HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է դպրոցների վարկանշավորման ազգային համակարգը

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: 
Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 
կարևորելով  վարկանշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է:

«Համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ  աշխարհի այն երկրներից  մեկը, որը կունենա ազգային վարկանշավորման  համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ  հանրակրթական դպրոցների վարկանշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: «Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են.  ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի՝ քաղաքային և գյուղական,  ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով` վարկանշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել: 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները.  «Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանշավորման իրենց նախընտրած սանդղակը:  schoolrate.armedu.am կայքն  արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են «Աշակերտների ուսումնառություն», «Ուսուցիչներ», «Դպրոցի ակտիվություն», «Կառավարման արդյունավետություն» բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը»,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը: 

Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է 2013թ-ին, որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter