երբեք չեմ մոռանա. հայրս մեկ ամիս օդանավակայանից տուն չէր գնում, ինձանից լուր չկար, ամեն րոպե սպասում էր, որ դիակս կբերեն»:

Երբ հարցրեցի, թե ի՞նչ է մնացել պատերազմից իրեն, ասաց, որ զինվորական հագուստը տվել է ընկերոջը: «Ուզում եմ մոռանալգ»: Հետո չցանկացավ շարունակել, թե ի՞նչն էր ուզում մոռանալ: Մի պահ լռելուց հետո ասաց. «Դե, ընկերս զինվորական է, թող նա օգտվի, թեպետ մի ձեռք պահել եմ, ի՞նչ իմանանաք, պատերազմն անավարտ է...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter