HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակաբար մարզային խորհրդակցություններ է անց կացնում, որի ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերը:

Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Հանդիպման ժամանակ զեկուցվեց մարզային զարգացման ծրագրի կատարման ընթացքը: Նշվեց, որ զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել  330 միջոցառում` 23 մլրդ 811 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ: Փաստացի կատարումը կազմել է 97 տոկոս: Մասնավորապես, քաղաքաշինության ոլորտում կատարվել են  շուրջ 13 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 4,8  մլրդ դրամի,  գյուղատնտեսության ոլորտում` 1,7 մլրդ  դրամի, մասնավոր հատվածի եւ ՓՄՁ զարգացման ոլորտում` 1,5 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` 1,2 մլրդ դրամի ներդրումներ:

Արձանագրվեց, որ Գյումրի, Ախուրյան քաղաքներում, ինչպես նաեւ մարզի մի շարք գյուղական համայնքներում շարունակում է առաջնահերթ մնալ երկրաշարժի հետեւանքով  անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը:

Քննարկվեց նաեւ Մարալիկի վթարային շենքի ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ  2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99%: 2012 թվականի  համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 7.7 %-ով  կամ 407.522 հազար դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.1, գույքահարկինը` 100.2 %-ով:

Փոխվարչապետը բավարար գնահատելով արդյունքները` ընդգծեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում   նա  կարեւորեց հատկապես խոշոր հարկատուների կողմից հարկային պարտավորությունների ժամանակին կատարելու հանգամանքը:  Հունվարի 10-ի դրությամբ  միայն հողի  հարկի եւ գույքահարկի մասով  խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ  կազմում է շուրջ  28,2 մլն դրամ: Փոխվարչապետը հատկապես համայնքի ղեկավարներին հորդորեց առաջին հերթին ուշադրություն դարձնել խոշոր հարկատուների կողմից պարտավորությունների կատարմանը եւ ընթացքում համապատասխան քայլեր ձեռնարկել:

Զեկուցվեց նաեւ, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը:  Ա. Գեւորգյանն առաջարկեց մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում սեղմ ժամկետներում  ավարտել իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Դրական համարելով, որ մարզում 2013թ. աշխատավարձերի գծով պարտքեր չեն կուտակվել`  նա  հորդորեց նաեւ կարգապահ լինել  աշխատավարձերի վճարումների  հարցում եւ ուշացումներ թույլ չտալ:

Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների մասին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի  119 համայնքից  54-ում, որոնցից 42 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց  առավել ակտիվ քայլեր ձեռնարկել` համակարգերի ներդրումն անհրաժեշտ համարելով բոլոր համայնքների համար:

Քննարկվեցին նաեւ  մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, ինչպես նաեւ համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: 

Տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter