
Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները 2014 թվականին
Համաշխարհաին բանկը Հայաստանի տնտեսական աճը 2014 թ. կանխատեսել է 5%: Այդ մասին նշված է ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global economic prospects) հունվարյան զեկույցում: Նշվել է, որ եթե Ռուսաստանում տնտեսական իրավիճակը վատթարանա, Հայաստանում կանխատեսումը կփոխվի դեպի նվազում:
Հիշեցնենք, որ ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5,2% աճի կանխատեսումը: Սակայն դա արդեն կարելի է հնացած համարել, քանի որ բյուջեի հիմքում դրվող կանխատեսումները հաշվարկվում են օգոստոսին: Իսկ ՀԲ-ն իր հաշվարկներն իրականացրել է նոյեմբեր-դեկտեմբերի զարգացումներն հաշվի առնելով:
Տնտեսագիտությունը դեռևս չի հորինել այնպիսի մեթոդոլոգիա, որով հնարավոր լիներ շուկայական հարաբերությունների պայմաններում ճշգրիտ կանխատեսումներ անել: Այդ պատճառով էլ ՀԲ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները տարվա ընթացքում առնվազն 2 անգամ վերանայում են իրենց կանխատեսումները: Վերջին տարիներին ՀԲ-ն Հայաստանի պարագայում ավելի զգույշ է ու սովորաբար հրապարակում է ավելի ցածր կանխատեսումներ, քան մեր կառավարությունը: Օրինակ՝ 2013 թ. կառավարությունը կանխատեսում էր 6,2 %, այնինչ ՀԲ-ի ու ԱՄՀ-ի կանխատեսումները 4-5%-ի շրջակայքում էին: Այս առումով 2014 թ. համար ՀԲ-ի կանխատեսած 5%-ը լավատեսականների թվին կարելի է դասել, այն ավելի բարձր է, քան ԱՄՀ-ի վերջին կանխատեսումը (4,8%, հոկտեմբեր):
Այնուամենայնիվ, փորձենք գնահատել, թե որքանո՞վ այս կանխատեսումները կարող են իրատեսական լինել: Հիմնական ռիսկերը գալիս են գյուղատնտեսությունից: Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում գերազանցում է 20%-ը, կամ վերջին տերմինալոգիայով՝ ձևավորվել է «գյուղատնտեսական փուչիկ»: Հայտնի է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում աչքի է ընկնում պարբերականությամբ, իսկ նախորդ 3 տարիներին արձանագրվել է հացահատիկի, խաղողի ու կորիզավորների բարձր բերք: Այս տարի, պարբերականությամբ պայմանավորված, ռիսկի գործոնը մեծանում է: Եթե չեզոքացնենք գյուղատնտեսության ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, ապա կանխատեսումից պետք է հանել առնվազն 1%:
Վերջին տարիներին ՀՆԱ աճի վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է ծառայությունների (ներառյալ առևտուրը) ոլորտը: Հենց ծառայությունների ոլորտում աճի տեմպի դանդաղումը 2013թ. հանգեցրեց ՀՆԱ ընդհանուր աճի էական դանդաղմանը: Ծառայությունների ոլորտն ունի 3 հիմնական ենթաճյուղ՝ տրանսպորտ, ֆինանսական համակարգ, կապ: Հենց տրանսպորտի 16 % անկումն էլ 2013թ. զսպել է ոլորտի ընդանուր աճը, ու վատթարացրել ընդհանուր մակրոտնտեսական պատկերը: Իսկ թե որքանո՞վ իրատեսական են բեռնափոխադրումների վերականգնման կանխատեսումները 2014 թ., դժվար է ասել, քանի որ պարզ չէ նաև, թե ինչու բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները նվազել են:
Միակ հույսը 2014 թ. տնտեսական բարձր աճ ունենալու՝ արդյունաբերությունն է: Բայց այստեղ էլ խնդիր է առաջացել ներդրումների ներգրավման հետ կապված: Եթե Հայաստանին հաջողվի 2014 թ. կարգավորել արտահանումները դեպի Ռուսաստան՝ այստեղ հնարավոր է աճ սպասել: Սակայն բոլոր դեպքերում՝ դա արագ աճ չի լինի, քանի որ ներդրումների պլանավորումը և հատույցը ժամանակ են պահանջում:
Այսպիսով՝ եթե ընդհանրացնենք վերը շարադրյալը, 5% աճի ակնկալիքները 2014 թ. Ավելի շատ ռիսկեր են պարունակում, քան հիմնավորումներ:
Մեկնաբանել