«Համայնքները հաշմանդամներ չեն, որ անընդհատ օգնություններով խնդիրներ լուծեն»
Նարեկ Խաչատրյան
Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի գնահատմամբ` տեղական ինքնակառավարման գործում մեծ է հասարակության, բնակչության դերակատարությունը:
Ըստ նրա` եթե համայնքի անդամների գոնե 30%-ը մասնակցի տեղական ինքնակառավարմանը, ապա այդ ինստիտուտը կկայանա: Սակայն առայժմ «հասարակության ինքնակառավարումն» արտահայտվում է ընդամենը տեղական եւ հանրապետական ընտրություններին վերջինիս մասնակցությամբ: Եվ մարդկանց պասիվությունը բացատրվում է հիմնականում նրանց չհասկանալով:
«Հասարակական հնչեղության բազմաթիվ խնդիրներ կան, որոնց առումով համայնքը պետք է խիստ շահագրգիռ վերաբերմունք ցուցաբերի, մինչդեռ քար անտարբերություն է դրսեւորում: Գրեթե ամեն տարի, մինչեւ բյուջեի վերջնական քննարկումը, քաղաքի ակտիվ մտավորականներին հորդորում եմ ծանոթանալ նախագծին եւ առաջարկություններ, դիտողություններ անել: Որպես կանոն` արձագանք չի լինում»,- դժգոհում է քաղաքապետը: Իրոք, մարդիկ դժվարությամբ են բյուջե կարդում: Քաղաքապետի ներկայացմամբ` Վեդիի տարեկան բյուջեների հանրագումարային քննարկումներին մասնակիցների բավականին մեծ կազմ է լինում, որոնք, ներկայացնելով քաղաքի մտավորական խավը, միեւնույն է, չեն «հետաքրքրվում» առաջիկայում քաղաքում սպասվելիք անցուդարձով: «Ուզում ես մարդկանց մասնակից դարձնել իրենց համայնքի կառավարման գործընթացին, հրաժարվում են»,- դժգոհում է Վարուժան Բարսեղյանը: Սա տեղական ինքնակառավարման ամենածանր խնդիրներից է, առանց որի ինքնակառավարում ասվածը նմանվում է միթեւանի թռչունի:
Ամիսներ առաջ փողոցներից մեկի բնակիչները քաղաքապետին առաջարկել էին ասֆալտապատել իրենց փողոցը: Վերջինս էլ առաջարկել էր վճարել քաղաքապետարանին ունեցած հողի եւ գույքահարկի պարտքերը, որի դեպքում պատրաստակամ է հատկացնել ասֆալտապատմանն անհրաժեշտ մնացած ամբողջ գումարը, անկախ նրա չափից: «Բնակիչների հետ տղամարդավարի ձեռքսեղմումից հետո ուղարկեցի իրենց ունեցած պարտքերի ցուցակը: Արդեն քանի ամիս է այդ փողոցում «լռություն է»,- ասում է քաղաքապետը եւ դժգոհում, որ համայնքը լռում է, երբ հերթը հասնում է իր պարտավորություններին, մինչդեռ ինքնակառավարման մարմիններից պահանջելու դեպքում համայնքն առավել քան ակտիվ է: «Համաձայն եմ, որպես Վեդիի քաղաքապետի` իմ առաջ խնդիրներ դնեն, պարտադրեն, պահանջեն»,- ասում է պրն Բարսեղյանն ու դժգոհում, որ դրան զուգահեռ բնակիչն էլ պետք է իր չափով պարտավորված զգա եւ համայնքի առաջ ունեցած իր պարտավորությունը կատարի: Այդ դեպքում, ըստ նրա, եւ՛ ինքը, եւ՛ ցանկացած այլ համայնքապետ, կամա-ակամա, ստիպված կլինի մարդկանց արդարացի պահանջն ու պարտադրանքը կատարել: Բոլորի դեպքում էլ իրավունք-պարտականությունը պետք է փոխկապակցված լինեն: «Ոչ մի կողմն էլ միայն պահանջողի դերում չպետք է լինի»,- տեղական ինքնակառավարման էությունն այդպես է հասկանում Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:
Վերջինս կարծում է, որ նախկին Սովետական Միության երկրների տեղական ինքնակառավարումների հետ համեմատած` Հայաստանում շատ առաջ ենք անցել: Այդ համոզումը ձեւավորվել է մյուս հանրապետությունների իր գործընկերների հետ ունեցած բազմաթիվ շփումների արդյունքում:
Ինչ վերաբերում է բուն ինքնակառավարմանը, ըստ քաղաքապետի` այն ենթադրում է երկու օղակ` ավագանի եւ համայնքի ղեկավար: Վեդիում ավագանու անդամները 11-ն են, մեծամասամբ բարձրագույն կրթությամբ, հիմնականում կուսակցականներ: Չաշխատողներ էլ ունեն: Քաղաքապետի ներկայացմամբ` այստեղ ավագանու նիստերը գումարվում են օրենքի տառին համապատասխան (եւ հերթական, եւ անհրաժեշտության դեպքում` արտահերթ), ընդ որում` դրանք վարում են ավագանու անդամները: Քաղաքապետի հավաստիացմամբ` ինքը երբեք ոչ մի հարց չի պարտադրել ավագանուն: Նույնիսկ դեպք է եղել (6-7 տարի առաջ), երբ իր ներկայացրած հարցն ավագանին վերադարձրել է լրացուցիչ ուսումնասիրության:
Տեղական ինքնակառավարման կայացման գործում ավագանու դերակատարությունը բավականին լուրջ գնահատելով` պրն Բարսեղյանը պնդում է, որ հնարավորն անում է, որպեսզի այս մարմինը հիմնավորապես կայանա: Նա կարծում է, որ ավագանին ոչ թե «կուսակցական խաղեր տալու համար է», այլ պետք է էությամբ ինքնուրույն մարմին լինի եւ հակակշռի համայնքի ղեկավարին: Այդ սկզբունքից ելնելով էլ համայնքի ավագանու անդամները բազմիցս մասնակցել եւ մասնակցում են հանրապետությունում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:
Գործունեության թափանցիկության վերաբերյալ արված մեր ակնարկին ի պատասխան` քաղաքապետը նշեց, որ համայնքի տարածքում տեղադրել են ցուցատախտակներ եւ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություը զետեղում են այնտեղ: Այդ նպատակով օգտվում են նաեւ տեղական հեռուստատեսությունից, բայց միջոցների սղության պատճառով հեռարձակում են հիմնականում քաղաքապետի, ավագանու որոշումները, որոնցում, քաղաքապետի ներկայացմամբ, ոչ մի գաղտնիք չկա եւ չի կարող լինել: Տեղեկատվության թափանցիկության, նաեւ` հասարակայնության հետ աշխատանքների հեշտացման նպատակով էլ քաղաքապետարանը բացել է բնակչության սպասարկման գրասենյակ: «Դա «մի պատուհան» ասված գրասենյակն է, դրա գերմանական մոդելը, որ GTZ կազմակերպության հետ ենք իրականացնում»,- ասում է Վարուժան Բարսեղյանը:
Քաղաքապետարան-մարզպետարան հարաբերություններին վերաբերող մեր հարցմանն ի պատասխան` պրն Բարսեղյանը նշեց, որ դրանք ավելի խորհրդատվական բնույթի են: Ութ տարվա ընթացքում իր կայացրած որոշումներից, կարգադրություններից մարզպետարանը վերանայել է ընդամենը մեկը կամ երկուսը (ցավոք, նա չհիշեց, թե դրանք ինչին են վերաբերել), որոնք չեն համապատասխանել օրենքներին: Մարզպետարանն էլ առաջարկել է վերանայել կայացված որոշումները: Քաղաքապետը չի դժգոհում մարզպետարանի «վերադասությունից»` դա բացատրելով վերջինիս ընդամենը խորհրդատվական գործառույթի իրականացմամբ: «Հրավիրում են մեզ բյուջեների քննարկումներին եւ ոչ ավելին: Իրենք քննարկում են մեր բյուջեները, խորհուրդներ են տալիս եւ եթե մեկին էլ ասում են, որ բյուջեում ունեցածդ 10 մլն դրամից 4 մլն-ը մի հատկացրու ծառայողական մեքենա գնելուն, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»: Հարցն այն է, որ համայնքի ղեկավարը միանձնյա որոշում կայացնելու իրավունք ունի, բայց եւ վերջիններիս սխալվելու հավանականությունը շատ մեծ է, քանզի նրանցից շատ-շատերն անգամ տեղական ինքնակառավարում հասկացությունը չեն պատկերացնում: «Օրենքը թույլ է տալիս, բայց սխալվելուց հետո ի՞նչ է լինելու, օրենքի խախտում, գուցեեւ քրեորեն պատժելի»,- բավականին հետաքրքիր դիտողություն է անում քաղաքապետը: Որպես այս ոլորտի «հնաբնակ»` նա համաձայնեց, որ քիչ չեն համայնքապետերը, որոնց անվերահսկելիությունը կարող է քրեական պատասխանատվության բազմաթիվ պահեր ստեղծել:
Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը հայտնեց, որ ներկայումս քաղաքապետարանը մեծածավալ աշխատանք է կատարում սեփական եկամուտների ձեւավորման ուղղությամբ: Գույքահարկի եւ տեղական տուրքերի մասով դժգոհություն չունեն, որոշակիորեն ետ են մնում հողի հարկի հավաքագրման ոլորտում: Այս հարկատեսակի պլանավորումն անցած տարի կազմել է 21 մլն դրամ, որը քաղաքի ընդհանուր բյուջեի 11-11,5 %-ն էր: Հարցն այն է, որ քաղաքապետարանը եռակողմ համաձայնությամբ պատրաստակամություն է հայտնում լոլիկ մշակողների հողի հարկը «գանձել» անմիջապես վերամշակող ձեռնարկությունից: Վերամշակողին լոլիկ հանձնած գյուղացին իր վճարելիք հարկի չափով կտրոն է փոխանցում քաղաքապետարանին, որպեսզի վերջինս այդ գումարը ստանա գործարանից: Բայց քանի որ գործարանները մթերած լոլիկի դիմաց վճարում են ամիսների, երբեմն նույնիսկ տարվա ուշացումով, հաջորդ տարում, բնականաբար, հավագաքրման տոկոսը ցածր է լինում: Հողի հարկերի վճարման առումով հրաժարվողներ չկան: Մինչեւ հիմա երկու դեպք են ունեցել, երբ քաղաքացին հրաժարվել է հարկերը վճարելուց: Գանձել են դատարանի միջոցով: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես ներկայացնում է Վարուժան Բարսեղյանը, առաջնորդվում են` ելնելով մարդու սոցիալական վիճակից: Հնարավորություն են տալիս ժամանակի ընթացքում վճարելու: Իսկ ավելի քան մի քանի տարվա պարտքեր ունեցողների համար սահմանել են պարտավորությունների կատարման գրաֆիկներ:
Չլուծված խնդիրները շատ են: Այդ պատճառով էլ եղած միջոցները ծառայեցնում են ընդամենն առաջնահերթ խնդիրների լուծմանը: Առաջնահերթ հարցերից քաղաքապետն առանձնացնում է նախադպրոցական, արտադպրոցական եւ մասնագիտացված կրթության ֆինանսավորումը, գրադարանի համալրումը եւ քաղաքապետարանի ենթակայության` ծառայություններ մատուցող հիմնարկությունների գործունեության բարելավումը:
Երկրորդ մակարդակում կապիտալ ծախսերն են: Դրանց հերթականության համար էլ կան որոշակի ուղղորդիչ չափորոշիչներ: Կան գրունտային փողոցներ, որոնցում անցանելիություն ապահովելու համար ամեն տարի որոշակի աշխատանք են իրականացնում: Կան ասֆալտապատ ծածկույթի պահպանման ծախսեր, այն է` փոսային նորոգումներ ճանապարհածածկույթի մակերեսի եղած վիճակի պահպանման համար: Ծախսեր ունեն բարձրահարկ շենքերի վրա, բակային մասերում, նաեւ` կանաչապատման առումով: Աշխատանքներ են կատարվում աղբահեռացման առումով: Քաղաքապետի ներկայացմամբ` սրանք առաջնային, անհետաձգելի աշխատանքներ են:
«Անհետաձգելիների» շարքում կարելի է դասել նաեւ «այլ ծախսեր» հոդվածը, որով տարեկան 5-6 մլն դրամի օգնություն է նախատեսվում սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք բժշկական օգնության կարիք ունեն, ինչպես նաեւ` վճարովի համակարգում սովորող ուսանող: Նրանց ուսման վարձի մի մասը քաղաքապետարանն է վճարում:
Վարուժան Բարսեղյանի ներկայացմամբ` այդքանից բացի տարվա կտրվածքով մոտ 200 դիմում է լինում դրամական օգնության խնդրանքով: Դա ինչ-որ առումով հասկանալի է, որովհետեւ մարդիկ աշխատանք, հետեւաբար եւ ապրուստի միջոց չունեն: Եվ պատահական չէր, որ որպես քաղաքի առաջ ծառացած ամենալուրջ խնդիր` քաղաքապետը նշում է գործազրկությունը: «Եթե կարողանանք 3-4 հարյուր աշխատատեղի խնդիր լուծել, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի»: Իհարկե, դա պետք չէ բառացի հասկանալ, քանի որ լուծման կարոտ խնդիրներն առավել քան շատ են: Այս պահին իրականացնում են աղբահանության ծրագիր: Ձեռք են բերել նոր աղբատար մեքենա, կառուցել են աղբահավաքման կետեր, տեղադրել աղբամաններ: Ավարտվում են մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները, որի համար ներդրվել է շուրջ 150 մլն դրամ: Բազմաթիվ այլ աշխատանքներ նույնպես իրականացվում են: Ընդ որում` թե՛ քաղաքապետարանի, եւ թե՛ պետության ու միջազգային կազմակերպությունների միջոցներով: Այդուհանդերձ, քաղաքապետը կարծում է, որ «...համայնքները հաշմանդամներ չեն, որ անընդհատ օգնություններով խնդիրներ լուծեն: Ժամանակն է, որ համայնքն իր ուժերով իր խնդիրները լուծի, դրա համար ցանկություն է պետք»,- ասում է նա:
Քաղաքապետի նշելով` թեեւ անցած 10-12 տարիներին տեղական ինքնակառավարման ոլորտում հսկայական գործ է կատարվել, այդուհանդերձ, վերջնականապես կայանալու առումով այն դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: «Բնագավառին վերաբերող օրենսդրությունը գործնական կյանքում, իրականության հետ բավականին հակասություններ ուներ, որ ժամանակի ընթացքում հղկվեց ու դեռ հղկվում է: Տեղական ինքնակառավարման մասին 1996 թ. ընդունված առաջին օրենքը 2002 թ. լրջագույն փոփոխությունների ենթարկվեց, ինչն էական խթան հանդիսացավ ինքնակառավարման դաշտի կայացումն արագացնելու համար»,- ասում է քաղաքապետը:
Ըստ նրա` ոլորտն այսօր էլ դժվարությամբ, բայց լուրջ բարեփոխումների նախապատրաստման գործընթացում է: «Քննարկման փուլում է «Միջհամայնքային միավորումների մասին օրենքը», որ շուրջ չորս տարի է մշակվում ու վերամշակվում է: Այն ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունվելուց հետո վերադարձվեց լրամշակման եւ, կարծես, սառեցվեց: Վերջին ժամանակներս այդ գործընթացն ակտիվացել է: Հարցն այն է, որ կան միջհամայնքային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը գործող օրենքը հստակորեն չի տալիս: Օրինակ` միջհամայնքային ճանապարհների հարցը, ոռոգման, ջրամատակարարման ցանցերը, նախադպրոցական ու սպորտային խնդիրները»:
Ժամանակին Արարատի ենթաշրջանում կար (եւ կա) երկու մարզադպրոց, մեկը` Վեդիում` քաղաքի եւ տարածարջանի գյուղերի համար, երկրորդը` Արարատ քաղաքում: Փաստորեն, տեղական ինքնակառավարման ձեւավորումով դրանք այլեւս համայնքային սեփականություն են, որն, ըստ քաղաքապետի, ճիշտ չէ: «Այն պետք է լիներ բոլորինը, եւ դա հնարավոր է անել միայն միջհամայնքային միավորման ձեւավորումով, որի դեպքում այդ դպրոցը կսպասարկի միավորման մեջ մտնող բոլոր համայնքներին»: Նույնն է նաեւ գեղարվեստի ու երաժշտական դպրոցների պարագայում: Նմանատիպ բազմաթիվ խնդիրների համար լուծումներ են փնտրվում:
Մյուս կողմից էլ նշվում են որոշակի լիազորություններ, որոնք պետությունն ուզում է պատվիրակել համայնքին: Դրանց թվում են մունիցիպալ ոստիկանությունը, դպրոցը, բուժսպասարկումը, սոցիալական ոլորտը: «Բնականաբար, 300 բնակիչ ունեցող համայնքը մունիցիպալ ոստիկանության խնդիր լուծել չի կարող»,- ասում է քաղաքապետը: Դրա համար էլ համայնքները պետք է միավորվեն, որ ի զորու լինեն պետության պատվիրակած լիազորություններն իրականացնել: Ահավասիկ` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ծառայությունը, որը 2004 թ. հանձնել են համայնքին: Վեդի քաղաքի ՔԿԱԳ ծառայությունը սպասարկում է 30 համայնքի: Գործող օրենքի տրամաբանությամբ` նման լիազորություն պետք է տրվեր 30 համայնքներին էլ: Բայց այդ դեպքում ՔԿԱԳ-ը բացարձակ պարապուրդի էր մատնվելու եւ, որ ոչ պակաս կարեւոր է, դրանցից յուրաքանչյուրին 1,5 մլն դրամ էր հատկացվելու, որի արդյունքում միայն այդ տարածաշրջանում 40-50 մլն դրամի անտեղի կորուստ կլիներ: Պետությունն այստեղ օպտիմալացման խնդիր ունի: Պատվիրակված լիազորությունների հանձնումը համայնքներին կարող է լինել միայն միջհամայնքային միավորումների տեսքով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել