Չօգտվել պատշգամբից. զգուշացնում է համատիրությունը
Տիգրան Մեծ-5 շենքի բնակելի մուտքն առաջին պահից անմարդաբնակ է թվում: Բախում ենք առաջին հարկում գտնվող բնակարանների դռները: Արձագանք չկա: Երկրորդ հարկից շան հաչոց ենք լսում: Որոշում ենք թակել հենց այն բնակարանի դուռը, որտեղից լսվում է չորքոտանու ձայնը: Գրեթե միաժամանակ բացվում են դեմ-դիմաց գտնվող բնակարանների դռները: Շեմին հայտնված կանանցից տեղեկանում ենք, որ մուտքի 7 բնակարաններից միայն երկուսում են ընտանիքներ ապրում: Մանուկյան Գայանեն՝ շնիկի տիրուհին, հրավիրում է տուն, մեզ է միանում նաեւ դիմացի բնակարանի հարեւանուհին:
Տիգրան Մեծ-5 շենքը Գյումրիի նախկին Ինտերնացիոնալ, ներկայումս Տիգրան Մեծ փողոցը երիզող գեղեցիկ կառույցներից մեկն է համարվում շնորհիվ իր ճարտարապետական արտաքին լուծումների: Բնակիչների պնդմամբ, շենքն սկսել են կառուցել 1933թ.-ին եւ ավարտել 1938թ-ին: «Ձեռքի գործ է,- պարծենում է զրուցակիցներիցս Ժաննա Գալստյանն, ով արդեն 40 տարի է բնակվում է այստեղ,-սաղ կոնստրուկցիան ձեռքով է հավաքած»: Հետո կինը պարզաբանում է, թե ինչ նկատի ունի «ձեռքի գործ»՝ ասել է, թե «յուվիլերնի» գործ է արված շենքի վրա: «Տանիքը, միջնորմներն ու հատակը փայտից է, մենակ հիմնական պատերն են քարից ու շենքն էլ շատ սիրուն է դրսից,- ասում է տիկին Ժաննան,- մենակ թե էն, ինչ 5 տարում էին սարքել՝ 40 վայրկյանում կիսափուլ դարձավ»:
1988թ.-ի երկրաշարժին 50-ամյա կառույցը չէր դիմացել՝ փլվել էր մուտքերից մեկը, իսկ մյուս երեք մուտքերը դարձել էին վթարային: «2003թ.-ին, որ փլված մուտքը «Լինսի» ծրագրով պիտի վերականգնեին, մենք սաղ շենքի բնակիչներով դիմեցինք, թե մյուս վթարային հատվածներն էլ ամրացրեք, մենք պատրաստ ենք ժամանակավորապես մեր տներից դուրս գալու- պատմում է Ժաննա Գալստյանը,-բայց մեզի պատասխանեցին, թե փող չկա ըդքան: Սկզբում ուզեցինք դեմ կանգնել: Էն ժամանակ մարզպետը Փիրումյանն էր, քաղաքապետը՝ Վարդանը Ղուկասյանը, բերեցին միլիցեքով փակեցին շենքի դեմը, գործը սկսեցին, մենակ մի մուտքը սարքեցին-գնացին: Բացարձակ հաշվի չառան, թե շենքի մյուս մասը 3-րդ աստիճանի վթարային է: Ըսին, երբ փող եղավ, կսարքենք: Տաս տարի է տեր էղնող չկա, կռիշը բլել է վրեքս»:
Անցած տաս տարիների ընթացքում բնակիչների մեծ մասը լքել են իրենց բնակարանները՝ հուսալով, որ մի օր շենքն ամբողջությամբ կամրացվի եւ իրենք կվերադառնան: Գ. Մանուկյանի փոխանցմամբ, նրանց մի մասը հարազատների տանն են ապրում, մի մասն էլ՝ վարձով: Անցած տարի հունվարի 28-ին ձյան ծանրությունից շենքի տանիքի մի մասը փլվեց: Հիմա 3-րդ հարկի երկու դատարկ բնակարաններից կարելի է հիանալ կապուտակ երկնքով:
Արտուշ Մանուկյանը մեզ ուղեկցում է 3-րդ հարկ եւ հարեւանի թողած բանալիով բացում լքված բնակարանի դուռը: «Իրանք մեր վերեւի հարեւաններն են, արդեն ինչքան վախտ է ըստեղ չեն ապրի, բայց բալնիքը թողել են մեր մոտ,- բացատրում է Արտուշ Մանուկյանը,-հմի անձրեւ ու ձուն օր գուկա, էս բլած կռիշից պռյամոյ կլցվի մեր տունը: Ստիպված ցելաֆոն ենք փռել, ինչքան ծանոթ-բարեկամ ունինք տներից տաշտերը հավաքել-բերել ենք, օր մե ձեւիմ պաշտպանվինք, բայց դե մեր տան պատալոկն ու պատերն էլ են արդեն վնասվել»:
Գայանե Մանուկյանն էլ իր հերթին է դժգոհում, որ երրորդ հարկից տանիքի հողն իրենց բնակարանի առաստաղին առաջացած ճեղքերից լցվում է ներս ու տունն ինչքան մաքրում են, մաքրածը չի երեւում: «Էս խեղճ Միմիին էլ շուտ-շուտ կլողցնենք, բայց լողնալուց մի 2 ժամ հետո խեղճ շունն ինչխոր սեռի գույնի էղնի: Մե հատմ թավալ կուտա գետնին՝ արդեն կեղտոտ է»,- մատնացույց անելով շնիկին ծիծաղելով ասում է տիկին Գայանեն:
Տաս տարի է Տիգրան Մեծ 5-ի բնակիչները նամակ-դիմումներ են գրում տեղական ու մարզային իշխանություններին, երկրի նախագահին ու վարչապետին: Խնդրին ծանոթ են նաեւ անցած 10 տարիներին պաշտոնավարած քաղաքաշինության բոլոր նախարարները: Բնակիչների դիմումներին սկզբում պատասխանում էին, թե բյուջեում համապատասխան գումար չկա վթարային շենքի ամրացման համար, իսկ հիմա, որպես չմարող հույսի նշյուլ՝ ապագայում իրականացվելիք վթարային շենքերի ամրացման ծրագրերում ընդգրկելու խոստում է հնչում:
Քաղաքաշինության նախարարությունից 22.02.2013թ. ստացված պատասխանում նշված է, որ հիշյալ խնդրին հնարավոր է անդրադառնալ Շիրակի մարզպետարանի կողմից ներկայացված 2014-16թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի քննարկումների ժամանակ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից էլ տեղեկացանք, որ Գյումրի քաղաքի վթարային 88 շենքերի, այդ թվում Տիգրան Մեծ 5 շենքի ամրացման համար այս տարի որեւէ ծրագիր չկա: Կառավարությունը մտադիր է վթարային շենքերի խնդրին անդրադառնալ միայն անօթեւանների համար բնակարանային ծրագրի ավարտին:
2013թ.-ին շենքում բնակվող մի քանի ընտանիքներ, որպես այլընտրանքային տարբերակ, դիմել էին Գյումրու քաղաքապետին, որպեսզի վերջինս գումարային աջակցություն ցուցաբերի, եւ իրենք կարողանան գոնե մեկ տարի վարձով բնակվել՝ մինչեւ շենքի նորոգումը: Սակայն խնդրանքը մերժվել էր՝ բյուջեում գումար չկա պատճառաբանությամբ: «Բայց ըստեղ մնալն էլ քանի կերթա կդառնա վտանգավոր,-ասում է Արտուշ Մանուկյանը,- շենքը սկսել է քայքայվել: Թե առաջ վթարային էր, հմի վախենամ, թե ըսպես գնաց՝ դառնա քանդելու ենթակա: Մեր կողք ու բոլորն արդեն սնկեր կաճի խոնավությունից»:
Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղյակ էր խնդրին: «Ինձ համար մինչեւ հիմա անհայտ է, թե 10 տարի առաջ, երբ «Լինսի» ծրագրով մեկ մուտքը վերականգնեցին, ինչու ամբողջ շենքի ամրացման խնդիրը չլուծեցին, որ տարին տարու վրա մնաց ու ավելի բարդացել է հիմա,- ասում է քաղաքի գլխավոր ճարտարապետը,- բյուջեի միջոցներով շենքի ամրացում կատարելն անհնար է: Դրանք մեծ գումարներ են եւ պիտի պետական ծրագրով ու աջակցությամբ իրականացվի»:
Միակ կոնկրետ առաջարկը, որ մինչեւ այս պահն արվել է շենքում դեռեւս բնակվող Մանուկյաններին, եղել է համատիրությունից: Նրանց զգուշացրել են չօգտվել պատշգամբից, քանի որ այն քայքայված է եւ կա փլուզման վտանգ: «Եթե ամեն տարի գոնե մի մուտքը սարքեին, վաղուց պրծած կեղնեին մեր պրոբլեմից, բայց դե հիմիկվա դրությամբ մի հատ զգուշացում ունինք, օր բալկոնից չօգտվինք, իսկ օր կռիշը բլել է վրեքս՝ ըդիկ հեչ,- դժգոհում է Արտուշ Մանուկյանը,- ան, հմի օր գարունն էկավ, մենք էլ ստիպված կեղնինք թողնել էրթալու, հո չենք կրնա մնա էս պայմաններու»:
Լուսանկարները՝ Արսեն Վարդանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել