Արևմտահայ գրականության նվիրյալը
1963 թ. հրատարակվեց նրա «Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը» գիրքը, որտեղ քննության են առնված հայ առաջին վիպասանուհու վեպերը, բանաստեղծական ու հրապարակախոսական ժառանգությունը, հասարակական-մանկավարժական գործունեությունը: Աշխատությունը հեղինակի թեկնածուական ատենախոսությունն էր, որը նա նվիրեց վաղամեռիկ սիրելի քրոջը` Լենային:
Ալբերտ Շարուրյանը, իր առջև խդիր դնելով Պետրոս Դուրյանի տաղերը օտար միջամտություններից մաքրելը, նրա գրական ժառանգության անհայտ էջերի և կենսագրական ու ստեղծագործական փաստերի բացահայտումը, հեղինակը հանդիսացավ մի շարք գիտական կարևոր գործերի: 1972 թ. լույս տեսած «Պետրոս Դուրյան. կյանքը և գործը» գիրքը նրա դոկտորական թեզն էր: «Սկյուտարի Սոխակը», «Պետրոս Դուրյան. Երկերի ժողովածու երկու հատորով», «Պետրոս Դուրյան. Երկեր», «Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հիշողություններում»…, այս գրքերը հեղինակի աշխատանքի արդյունքն են: Արժե նաև նշել, որ դուրյանագետը բանաստեղծի մասին ստույգ տվյալների տրամադրման և այլ նախաձեռնություններով գործնական մասնակցություն է ունեցել անատոմ-մարդաբան Անդրանիկ Ճաղարյանի` բանաստեղծի դիմաքանդակի վերականգնման աշխատանքներին, խմբագրել այդ մասին աշխատությունը:
Գրականագետն իր մոր` Հայկանուշ Շարուրյանի հիշատակին է նվիրել «Միսաք Մեծարենց» մենագրությունը, որտեղ նորահայտ փաստերի հիման վրա ուրվագծվում է բանաստեղծի կյանքի ուղին: Շարուրյանի աշխատասիրությամբ են լույս ընծայվել նաև Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Միսաք Մեծարենց. Երկեր» և «Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուները:
Ալբերտ Շարուրյանի «Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն» գրքում ներկայացվում են բանաստեղծի կենսագրական և ստեղծագործական նշանակության բազմաթիվ անհայտ փաստեր: Բանասերն է նաև խմբագրել ու ջանացել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակության համար։
«Նոր ժամանակների հայ գրողներ» Սանկտ Պետերբուրգում լույս տեսած աշխատությամբ գրականագետը Մ. Ջանփոլադյանի աշխատակցությամբ այս անգամ արդեն ռուս ընթեցողին է ներկայացրել արևմտահայ գրողներին ու նրանց թարգմանված ստեղծագործությունները:
Ալբերտ Շարուրյանի գործունեության վերջին հանգրվանը Գրիգոր Զոհրապն էր: 1996 թ. «Տոլորէս Զոհրապ Լիպմըն Հիմնադրամի» մեկենասությամբ և երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հայրական քաջալերությամբ հրատարակվում է Շարուրյանի «Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն» գիտահետազոտական ստվարածավալ աշխատությունը: Վեհափառին դեռևս Անթիլիասի Մայրավանքից էին ծանոթ Շարուրյանի աշխատությունները, իսկ 1995-ին Էջմիածնում նա արդեն ծանոթացավ նրան անձնապես: Շարուրյանը պատմում էր Վեհարանում առաջին ընդունելության ժամանակ կայացած այսպիսի մի երկխոսության մասին. Վեհափառը հարցրել էր, արդյո՞ք նա այդ օրն այցելել էր Մայր Տաճար և ստանալով դրական պատասխան, այս անգամ էլ հետաքրքրվել, աղոթք արել է, թե` ոչ: Շարուրյանը պատասխանել էր «Վեհափառ Տեր, աղոթք ասել չգիտեմ, բայց Տեր Աստծուն խնդրեցի, որ սկզբում երեխաներիս ու թոռներիս առաջնորդի, նեղության մեջ գտնվող մարդկանց հասնի, ու հետո, միայն ամենավերջում, եթե կամենա` ինձ»: «Դա ամենաճիշտ աղոթքն է»,- ասել էր Լուսահոգին:
Վեհափառի մերձակայքում գտնվողներն ասում էին, որ մեծ գրասերն ու գրքասերը մեկ անգամ չէր, որ առանձնահատուկ գնահատանքի էր արժանացնում Շարուրյան գրականագետին ու մտավորականին, հանդիպումների ընթացքում առանձնակի ջերմությամբ գրկախառնվում նրա հետ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանում է լույս տեսնում նաև «Գրիգոր Զոհրապ. Էջեր ուղևորի մը օրագրեն» գիրքը: 1994 թվականին Ալբերտ Շարուրյանի «Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից» մենագրությունն արժանանում է Համազգայինի մրցանակին և 2000 թ. տպագրվում Բեյրութում: Երբ Ալբերտ Շարուրյանը ձեռնամուխ եղավ Գրիգոր Զոհրապի երկերի լիակատար ժողովածուի ստեղծմանը, քչերն էին հավատում, որ այն կարող է գերազանցել մեկ-երկու հատորը: Եվ ահա, 2001-2004 թթ. տպագրվեց Գրիգոր Զոհրապի երկերի վեցհատորյա ժողովածուն, որի շուրջ 3500 էջերը ներկայացնում է շատ քիչ ծանոթ մեկ այլ Զոհրապին, նրա ամբողջական դեմքն ու գործունեությունը, այսինքն՝ ազգային և պետական գործչին, մտավորականին, գրականագետին ամուսնուն, ծնողին, ազնիվ մարդուն, անշահախնդիր բարեկամին…
Շարուրյանի հաջորդ և ամենավերջին արժեքավոր աշխատությունը` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով 2006 թ. լույս տեսած «Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում ևվկայություններում» ժողովածուն է: Շարուրյանը ղեկավարել է թեկնածուական թեզեր, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտոնական ընդդիմախոս։ Ալբերտ Շարուրյանը հեղինակ է նաև այլ աշխատությունների, թարգմանությունների, հանրապետության և արտերկրի գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։ Նա համագործակցում էր առանց բացառության աշխարհասփյուռ բոլոր մշակութային, հոգևոր հաստատությունների հետ, իսկ ազգային գրադարանը, արխիվն ու Մատենադարանը իրավամբ կարելի էր նրա երկրորդ տունը համարել:
«Լուսավոր մարդը Երևանից» խորագիրն է կրում լրագրող, հրապարակախոս Սերգեյ Բաբլումյանի Մոսկվայում հրատարակած «Հեռու և մոտ» գրքի` Շարուրյանի մասին հոդվածը, որտեղ նա գրում է. «Ալբերտ Շարուրյանը լինելով Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր և հայ գրականության գիտակ, հիշվում է նաև մի բանով, առանց որի էլ կարող են լինել թեցանկացած գիտությունների դոկտոր կամ պրոֆեսոր, և թե որքան ուզես` դասավանդել համալսարաններում: Ալբերտ Շարուրյանը հիշվում է իր առաքինությամբ: Քիչ էր մնում ասեի` գերագույն առաքինությամբ, բայց…առաքինությունը միջակություն չի ընդունում: Այն կամ կա կամ չկա, այսպիսին է նրա բնույթը: …Անցյալ դարի իննսունականների սկիզբը առանձնահատուկ էր նաև այն բանով, որ պրոֆեսորների հետ կարելի էր ծանոթանալ հացի հերթերում, որտեղ բոլորը հավասար են, բայց` ոչ նման միմյանց: Զարմանալիորեն Վիլյամ Սարոյան հիշեցնող Շարուրյանի արտասովոր մարդ լինելն արտահայտվում էր նաև այստեղ, ուրհանապազորյա հացի համար հավաքի այս սահմանափակ միջավայրում, ասես ոչնչից ու հանկարծ, ստեղծվում էր մեկ-մեկու զիջելու, միմյանց փոխադարձ հասկանալու բարեկամոք մթնոլորտ: Սկզբում կարծում էի,որ պատճառը միայն այդ թաղամասում Շարուրյանին ճանաչելուց էր. Հանրապետության և Թումանյան փողոցների խաչմերուկում մեկ տասնամյակ չէ, որ ապրել էր նա, ուր նրան իրոք բոլորը գիտեին: Բայց արի ուտես, որ հացի չափաբաժնի հետևից ընկնելով հանդերձ, մենք բոլորս էինք հաճախ անցնում թաղամաս հասկացողության ու հերթում մեզ հասանելիք տարածքների սահմանագծերից անդին: Երևի պատճառն այն է,որ առաքինությունը ինքնաբուխ է, հարատև … և ցկյանս…»:
Շարուրյանը առանձնակի հավակնություններ չուներ հօգուտ սեփական անձի, ապրում էր համեստ կյանքով: Նա իր արժեքային համակարգն ուներ և անտարբեր էր պաշտոնների (վերջին շրջանում նաև ակադեմիկոս դառնալու առաջարկի) նկատմամբ: Փոխարենը, ասես իր ներսից հորդող անտեսանելի ճառագայթներով լուսավորում և իմաստավորում էր շրջապատի մարդկանց կյանքը` այդպիսով սեպվում նրանցհիշողության մեջ: Կարելի էր ժամերով վայելել նրա զրույցները, որովհետև դրանք կյանքը ճիշտ ապրած մարդու ազնվագույն խրատներ էին… Շարուրյանը այն սակավաթիվ մտավորականներից էր, ում դասախոսությունները ունկնդրելու էին գալիս նաև այլ կրթօջախների ուսանողներ, քանի որ այդ ընթացքում նրանք ստանում էին ոչ միայն գիտական տեղեկատվությունների ներհոսք, այլև` ջերմություն և սեր:
Ինչ-որ նախախնամությամբ Շարուրյանն իր կյանքի ընթացքում` դասընկերոջ, համակուրսեցու, գործընկերոջ, պարզապես ընկերոջ, ուսանողի կամ էլ այլ կարգավիճակով հանդիպել և շփվել է մեզ բոլորիս շատ լավ հայտնի անձանց հետ, որոնք իրենց հետքն են թողել և թողնում ազգային, մշակույթի, գիտության բնագավառներում, մասնակցել և մասնակցում մեր գրվող պատմությանը: Նրանց անունները, թերևս, չարժեայստեղ թվարկել, բայց ես հավատում եմ, որ Ալբերտ Շարուրյանն իր լուսավորությունից ամեն մեկին լույսի մեկական, թեկուզ և փոքր բաժին է կարողացել բաժանել, ինչի շնորհիվ այդ մարդկանց գործերը դարձել ենավելի բարի կամ էլ` պակաս չար: Արդեն յոթ տարի է, ինչ Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը մեզ հետ չէ:
Ապրելով 76 տարի՝ նա վախճանվեց 2007 թ. հունվարի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում` հետվիրահատական շրջանում չորս օր շարունակ սարքավորումներով հարկադիր կյանքը երկարացնելուց հետո: Բժիշկները զարմացել էին նրա օրգանիզմի այդչափ բարձր դիմադրողականության վրա: «Շատ է ուզում ապրել»,- ասել էր նրանցից մեկը:
…Այո, նա շատ էր ուզում ապրել, բայց ոչ այն պատճառով, որ մահից էր վախենում. պարզապես չէր ուզում իր մահով տապալել իր մի զավակի արդեն նախապատրաստված հեռավոր այցելությունը մյուսին: Շարուրյանի աճյունի մոտ շատ էին շրջապատից արցունքները թաքցնել ջանացող հին ու նոր ուսանողներ: Նրա ուսանողը լինելու բախտ է ունեցել նաև այս տողերի հեղինակը, ով իր պարտքն է համարելնաև Շարուրյանի ընտանիքից ստացված հավելյալ տեղեկատվությունների և լուսանկարների օգնությամբ ձեռնամուխ լինել սույն հոդվածի ստեղծմանը: Շարուրյանը երջանիկ մարդ էր. նա փառք էր տալիս Աստծուն, որ ունի լավ ընտանիք և սիրելի աշխատանք: «Մարդուն երջանիկ լինելու համար այս երկուսն են պետք»,- ասում էր նա: Միակ բանը, որ ցանկանում էր և այդպես էլ չիրականացավ, իր բոլոր թոռներին միաժամանակ հանդիպելն էր, ինչը անհնարին էր դառնում ավագ դստեր` արտերկրում բնակվելու հետևանքով: Հետագայում, նրա մահից հետո այդ ցանկությունն ի կատար ածվեց արհեստական եղանակով. ուշադիր նայելով կարելի է նկատել, որ Շարուրյանների տանը դրված լուսանկարում ավագ թոռան պատկերն ավելացված է: Հավանաբար մի օր կիրականանա Շարուրյանի երազանքը նաև բնական եղանակով, և երբ նրա բոլոր թոռներն ու ծոռները մի գեղեցիկ օր իրար գլուխ կհավաքվեն` նա արդեն երկնքից այցի կգա նրանց:
Արամ Ելահյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել