HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տատը երազում է, որ սեպտեմբերի 1-ը «ուշանա» (վիդեո)

9 տարեկան Եղիշե Պողոսյանը թեեւ չի գիտակցում, թե դատավորն ինչ կոչում է, սակայն կողքից լսելով՝ որոշել է իրավաբանի մասնագիտությունն ընտրել, որ դատավոր դառնա: Մասնագիտական կողմնորոշումը պատահական չէ: Նրա հայրը անազատության մեջ է, եւ Եղիշեն անձամբ է ցանկանում օգնել նրան:

Տղան ու իր 10-ամյա քույրը՝ Արեգան, ծնված օրվանից գտնվում են տատիկի խնամքի տակ: Նրանց ծնողներն ամուսնալուծվել են, երբ երեխաները 3-4 տարեկան են եղել: Տարիների ընթացքում ամուսինների միջեւ առաջացած տարաձայնությունը հանգեցրել է լուրջ կոնֆլիկտի, ինչի արդյունքում էլ երեխաների հայրը հայտնվել է անազատության մեջ: Նրա պատժաչափը լրանում է այս տարվա աշնանը եւ ընտանիքում անհամբեր սպասում են նրա վերադարձին: Ամենից շատ ոգեւորված է Եղիշեն:

«Մեծ ցանկությամբ կուզեի, որ երեխաներն իրենց ծնողների հետ ապրեին, ո՞ր մի ծնողը չի ցանկանա, որ իր երեխան, թոռները երջանիկ ապրեն: Աշխարհում ոչ մի երեխա թող առանց ծնողի չմեծանա, դա շատ վատ բան է»,- ասում է երեխաների տատը՝ Արեգնազան Թովմասյանը: Երեխաների մայրն արդեն ամուսնացել է եւ ապրում է Ռուսաստանում: Տիկին Արեգնազանի պատմելով, մինչեւ ամուսնանալը երեխաներին մեկ-մեկ ֆինանսապես օգնել է, սակայն ամուսնանալուց հետո այլեւս չի կարողանում: Թեեւ հարսի պատճառով է որդին 5 տարի գտնվել ճաղերի հետեւում, սակայն տիկին Արեգնազանը չի մեղադրում հարսին՝ ասելով, որ իր թոռների մայրն է եւ երբեք չի արգելի, որ երեխաների հետ կապ ունենա:

Եղիշեն գիտի ծնողների ամուսնալուծության պատճառը, այդ իսկ պատճառով չի ցանկանում ոչ շփվել մոր հետ, ոչ էլ նրա հետ ապրել: Փոխարենը մորը կարոտում է Արեգան եւ նրա հետ հաճախ է հեռախոսով շփվում: Մայրն արդեն մի քանի տարի է՝ աղջկան խոստանում է տանել իր մոտ: Արեգան էլ անհամբեր օրերն է հաշվում, թե երբ է մորը տեսնելու, եւ այդպես մի քանի տարի:

Տատն ու պապը երկու թոռների հետ միասին ապրում են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Մեր այցելության պահին Եղիշ պապը գնացել էր անտառից խոտ բերելու: Նրա հիմնական օգնականը ավանակն է: Տիկին Արեգնազանը առողջական խնդիրներ ունի: Չի կարողանում երկար ոտքի վրա մնալ. 5 մետր քայլում է ու շնչահեղձ լինում: Ասում է, որ սիրտ-անոթային հիվանդություն ունի, ինչի հետեւանքով արյան ճնշումն օրվա ընթացքում կտրուկ բարձրանում է: «Բայց մեռնելով էլ լինի, պիտի երեխեքին հասցնեմ իրենց նպատակին»,- հեւալով ասում է Արեգնազանը:

Արդեն 3 տարի է՝ գյուղի խանութների պարտքերի տետրում նրանց անունը չի ջնջվում: Հիմնականում սննդամթերքից են նեղվում, քանի որ ստացած 25.000 դրամ նպաստով ու Եղիշ պապի 29.000 դրամ թոշակով չեն կարողանում նվազագույն կարիքները հոգալ:

«Սիրտս պայթում ա, երեխեքը ուտելիք են ուզում, համով բաներ են ուզում, բայց փող չկա, հազիվ կարողանում ենք գոնե նրանց ցամաք հացն ապահովել: Այս ամենի մեջ բա առողջություն կմնա՞»,- ավելացնում է Արեգնազան Թովմասյանը:

Տատի ասելով՝ չի եղել մի օր, որ թոռները գոնե ցամաք հաց չունենան, սակայն դա չի նշանակում, որ թոռներին կարողանում է պահել: Երեխաներն ամիսներով միս կամ վիտամիններով հարուստ սնունդ չեն ստանում:

«Ես էլ առողջ չեմ, որ ամուսնուս օգնեմ, կարողանանք ծայրը ծայրին հասցնել: Մի օր կարողանում եմ տանը աշխատել, երեխաներով զբաղվել, մի օր չեմ կարողանում»,- նշեց տիկին Արեգնազանը: Եթե նույնիսկ սիրտ-անոթային հիվանդությունը չլիներ, ապա ակնհայտ երեւում էր, որ Արեգնազանը առողջական լուրջ խնդիր ունի: Նրա որովայնը չափից շատ մեծացած էր, սակայն չասաց, թե ինչի հետեւանք է:

Արեգնազանի ուշքն ու միտքը որդուն օր առաջ տանը տեսնելն է, որ երեխաների գլխին լինի, իսկ իր հետ ինչ լինում է՝ թող լինի, քանի որ հիվանդանոց դիմելու ու վիրահատվելու համար գումար չունեն:

Տեւական ժամանակ է՝ երեխաների համար հագուստ չեն կարողանում գնել, այդ հարցում օգնում են հարազատները՝ տրամադրելով իրենց երեխաների փոքրացած հագուստները: Եղիշեն ու Արեգան դպրոց են հաճախում եւ օրերն են հաշվում, թե երբ է գալու սեպտեմբերի 1-ը: Մինչդեռ Արեգնազան տատը «երազում» է, որ սեպտեմբերի 1-ը հնարավորինս «ուշանա». երեխաների համար հագուստ գնելու գումար չունեն:              

           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter