Բաց նամակ Գերմանահայոց կենտրոնական խորհրդին ու նրա անդամներին
Անդրադառնալով Գերմանահայոց կենտրոնական Խորհրդում (ԳԿԽ) տեղի ունեցող վերջին ամիսների զարգացումներին` ցանկանում եմ պատմել մի խնդրի մասին, որն ապրեցի տարիներ առաջ, երբ Բեռլինի հայկական համայնքի վարչության անդամ էի:
Ես գրում եմ այդ մասին, քանզի համոզված եմ, որ այդ դեպքը օրինակ է ծառայել ԳԿԽ-ի ներկա զարգացումներին և նույն բնույթն ու ձեռագիրն ունի:
Մեր համայնքը նախկինում կոչվում էր «Բեռլինի հայ առաքելական համայնք»:
Որպես միություն մենք անկախ էինք և ինքներս էինք հոգում մեր բոլոր ծախսերը:
1992 թվականին Գերմանիայում հիմնվեց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը: 1995 թվականին Սերովբե վարդապետ Իսախանյանը նշանակվեց Բեռլինի հոգևոր հովիվ: Կարճ ժամանակ անց նա մեր համայնքից պահանջեց միանալ Գերմանահայոց առաջնորդարանին: Դա նշանակում էր, որ մեր որոշումները պետք է անպայման համաձայնեցվեին առաջնորդարանի հետ, իսկ անդամավճարների հարցը պետք է կենտրոնացվեր նույն առաջնորդարանի ձեռքում: Մենք փորձեցինք պաշտպանվել, դիմադրել այդ պահանջներին, առաջարկեցինք տարբեր փոխզիջումային տարբերակներ, օրինակ` հույների նման նույն շենքում ունենալ տարբեր սրահներ, բայց մնալ միասին և այլն: Այդ ամենը ոչ մի օգուտ չունեցավ: Հայր Սերովբեն դեմ էր գործում: Բեռլինի հայ վարդապետը հասավ նույնիսկ նրան, որ Բեռլինի Լուիզեն համայնքի ղեկավարությունը, որոնց մոտ մենք վարձել էինք մեր համայնքային սրահներն ու դասարանները, մեզ այլևս իր տարածքները չտրամադրեց, և մենք ու մեր երեխաները շատ կարճ ժամանակում հայտնվեցինք փողոցում:
Մինչև Սերովբե վարդապետի Բեռլին գալը մենք`Թուրքիայից, Պարսկաստանից, Լիբանանից, Սիրիայից, Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից եկած հայերս, 12 տարի շարունակ այս շենքում միասին խաղաղ ապրում էինք:
Բեռլինի հայ համայնքը` հիմնադրված 1923թ., հոգևորականների կողմից բաժան-բաժան արվեց: Մեր շենքից մեզ դուրս հանելուց հետո Սերովբե վարդապետը հիմնեց եկեցեղական կանոնադրությամբ գործող նոր համայնք և տիրացավ մեր համայնքային բոլոր տարածքներին:
Այժմ Բեռլինում գործում է երկու հայ համայնք` «Բեռլինի հայ համայնք» և « Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային համայնք»:
Սա է մեր դառը փորձառությունը Սերովբե վրդ. Իսախանյանի, Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանի և, առհասարակ, Գերմանահայոց առաջնորդարանի հետ:
Եզրակացություն.
Եկեղեցու պարտականությունը պետք է լինի մարդկանց միավորել, այլ ոչ թե բաժան-բաժան անել: Իր այդ պարտականությունը մեր եկեղեցին կոպտորնեն խախտել է: Բեռլինում մեկ ուժեղ համայնքից այժմ առաջացել են երկու թույլ համայնքեր, որոնք այդ բաժանությունից նույնիսկ այսքան տարի անց ի վիճակի չեն գոնե ապրիլի 24-ը միասին անցկացնելու:
Մենք Բեռլինում մի քիչ ավելի շատ ենք, քան «մի բուռ հայ» արտահայտությունն է իր մեջ ներառում:
Ողբալի է:
Ապրելով մեկ քաղաքում` մեր երեխաները իրար չեն ճանաչում:
Հիասթափված բարձրաստիճան հոգևորականների խառնակչություններից` հարյուրավոր հայրենակիցներ հեռացել են համայնքային կյանքից ու համայնքներ չեն հաճախում:
Երկու համայնքների միջև հարաբերություններ չկան:
Բեռլինի հայերն արդեն տարիներ շարունակ ստիպված են երկու համայնքային կենտրոնների համար վարձ վճարել և այլն:
Սրանք են Գերմանահայոց առաջնորդարանի պառակտողական քաղաքականության ուղղակի հետևանքները մինչև այսօր:
Մանրամասն զննելով այս ամիսներին Գերմանահայոց կենտրոնական խորհրդում տեղի ունեցող վիճաբանությունների բնույթն ու ընթացքը` կարող եմ միայն հետևյալ տագնապը հնչեցնել. այժմ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի հերթն է, այսինքն, թուլացնել` բաժան-բաժան անելու միջոցով: Սա է բարձրաստիճան եկեղեցականների փորձված մեթոդը:
Ուստի, զգուշություն և զգոնություն եմ խնդրում: Ես համոզված եմ, որ Գարեգին արք. Բեկճյանի և Սերովբե վրդ. Իսախանյանի բոլոր ձգտումներն ու ջանքերը, ոչ թե մեզ`հայերիս համար է օգտակար լինելու, այլ ծառայելու է իրենց իսկ սեփական շահերին:
Իշխանության և փողի պայքար է:
Տարիներ շարունակ առաջնորդարանը գերմանահայ գաղութում լիակատար իշխանություն հաստատելու անողոք պայքարի մեջ է, որը նրան պետք է ապահովվի ազդեցություն և իշխանություն համայնքների վրա և, բնականաբար, մեծացնի իրենց փողի աղբյուրը: Որքան շատ համայնքներ վերածվեն եկեղեցական համայնքների, ինչպես Բեռլինում եղավ, և որքան շատ անհատներ անդամագրվեն այդ համայնքներին կամ ուղղակի Առաջնորդարանին, այնքան մեծանալու է բարձրաստիճան հոգևորականների դրամապանակը: Չէ՞ որ միայն նրանք են աշխատավարձով աշխատում համայնքներում:
Բեռլինի հայկական համայնքի դեպքն այն դառը օրինակն էր, որը ցանկացա այս օրերին պատմել բոլորիդ: Մենք այստեղ մինչև օրս դեռ կրում ենք առաջնորդարանի կողմից տարիներ առաջ ձեռնարկած մեքենայությունների տխուր հետևանքները:
Խնդրում եմ բոլորիդ` սույն նամակն ընդունեք որպես կոչ մեր բոլոր համայնքայիններին ու նաև կոչ` ուղղված Առաջնորդարանի պատասխանատուներին`անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվի միասնությունը ինչպես Բեռլինում, այնպես էլ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդում, որպեսզի կարողանանք վերականգնել խաղաղ համագործակցության հնարավորությունը ու կարողանանք վարել երկխոսություն:
Յուրաքանչյուր կողմ մեր համայնքում ունի իր հստակ աշխատանքի դաշտը, և յուրաքանչյուրը պետք է կատարի իր գործը:
Ինչպես Առաջնորդարանին է վերապահված մատուցել իր ծառայությունը մեր ժողովրդին, այնպես էլ Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդն է ստեղծվել` իր հատուկ նպատակներով ու առաքելությամբ:
Միայն համագործակցելով կարող ենք ապահովել երկարաժամկետ հաջողություններ:
Սիրալիր ողջույններով`
Անուշ Զեյթունցյան
Բեռլին, 13 հունվարի 2014թ.
Լուսանկարում՝ Սերովբե վարդապետ Իսախանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել