HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հակամարտող երիտասարդություն»

Ներկայացնում ենք հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մեջ անցկացված մեր հարցումների երկրորդ մասը:

«Ռեգիոն» կենտրոն

Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել

Մեր հարցերին պատասխանում են Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Արմեն Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: 

- Երբեւէ ադրբեջանցիների հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում ադրբեջանցիների մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Ադրբեջանում ապրում ձեր հասակակիցները: 

Վահե Սարգսյան - Ես երբեք անձամբ չեմ շփվել ադրբեջանցիների հետ: Տեղեկություններ ստանում եմ ԶԼՄ-ներից` տեղական մամուլից եւ ադրբեջանական թերթերի ինտերնետային սայթերից: Որպես պատմաբան կարծում եմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում, ինչպես եւ ետխորհրդային այլ երկրներում, կան միանման խնդիրներ: Երիտասարդության մի մասն, իմ կարծիքով, ապրում է շովինիստական, ազգայնամոլական գաղափարներով, մի հատված էլ կա, որ ապրում է սեփական կյանքով, շահերով: Բայց, կան նաեւ տարբերություններ: Մեր երիտասարդների ազգային գիտակցությունն ավելի խորն է: Զգացվում է ադրբեջանցի երիտասարդների վրա պետական ապարատի ճնշումը, տարածվում են գաղափարներ, որոնց նրանք կուրորեն հավատում են: Մեզ մոտ նման ճնշում չկա:

Արմեն Հարությունյան - Ծագումով Եղեգնաձորից եմ, փոքր ժամանակ շփվում էի տեղի ադրբեջանցիների հետ, բայց դա եղել է նախքան ղարաբաղյան հակամարտությունը: Նրանց մասին հիմնական տեղեկատվությունը ստանում եմ տեղական ԶԼՄ-ներից: Կարդում եմ նաեւ ադրբեջանական աղբյուրները, բայց ոչ մշտապես, հիմնականում այն ժամանակ, երբ Ադրբեջանում կամ Թուրքիայում որեւէ իրադարձություն է լինում: Երիտասարդը մնում է երիտասարդ ցանկացած երկրում: Այս տեսանկյունից կարծում եմ, որ մեր եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ էական տարբերություններ չկան: Եթե դատենք ըստ երիտասարդական կազմակերպությունների, ապա մեզ մոտ կա որոշակի կազմակերպվածություն եւ գաղափարախոսություն, բայց, ընդհանուր առմամբ, երիտասարդությունը նման է իրար: 

Դավիթ Սանասարյան - Ես էլ անձամբ չեմ շփվել ադրբեջանցիների հետ: Տեղեկությունները նույնպես ստանում եմ ԶԼՄ-ներից: Նրանցով սեւեռուն հետաքրքրված չեմ, պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչպես են այնտեղ մեկնաբանում Հայաստանից արված հայտարարությունները: Չի կարելի ասել, որ մենք զարգանում ենք, իսկ նրանք` ոչ: Եթե ես ծանոթ լինեի նրանց երիտասարդության հետ, իմ պատկերացումներն ավելի ճիշտ կլինեին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ շովինիզմն իրենց մոտ ավելի ցայտուն է: Ես ադրբեջանցիներին համարում եմ նույն թուրքերը, չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ օսմանյան նույն քաղաքականությունն է իրականացվում: 

- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը: 
Վահե Սարգսյան - Անձամբ ինձ համար մարդու կյանքն արժեքավոր է այնքանով, որքանով նա ծառայել է իր հայրենիքին:


Արմեն Հարությունյան - Դա նույնն է, որ մարդուն հարցնեն` ուզո՞ւմ է նա ապրել թե՞ ոչ: Մարդու կյանքը եւ տարածքները փոխկապակցված են: Բնական է, մենք ուզում ենք ապրել, եւ եթե դրա համար պետք է պայքարել, նշանակում է` պետք է: Այս հարցի պատասխանը մենք տվել ենք դեռեւս 1988-ին:

Դավիթ Սանասարյան - Պետության համար միանշանակ պետք է արժեքավոր լինի մարդու կյանքը: Մարդկային կյանքի եւ հողի միջեւ փոխբացառում չեմ տեսնում:

- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները, բացի Ղարաբաղից, ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:

Վահե Սարգսյան - Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր: Սա կիրառելի է նաեւ ադրբեջանցիների եւ հայերի պարագայում: Մենք հարեւաններ ենք, բայց քանի որ կա Ղարաբաղի խնդիրը, եւ քանի դեռ այս հարցը չի լուծվել, չենք կարող անդրադառնալ ընդհանուր շահերին: Ես խնդիր չունեմ այսօրվա Թուրքիայում կամ Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց հետ, ես խնդիր ունեմ նրանց հետ այն ժամանակ, երբ մերժում են պատմական իրողությունները: Եվրոպան անցավ շատ հետաքրքիր քաղաքականության. վերացրեց սահմանները, եւ կոնֆլիկտները մեխանիկորեն լուծվեցին: Եթե չկան սահմաններ, բոլորը մի մշակույթ ունեն, երկրները ներգրավվում են մի ամբողջության մեջ, այստեղ արդեն հետաքրքիր չէ` Էլզասը եւ Լոթարինգիան Գերմանիայի՞ կազմում են, թե՞ Ֆրանսիայի: Կոնկրետ մեր պարագայում ձեր ասածը հնարավոր չէ, որովհետեւ մեզ համար միեւնույն չէ` Ղարաբաղը Հայաստանի՞ կազմում կլինի, թե՞ Ադրբեջանի: Այնքան չի հասունացել այն գիտակցությունը, որ հարցը լուծում ստանա` հաշվի առնելով մարդու իրավունքները, ոչ թե տարածքային ամբողջականությունը: Հնարավոր չէ, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի տարածքում, եւ մենք վստահ լինենք, որ հայի իրավունքներն այնտեղ պաշտպանված են: Հետեւաբար, քանի դեռ մենք ունենք մտավախություններ, եւ ադրբեջանցիներն էլ են այսպես մտածում, խաղաղ ապրել հնարավոր չէ: 

Արմեն Հարությունյան - Այո, մենք կարող ենք ունենալ նույնատիպ հետաքրքրություններ եւ շահեր, չէ՞ որ մենք հարեւաններ ենք: Սակայն ավելորդ է ներկա իրավիճակում որեւէ համագործակցության մասին խոսելը, քանի որ մենք ասում ենք` ունենք ազատագրված տարածքներ, նրանք` որ ունեն գրավյալ տարածքներ: Մյուս կողմից` մշտական գժտությունը վնասներ է բերում թե՛ մեզ, եւ թե՛ ադրբեջանցիներին: Չգիտեմ` որքանո՞վ է տեղին Էլզասի եւ Լոթարինգիայի օրինակը, թեկուզ խնդիրների տարբերության տեսանկյունից: Բայց խաղաղությունը մենակ մեզնից չի կախված, եթե ադրբեջանցիները դադարեցնեն իրենց ռազմատենչ հայտարարությունները, ապա խաղաղ ապագան հնարավոր է: Հակառակ դեպքում, կունենանք այն, ինչ ունենք հիմա:

Դավիթ Սանասարյան - Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակով դեռ չենք կարող ապրել, քանի ադրբեջանցիները չեն հրաժարվել Ղարաբաղից, հնարավոր չէ ունենալ խաղաղ ապագա:

- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար: 


Վահե Սարգսյան - Դրսի միջամտությունն ունի իր եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմերը: Լավ կլինի, որ ընդհանրապես կողմերը վիճելի հարցերը կարողանան լուծել առանց երրորդ ուժի միջամտության, քանի որ այս երրորդի մասնակցությունը փոխում է խաղի կանոնները: Հայերն ու ադրբեջանցիները պետք է այնքան գիտակցություն ունենան, որ կարողանան հարցերը սեփական ուժերով լուծել: 

Արմեն Հարությունյան - Կարծում եմ` մենք էլ, ադրբեջանցիներն էլ կարիք ունենք երրորդ, արտաքին ուժի միջամտության: Հիմա էլ մի կողմը կպնդի, որ միջնորդները լավ են աշխատում, մյուսները` հակառակը, որ վատ են աշխատում, բայց, միեւնույն է, վերջնական լուծումը մնում է հակամարտ կողմերին:

Դավիթ Սանասարյան - Երրորդ կողմը պահապան հրեշտակ չէ ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանցիների համար: Նրանք իրենց շահերն ունեն, այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մտածում են, թե ինչպես անեն, որ հայերն ու ադրբեջանցիները լավ հարեւաններ լինեն: Միեւնույն ժամանակ, հիմա հնարավոր չէ արդեն հարցն առանց նրանց լուծել, սակայն որոշումը պետք է ընդունեն երկու պետությունները: Եւ ինձ թվում է, որ հարցի լուծման համար սեր է պետք: Մեր հերոսներն ատելությամբ չեն հերոսներ դարձել, այլ իրենց հայրենիքի, ծնողների, կանանց եւ երեխաների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ: Մեծ սեր է պետք եւ՛ նրանց` ադրբեջանցիներին, եւ՛ մեզ` հայերիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter