HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նախաքննական մարմինը Բուդաղյանների դիմումների քննությունն անհնարին դարձնելու օրենսդրական ուղին է ընտրել

«Քրեական գործի նյութերը մաս առ մաս ներկայացնելը դատական նիստը ձգձգելու նպատակ ունի: Ինչո՞ւ քննիչն ամբողջ նյութերը միանգամից չի ներկայացնում, ակնհայտ է, որ թվարկածս նյութերը բողոքին վերաբերում են, ինչո՞ւ է ձգձգում: Ես համոզմունք ունեմ, որ այդ ձգձգումներն ամբողջությամբ նպատակ ունեն լրացնելու քննիչի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված 6 ամսյա ժամկետը: Այնքան են ձգձգելու թե’ նախաքննությունը, թե’ նյութերը ներկայացնելը, որպեսզի հետո ասեն` չենք կարող վերանայել որոշումը, 6 ամիսը լրացել է, եւ մենք ոչինչ անել չենք կարող»,- հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող դատական նիստում:

Փաստաբան Ալումյանն ընթերցեց գործի 10 հատորներից իր պահանջով դատարանին ներկայացրած փաստաթղթերի ցանկը հատոր առ հատոր եւ հայտարարեց, որ գործը քննող քննիչը նախապես հայտնել էր, թե չի ներկայացվել միայն քրեական գործում առկա տեխնիկական փաստաթղթերը: «Դատավարության ընթացքում քննիչը շարունակեց պնդել, որ մյուսներն անկարեւոր, գործի համար էական նշանակություն չունեցող փաստաթղթեր են` ծանուցագրեր, փաստաբանների արտոնագրեր եւ այլն: Ես թվարկեցի ոչ էական փաստաթղթերի էջերը հատոր առ հատոր: Հետեւաբար գործում եղած մնացած բոլոր նյութերը քննիչը պարտավոր էր ներկայացնել դատարանին: Գործում կան նաեւ էլեկտրական կրիչներ, որոնք գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են: Մնացած բոլոր նյութերը մեր գործի հետ բնականաբար կապ ունեն»,- հայտնեց փաստաբանը:

Դատավարության կողմերի միջեւ դատական վեճն ընթացավ ներկայացած փաստաթղթերի`քննվող դիմումների հետ առնչություն ունենալ-չունենալու հարցի շուրջ: Հ. Ալումյանը դատարանին հիշեցրեց, որ իրենք վիճարկում են դեպքի հետ կապված գործը քննող քննիչի որոշումները: Դատարանը որպեսզի եզրակացնի, թե իրենցից ով է ճիշտը, պետք է ունենա բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը, իսկ քննիչն ասում է, թե իր որոշումը հիմնավորող բոլոր նյութերը ներկայացրել է:

Քննիչ Ալեքսան Ղազարյանը շարունակում էր պնդել, որ ոչ միայն քրեական գործում առկա բոլոր ցուցմունքներն է ներկայացրել, այլեւ նույնիսկ ցուցմունք տալուց հրաժարվելու մասին արձանագրությունները: Փաստաբանը պարզել էր նաեւ, որ անգամ ցանկում թվարկած բոլոր փաստաթղթերը չէ, որ առկա են եւ որոշ փաստաթղթեր թվարկեց, այդ թվում Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքը, որը նյութերի ցանկում նշվել էր, բայց չէր ներկայացվել, ճշտելու համար` ըստ քննիչի եւ դատախազի դրանք վերաբերո՞ւմ են իր ներկայացրած բողոքին:

Փաստաբանը շեշտեց նաեւ, որ ցուցմուքները չեն կարող բավարար լինել դիմումների քննության համար ամենից առաջ այն պատճառով, որ դեպքի վայրում գտնվողները Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն են եղել կամ աշխատողները: «Քննիչից բոլոր նյութերն են պահանջվել, դեպքի վայրի երեք զննություն է եղել, դատարանը դրանցից ունի միայն երկուսը»,- ավելացրեց փաստաբանը եւ շարունակեց թվարկել մի շարք փաստաթղթեր` ֆոտոաղյուսակ դեպքի վայրից, Սուրիկ Խաչատրյանի տան խուզարկության արձանագրությունը, դեպքի վայրի զննությունը, արձանագրություններ, հեռախոսազանգերի վերծանում, զեկույցներ, որոշումներ, Ֆոտոսխեմա, ոստիկանության քննչական բաժնից ստացված նյութեր եւ այլն, ակնկալելով քննիչի ու դատախազի վերաբերմունքը` դրանք դիմումներին վերաբերո՞ղ են, թե` ոչ:

«Քննիչի կարծիքով դրանք չեն վերաբերվում բողոքին, իսկ իմ վստահորդն ասում է, որ Ս. Խաչատրյանի տնից կրակոց է եղել: Թվարկածս բոլոր նյութերը բողոքի հետ կապ ունեն: Ես ասում եմ բողոքի վերաբերյալ եւ ոչ թե բողոքը հիմնավորող: Փաստաթղթերը չներկայացնելու մի փաստարկ կա` բողոքին վերաբերո՞ւմ է կամ չի վերաբերում: Հիմնավորեք, որ թվարկված եւ մյուս նյութերը բողոքին չեն վերաբերում»,- շեշտեց փաստաբանը:

Վերջինիս հիմնավորումներից քննիչ Ա. Ղազարյանն ընկրկեց եւ ընդունեց, որ անգամ ցուցակում նշված, իբրեւ դատարանին ներկայացված փաստաթղթերից փաստացի որոշ նյութեր բացակայում են եւ մատնանշված «տեխնիկական սխալներն» ուղղելու պատրաստակամություն հայտնեց: Հ. Ալումյանի այն դիտողությանը, որ դատարանին չեն ներկայացվել փորձաքննությունների եզրակացությունները, որքան էլ զարմանալ էր, քննիչը դատարանին հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունները կողմին ներկայացվել էր, եւ ինքը դատարանին ներկայացնելու իմաստը չի տեսնում: «Իսկ ինչի՞ վրա պետք է հիմնվի դատավորը որոշում կայացնելիս»,- զարմանքով արձագանքեց Հայկ Ալումյանը:

Քննիչի այս միտքը զարգացրեց դատախազ Սամվել Հարությունյանը: «Քանի որ քրեական գործի քննությունը շարունակվում է, մենք չենք կարող ավելին ներկայացնել: Պրն Ալումյանի ներկայացրած բողոքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, իսկ ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի տնից զենքեր առգրավվելու արձանագրությանը, դրա մասին կա փորձաքննությունների եզրակացության մեջ, թե ով ինչ զենքից է կրակել»,- հայտնեց դատախազը: Վերջին միտքը միայն փաստաբանին չէր զարմացրել, նաեւ դատավորին, իսկ նա ինչպես է կայացնելու որոշումը:

Դատախազ Ս. Հարությունյանը պնդեց, որ հիմա քրեական գործ է քննվում Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, չներկայացված նյութերը բնականաբար վերաբերվում են հենց հիմա քննվող գործին, հետեւաբար ներկայացնելու դեպքում դժվարացնում են նախաքննությունը: «Ձեր որոշումներով դուք նախաքննություն եք իրականացնում Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ տվե՞լ է, թե` ոչ: Պահանջված նյութերը նախաքննական գաղտնիքի հետ առավել եւս կապ չունեն»,- հայտնեց փաստաբան Ալումյանը եւ հերթական անգամ դիմելով դատարանին խնդրեց կողմերի իրավահավասարությունն ապահովելու նպատակով պահանջել դիմումների վերաբերյալ բոլոր նյութերը:

Գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը խոսքն ուղղելով քննիչին եւ դատախազին առաջարկեց վերջնական դիրքորոշում հայտնել, որն են ներկայացնում, որը` ոչ:  «Ստացվեց, որ որոշ փաստաթղթեր ցանկացել եք ներկայացնել, բայց չեք ներկայացրել»,- ասաց նա եւ քննիչին մինչեւ հունվարի 24-ը կողմնորոշվելու ժամանակ տվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter